Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն > Բանավեճ-քննարկում.դիակիզո՞ւմ, թե՞ թաղում

Բանավեճ-քննարկում.դիակիզո՞ւմ, թե՞ թաղում

Իրական քրիստոնիայի համար որևէ իրողություն, որ առնչվում է իր կյանքին և կենցաղավարությանը, պետք է հիմնավորվի քրիստոնեական ճշմարիտ սկզբունքներով: Յուրաքանչյուր քայլ պետք է կշռադատվի քրիստոնեության կատարյալ և ճշմարիտ նժարներով:

Քրիստոնեական սկզբունքների և հոգևոր ոլորտին վերաբերվող տարատեսակ հարցերի մասին խոսելու և դրանց պատասխանները գտնելու համար ամեն շաբաթ օր Ս. Երրորդությու եկեղեցու դահլիճում տեղի են ունենում բանավեճեր-քննարկումներ: Բանավիճող կողմերը երիտասարդաց միության անդամներն են, ովքեր որևէ հարցի շուրջ հանդես են գալիս դե և կողմ դիրքորոշուներից: Բանավեճը սկսում է ֆիլմի կամ փոքրիկ հոլովակի դիտումով՝ թեմայի շուրջ, իսկ հանդիպման վերջում թեման ամփոփում է հոգևորականը:

Այս շաբաթ բանավեճի թեման դիակիզումն էր: Արդյո՞ք ճիշտ է մահացած մարդու մարմինը այրելը և իչպե՞ս է այդ հարցին վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին, այս հարցերի շուրջ բանավիճող կողմերից մեկը եկեղեցու երիտասարդաց միության անդամ Մոնիկա Ներսիսյանն էր, մյուսը Գևորգ դպիր Բաղդասարյանը:

Առաջին դիակիզարանը կառուցվել է Միլանում՝ 1876 թվականին։ ԽՍՀՄ-ում դիակիզում թույլատրվել է 1918 թվականի դեկտեմբերի 7-ի դեկրետի համաձայն։ Այս մեթոդը հնուց կիրառվում է այն երկրներում, ուր տարածված են բուդդայականությունը և հինդուիզմը (Ճապոնիա, Հնդկաստան և Հարավ Արևելյան Ասիայի երկրներ), իսկ 20-րդ դարի 1920-1930-ական թվականներին՝ նաև այլ երկրներում։

Հայ Առաքելական եկեղեցու կարծիքը դիակիզման վերաբերյալ

 

«Երբ Կայենը սպանեց Աբելին,Ադամը չգիտեր, թե ի՞նչ աներ, ինչպե՞ս վարվեր Աբելի անշնչացած մարմնի հետ… և այդժամ Աստված երկու ագռավ ուղարկեց Ադամի մոտ, նրանք երկար կռվեցին և նրանցից մեկը սատկեց: Մյուս ագռավը տեսնելով, թե դիմացինն անշարժ է, հողը փորեց, ագռավին դրեց մեջը և հողով ծածկեց… Ադամը տեսնելով այս՝ հասկացավ Աստծո պատգամը և այդպես էլ թաղեց իր որդի Կայենին »:

Դեռ հին կտակարանում ենք տեսնում, որ կրակի կամ մարդկային մարմնի այրման մասին նկարագրությունները հիմնականում կապվում են պատժի հետ: Այն Աստծո և մարդու հարաբերության մեջ է, այսինքն` Աստված որոշ դեպքերում մարդուն կամ մարդկությանը պատժում է կրակի միջոցով: Եզեկիելի մարգարեության մեջ նշված է. «Քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին մի երկրում, որ դու չգիտես, Քանզի իմ բարկությունից կրակ է վառվում, որ բորբոքվելու է ձեզ վրա»: Վառ օրինակ է Ծննդոց գրքում պատմվող Սոդոմի և Գոմորի պատմությունը. «Տերը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրա»: Նավեի որդի Հեսուի գրքում նշվում է. «Եվ ով որ մեղադրվի նզովվածը գողանալու մեջ, թող հրով այրվի ինքը, իր ամբողջ տունը և այն ամենը, ինչ որ նա ունի, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անիրավություն է արել Իսրայելի մեջ»:

Վաղ միջնադարում շատ են եղել դեպքեր, երբ թաղումներն ուղեկցվել են վայրաբարո լաց ու կոծով, հագուստները պատառոտելով, որը շատ անգամ հասնում էր ինքնախեղման և ինքնասպանության: Եկեղեցական հայրերն այդ ամենը համարելով ոչ քրիստոնեավայել արարքներ, փորձել են վերացնել մահացածների վրա կատարվող լաց ու կոծը, որպեսզի թաղման ծեսին հաղորդեն գոհաբանական, հանդիսավոր ձև, որը համեմատական ոչ մի եզր չուներ ինքնամոռացության հասնող ողբի տեսարանների հետ:  Վաղ քրիստոնեական շրջանում թաղման կազմակերպման գործը մահացածի հարազատների հոգսը լինելուց հետզհետե դադարում է և դառնում ողջ քրիստոնյա համայնքի հոգսը: Չորրորդ դարում թաղման ծեսի հիմնական բաղադրամասերն էին` սաղմոսերգությունը, հիմներգությունը, ննջեցյալի համար բարեխոսական աղոթքը և գերեզմանի օրհնության կարգը: Այդ մասին Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատության մեջ, նկարագրվում է Սբ. Սահակ Հայապետի մահը և թաղումը. «… մեծաթիվ մարդկանց, եպիսկոպոսների ու քահանաների, սարկավագների ու դպիրների հետ, սաղմոսներ, օրհնություններ ու հոգևոր երգեր երգելով` բերեցին Տարոն գավառի Հաշտիշատ գյուղը և ամեն պատիվ տալով` Աստծո սուրբ մարդու մարմինը մարտիրոսական մատուռում տեղավորեցին և քրիստոսաշեն կնիքով կնքեցին»:

Ընդունելով հոգու անմահության և հանդերձյալ կյանքի առկայությունը, պարզ է, որ բավականաչափ ուշադրություն և կարևորություն պետք է տանք մարդու մահվանից հետո եկեղեցական ծեսով հուղարկավորությանը, սակայն առանց հուսահատության, հանգուցյալի հոգու համար աղոթելով, և չմոռանալով, որ ի տարբերություն մնացյալի, քրիստոնյան ունի հարության հույս, որ Քրիստոսի օրինակով բոլոր նրան հավատացողները պետք է հարություն առնեն:

 

Սուրբ Գիրքը, Սրբազան ավանդությունը, և եկեղեցու Սուրբ հայրերը մեզ ավանդել են թաղման տարբերակը, որն ըստ Աստծո խոսքի` «Հող էիր, և հող կդառնաս»(Ծննդ 3:19): Հող է ասում, այլ ոչ թե` մոխիր:

 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 135
2017.06.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.