Ընթերցանություն

Էֆթանազիա

Առաջինը «էֆթանազիա» տերմինը օգտագործել է անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը 16–րդ դարում՝ «լավ մահ» իմաստով։ «Հռչակագիր էֆթանազիայի մասին» փաստաթղթում՝ էֆթանազիա ասելով հասկացվում է ցանկացած գործողություն կամ ընդհակառակը՝ անգործություն, որն իր էությամբ կամ դիտավորությամբ հանգեցնում է մահվան: Այսինքն՝ իր ուղղակի նշանակությամբ, էֆթանազիան բժշկի օգնությամբ կանխամտածված սպանությունն է:

Հունիսի 10-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ հերթական բանավեճ-քննարկումը: Այս անգամ քննարկման թեման էֆթանազիան էր՝ «լավ մահ» կամ տանջանք:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քհն. Մուրադյանի խոսքով քննարկուկմները տեղի են ունենում երտասարդների խնդրանքով, որի արդյունքում բոլորը ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները:

Յուրաքանչյուր անգամ բանավիճող կողմերը երիտասարդաց միության անդամներն են, ովքեր որևէ հարցի շուրջ հանդես են գալիս դեմ և կողմ դիրքորոշուներից: Բանավեճը սկսում է ֆիլմի կամ փոքրիկ հոլովակի դիտումով՝ թեմայի շուրջ, իսկ հանդիպման վերջում թեման ամփոփում է հոգևորականը:

Էֆթանազիայի թեման ներկայացնում էր` Հովհաննես սրկ. Մանուկյանը։ Կյանքի և մահվան իրավունք.

Կյանքի և մահվան իրավունքները հանդիսանում են երկու միմյանց հետ փոխկապակցված ասպեկտներ: Այս փոխկապակցվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք կախված են մեկը մյուսից, եթե համարենք, որ մահը իրենից ներկայացնում է կյանքի բացակայություն և հակառակը։

Անդրադառնանք էֆթանազիայի օրենսդրական կարգավորմանը և տեսնենք` արդյո՞ք այն թույլատրվում է Հայաստանում: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով: Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Թեև օրենքը արգելում է էվթանազիան, սակայն չի սահմանում, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված դրա համար: Ենթադրվում է, որ անձը նման արարքի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, սակայն ՀՀ քրեական օրենսգիրքը  նման  հանցակազմ չի պարունակում:

 

Էֆթանազիան քրիստոնեական տեսանկյունից.

Էֆթանազիան ոչ միայն օրենքի, այլև հոգևոր տեսանկյունից է ոչ ընդունելի արարք, քանզի կյանքն անձին տրվում է ի վերուստ, և միայն Արարչին է տրված որոշելու յուրաքանչյուրիս կյանքի և մահվան օրը, ժամն ու եղանակը: Սակայն, մեր օրերում մարդը հաճախ է խառնվում Աստծո գործերին և փորձում է ստանձնել իրավունքեր և պարտականություններ, որոնք ի սկզբանե իրենը չեն եղել:

Էֆթանազիան ինքնասպանության «համեստ» անվանումն է, և բոլորս գիտենք, որ ըստ Ավետարանի, ինքնասպանությունը համարվում է ամենասարսափելի մեղ­քերից մեկը, և յուրաքանչյուրս մեզ համար պետք է անենք հետեւյալ հետեւությունը. ինքնասպանությունը լինելով մահ­վան ինքնակամ ընտրություն, պետք է որ լինի կյանք պարգեւողի`Աստծո եւ նրա օրենքների դեմ: Ինքնասպանության ամենա­հայտնի փաստը, որ առկա է քրիստոնեության պատմության մեջ, դա Հուդայի ինքնաս­պանությունն էր, ով ծախվեց մի քանի ար­ծաթի համար, այսինքն` չճանաչեց Աստ­ծուն եւ աստվածային օրենքները:

Ազատությունը որպես գերագույն պարգև շնորհված է մարդուն Աստծո կողմից, որն այսօրվա պայմաններում շատերը օգտագործում են իրենց սեփական մեղսալի ցանկությունները, հաճույքները, քմահաճույքները կատարելու միջոց. և անգամ այնպիսի կարևոր խնդիրների պարագայում, ինչպիսին մարդու կյանքի և մահվան խնդիրն է: Յուրաքանչյուր մարդ ազատ է, սակայն դա չի նշանակում, որ կարելի է անել այն, ինչ իրեն հաճելի է: Ազատ գործելու հետ մեկտեղ գոյություն ունի բարոյական պատասխանատվության խնդիր՝ պատասխանատվություն նրա առաջ, ով տվել է մարդուն այդ ազատությունը: Այսինքն մեր ցանկացած արարքին պետք է հետևի դրա պատասխանատվության զգացումը։

Էֆթանազիայի պաշտպանների մեծ մասը այն հիմնավորում է հիվանդի տառապանքին, ցավերին չդիմանալու, և նրան այդ ամենից ազատելու իրենց ունեցած մեծ «առաքելությամբ», սակայն խնդիրը տառապանքի խորքային իմաստն ընկալելու մեջ է, ե թե որտեղից և ինչու է այդ ցավը, տառապանքը, փորձությունը  մուտք գործել այդ մարդու կյանք։ Տառապանքը ի սկզբանե մարդկային մեղսագործության բնական արդյունք է: Տառապանքը մտավ մարդու կյանք այն պահից սկսած, երբ մարդը մեղք գործեց Աստծո դեմ: Տառապանքը բացահատում է մարդկային կյանքի խոր իմաստը ու հասկացնել է տալիս մարդուն, որ ինքը չէ իր կյանքի տերը, ինքը չէ աշխարհի տերը: Մարդն այսօրվա տեխնիկապես հագեցած ժամանակաշրջանում իրեն Աստված է զգում, կարծում է, թե կարող է գերազանցել Աստծո արարչագործությունը: Այդ տատապանքը մարդուն առաջնորդում է հավատքի, սիրո, հոգևորի ուժի: Այդ տառապանքը հաղթահարելու իմաստն այն է, որ այն հնարավորություն է, ոչ թե պատիժ՝ գիտակցելու սեփական մեղքը ու այդ տառապանքի միջոցով մաքրել այդ մեղքը։

Մեղքի դիմաց մարդուն տառապանք է տրվում, բայց միշտ չէ, որ պատրաստ ենք լինում մաքրել մեր մեղքը տառապանքի միջոցով: Յուրաքանչյուր հիվանդ, քրիստոնյա մարդ պետք է ունենա այն գիտակցությունը, որ մեղքի միջոցով տառապանքը մտավ ու հենց տառապանքի միջոցով է մաքրվում մարդկային մեղքը: Այսօրվա բժիշկները զինված են հարուստ գիտելիքներով, տեխնիկան կատարելագործվել է, բայց մարդկային հիվանդությունները ոչ թե պակասում են, այլ ավելանում, ինչը նշանակում է, որ մարդկության սխալ ընթացքն այս երկրագնդի վրա խորանում է, արդյունքում՝ բազմազան, բազմաբնույթ են դառնում մարդկային հիվադությունները: Քրիստոնեությունը մարդկային այս հիվանդությունների մեծ մասը պայմանավորում է մարդու անբնական ընթացքի հետ:

 

                            Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 135
2017.06.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.