Ընթերցանություն
Գլխավոր> Գալստյան կիրակի

Գալստյան կիրակի

Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի»: Այս անունը մեզ պատմում է Քրիստոսի առաջին գալստյան մասին՝ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, և ապա հայտնում Տիրոջ Երկրորդ գալստյան լուրը՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավոր:

 Ինչպես նախկին հինգ կիրակիները, այդպես էլ վեցերորդ կիրակին նույն շղթայի մասն է կազմում, որը վեցօրյա արարչության և վեց դարերի կատարյալ տիպն է :

ՏԻՐՈՋ ԳԱԼՈՒՍՏԸ

 Տիրոջ առաջին գալուստը շնորհի ու ողորմության համար էր, որը եղավ ծածուկ, հեզությամբ ու խոնարհությամբ, առանց ոտնաձայների՝ ինչպես անձրևը գեղմի վրա, իսկ երկրորդը՝ արդարության ու տանջանքների, որը լինելու է բացահայտ՝ Հոր փառքով, լուսեղեն ամպով, հրեղեն կառքով, չորեքկերպյան աթոռով ու բարկությամբ՝ ըստ այս խոսքի. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջև հուր պիտի բորբոքվի, և Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. Խթ 3): Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (տե՜ս Գ. Թագ ԺԹ 12), իսկ երկրորդը լինելու է խստաշունչ հողմով, որը լեռներ է քանդելու և վեմեր խորտակելու:

 Տիրոջ Երկրորդ գալստյան օրն անհայտ է մարդկանց՝ ըստ այս խոսքի. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՜չ երկնքի հրեշտակները և ո՜չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. ԻԴ 36): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակը հայտնի էր Սուրբ Գրքից՝ ըստ այս խոսքի. «Երուսաղեմի շինվելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ, որպեսզի վերաշինվեն հրապարակներն ու պարիսպները և նորոգվեն ժամանակները: Վաթսուներկու յոթնյակից հետո կվերանա օծումը, արդարություն չի լինի նրա մեջ» (Դան. Թ 25-26): Սակայն մարդիկ ծուլության պատճառով չկարողացան դա իմանալ՝ ըստ այս խոսքի. «Քո այցելության ժամանակը չճանաչեցիր» (Ղուկ. ԺԹ 44): Եվ երբ Քրիստոս եկավ, Նրան չընդունեցին, այլ նախատեցին ու սպանեցին: Այս պատճառով Երկրորդ գալստյան ժամանակը թաքցրեց մարդկանցից, որպեսզի հանկարծակի հասնի նրանց վրա:

 Մինչ Քրիստոսի Երկրորդ գալուստը պիտի գա նեռը, թլփատվելով պիտի պահի Մովսեսի օրենքն ու խաբի մարդկանց՝ ասելով, թե ինքն է Քրիստոս, և հրեաները նրան պիտի հավատան: Իսկ ովքեր նրան չհավատան, նրանց տանջամահ պիտի անի: Ապա Քրիստոս Իր գալստյամբ սատկեցնելու է այդ գազանին:

 Տիրոջ գալստյամբ պիտի բացվի երկինքը, որից պիտի սասանվեն ու հալվեն լեռները, ինչպես մոմը կրակից (տե՜ս Եսայի ԿԴ 1): «Արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը պիտի չտա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն» (Մատթ. ԻԴ 29): Երկնքի զորությունները և անմահների բյուրավոր բանակները պիտի շարժվեն, քանզի Թագավորը շարժվեց, և մեծ պիտի լինի Նրա բարկությունը: Երկինքը շառաչյունով պիտի անցնի ու չքանա, հրով կիզված տարրերը պիտի լուծվեն, և երկիրն ու ամեն գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի դառնան (տե՜ս Բ. Պետ Գ 10): Իսկ Եսային ասում է. «Երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, և կլինեն նոր երկինք և նոր երկիր» (Եսայի ԼԴ 4): Ապա պիտի գան հրեղեն կառքերը, որոնց մեջ պիտի լինի Տերը (տե՜ս Սաղմ. ԿԷ 18): Նրա շուրջ լինելու են մրրիկ, որոտ ու երկնային զորքերի բարբառ: Նրա առջևից լափող կրակն է գնալու, իսկ ետևից՝ բորբոքված բոցը (տե՜ս Հովել Բ 3):

 Ավետարանում ասված է. «Որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ ԻԴ 27): Ինչպես փայլակն է ահեղ զորությամբ հայտնվում, այդպես էլ մեր Տերը պիտի հայտնվի մեծ զորությամբ ու բազում փառքով: Ինչպես փայլակը որոտմամբ է հայտնվում, այդպես էլ Տերը պիտի գա փողի ձայնով, և ինչպես փայլակի լույսը հալածում է խավարը, այդպես էլ Տիրոջ լույսը պիտի հալածի մեղքերի խավարը: Ինչպես նախ փայլակն ենք տեսնում և ապա լսում նրա ձայնը, այդպես էլ Տիրոջ գալստյամբ՝ նախ խաչը պիտի երևա և ապա Տերը պիտի հայտնվի:

 Նախքան Դատաստանը մեծ ու սաստիկ հուր է լինելու, այն սփռվելու է ամբողջ աշխարհի վրա, ջրերի նման տարածվելով՝ ծածկելու է լեռները, ինչպես եղավ ջրհեղեղի ժամանակ, և այրելով մաքրելու է ողջ աշխարհն աղտեղություններից՝ ըստ այս խոսքի. «Նրա առջևից հուր պիտի ընթանա՝ այրելով Իր շուրջ եղող թշնամիներին» (Սաղմ. ՂԶ 3):

 Աթոռները պիտի դրվեն, և Հինավուրցն այնտեղ պիտի նստի (տե՜ս Դան. Է 9-10), Նրա առջևից հոսելու է կրակե հորդ մի գետ, և Նրան շրջապատելու են բյուրավոր հրեշտակներ: Հինավուրցն անսկիզբ Հայրն է, Ով հնացնում է օրերն ու ժամանակները: Նա պիտի նստի ատյանում, և պիտի բացվեն գրքերը, որտեղ աշխարհի մեղքերն  են գրված: Կրակե գետը Հինավուրցի սրտմտությունն է, քանզի կրակով է դատելու աշխարհը: Այս գետը գումարվել է աշխարհի սկզբից մինչև վախճանը կուտակված մեղքերի կաթիլներից: Այսօր Աստծու և Գառան աթոռից ելնում է ողորմության ու շնորհի գետը՝ մեղքերի լվացման, հոգու զվարթության և ուրախության համար՝ ըստ այս խոսքի. «Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև սառնորակ Կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից» (Հայտ ԻԲ 1): Սակայն վերջին օրը ողորմության գետի փոխարեն լինելու է արդարության հրեղեն գետը, որից դժոխքի լիճն է գոյանալու: Ապա երկնքի ամպերի միջից գալու է Մարդու Որդին, Ում տրվելու են իշխանություն ու պատիվ: Սա այն է, ինչի մասին ասաց Տերը. «Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն, որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը» (Հով. Ե 22):

 Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու Իր սրբերին: Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով՝ հավաքելու Նրա ընտրյալներին աշխարհի չորս կողմերից: Ննջածների հոգիները, Նրան նախընթաց լինելով, արծվի նման սլանալով, պիտի հասնեն իրենց մարմիններին և ապա պիտի վեր թռչեն դեպի ամպը՝ ընդառաջ գնալով Քրիստոսին:

 Քրիստոսի գալստյամբ բոլոր մարդիկ փողի ձայնով դատաստանի են կանչվելու և հավաքվելու այնտեղ, ուր խաչվեց Տերը: Ապա Քրիստոս Դատավորը նստելու է ատյանում՝ հարցաքննելու յուրաքանչյուրին: Բացվելու են գրքերը, որից բացվելու են մեր աչքերը՝ ճանաչելու չարն ու բարին, և մենք պատասխան պիտի տանք մեր գործերի, խոսքերի ու խորհուրդների համար: Եվ այստեղ պիտի երևա Դատավորի նրբատեսությունը, քանզի Նապետք է ցույց տա անգամ այնպիսիների մեղքերը, որոնց մենք արդար էինք կարծում: Եթե միայն Տիրոջ փառքի ծագումից հովիվները երկյուղեցին (տե՜ս Ղուկ. Բ 9), իսկ մի հրեշտակի իջնելը գերեզմանի վրա ահաբեկեց պահապաններին (տե՜ս Մատթ.  ԻԸ 4), ապա որքան առավել կահաբեկվեն մեղավորները, երբ փառքերի Տերն Իր զորքերով մեր աչքի առջև երևա՝ դատելու մեզ:

 Քրիստոսի գալուստը դատաստանի համար երկու կերպ է լինում: Առաջինը՝ երբ գալիս է յուրաքանչյուր մարդու մահվան օրը՝ առանձնական դատաստանի համար, իսկ երկրորդը՝ երբ գալիս է վերջին օրը համընդհանուր դատաստանի համար: Առաջինի համար ասում է. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ Ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. ԺԴ. 2): Իսկ վերջին օրը Քրիստոսի գալուստը նմանեցվում է փայլակի ճայթյունին: «Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, և այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30): Այստեղ Մարդու Որդու նշանը խաչն է: Ինչպես համբարձման ժամանակ ասվեց. «Ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք. Ա 9), այդպես էլ Երկրորդ գալստյան ժամանակ ամպով է գալու Տերը:

 Տերունական Խաչը երևալով գնալու է ու կանգնելու Երուսաղեմում, ուր Տերը խաչվեց, և բոլոր արարածները, Խաչին հետևելով, գնալու են Երուսաղեմ: Ապա հնչելու են փողերը, դրվելու են աթոռները, որից հետո գալու են հրեշտակները և Խաչի առջև են ժողովելու Ադամի սերնդին: Գալու են սուրբ մարգարեները՝ հրեղեն կառքերով, ապա՝ առաքյալները և բաժանելու են հավատացյալներին անհավատներից, իսկ հրեշտակները պատրաստելու են մեղավորների տանջանքի տեղը: Սրանից հետո լինելու է Սուրբ Երրորդության գալուստը: Հրեշտակները, մարգարեները և առաքյալները Նրան ընդառաջ են ելնելու, և Սուրբ Երրորդությունն իջնելու է Երուսաղեմում, ուր սկսվելու է անաչառ դատաստանը: Հայրն իջնելու է տաճարում, Որդին՝ Գողգոթայի վրա, իսկ Սուրբ հոգին՝ Վերնատանը:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Նյութը՝ ter-hambardzum կայքից

Դիտվել է 162
2017.04.02
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.