Ընթերցանություն
Գլխավոր> Հիսուս Քրիստոսի Խաչելությունն ու թաղումը. Ավագ Ուրբաթ

Հիսուս Քրիստոսի Խաչելությունն ու թաղումը. Ավագ Ուրբաթ

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցին մարդաշատ էր նաև Ավագ Ուրբաթ օրվա հիշատակության արարողություններին,  որ սկսվել էր դեռևս   Ավագ Հինգշաբթի երեկոյան` Խավարման կարգով:

Ավագ Ուրբաթ օրը Քրիստոսի խաչելության և թաղման հիշատակությունները տեղի ունեցան: Մեր Փրկիչը, հանձն առնելով մի շարք չարչարանքներ, խաչը հանվեց մեր` մեղավորներիս փրկության համար: Նա խաչը բարձրացավ և Իր արյունը հեղեց, որպեսզի մենք  փրկություն ունենանք: Մեղավորներս փրկվեցինք Փրկչի տված արյան գնով: 

Մահվանից հետո Քրիստոս դրվեց վիմափոր գերեզմանի մեջ:   Խաչելության կարգից ու երեկոյան ժամերգությունից հետո` ի հիշատակ թաղման, եկեղեցուց դուրս է հանվում խորհրդանշական ծաղկեհյուս գերեզմանը` ի տես բոլոր հավատացյալների, որ Տերն իրապես  մահացել է: Ինչպես Պետրոս առաքյալի առաջին թղթում է ասվում. «Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար,
 մի արդար` անարդարների համար, որպեսզի մեր Աստծուն մոտեցնի. Թեև նա մարնով մեռավ, հոգին, սակայն նրան կենդանի պահեց, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին»: 
Խորհրդանշական է, որ Հիսուսի Խաչվելը,  ըստ սրբազան ավանդությունների ու մեկնությունների, կատարվել է Գողգոթայի ա՛յն տեղում, որտեղ թաղված է եղել Ադամը, այսինքն` խաչելությամբ Փրկիչը հանձն առավ քավել մեզանից ադամական մեղքը, որով և ծնվում ենք ամենքս: Այս խաչելությունը հաշտեցում է Աստծո հետ, մեր փրկության խորհրդանիշ, որը պարտավորեցնում է յուրաքանչյուր քրիստոնյայի ապրել աստվածահաճո կյանքով, որովհետև յուրաքանչյուր մեղքով մենք կրկին  խաչ ենք հանում մեր Փրկչին:    

Ավագ Ուրբաթին հաջորդում է Դժոխքի ավերման խորհուրդը,  քանի որ Տերն իրապես մահացավ, բայց հոգով իջավ և ավերեց դժոխքը, և ով որ հավատաց` Քրիստոսի հետ դժոխքից փրկվեց: Ավագ Շաբաթ օրվա այս հիշատակությամբ կատարվում է Ճրագալույցի պատարագը և տրվում Տիրոջ հարության ավետիսը: Իսկ արդեն Հարության կիրակի օրը կատարվում է Սուրբ Պատարագ: Հարություն, որով մահն այլևս մեր վրա իշխանություն չունի: 

                                                                                                               Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 552
2017.04.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.