Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> ԵՐԴՎԵԼՈՒ ՉԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԵՐԴՎԵԼՈՒ ՉԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հույժ չար են չարի սովորությունները ամեն տեղ,բայց առավել չար ախտ ու անօրեն սովորություն են երդումները. (սատանան) ախտի սովորությամբ այնքան է հիմարացնում, մինչև ընտելացած սովորությամբ չարիքներն իսկ այլևս չարիք չեն երևում: Ինչպես որ այժմ տեսնում ենք, որ սատանան շատերին սովորեցրեց անօրեն երդումները, և ոչ ոք իր սրտում չի վախենում այդ անօրեն մեղքը գործել: Թեև Հին Օրենքում ասաց, թե` «Միայն քո Տեր Աստծով երդվիր» (Բ. Օր. 6:13), բայց (դրանով) ոչ թե երդվելու հրաման հաստատեց, այլ կամեցավ նրանց տղայական միտքը հեռացնել կուռքերի անուններով երդվելուց:

 Քանի որ նրանք միանգամից բոլոր կատարելություններն ընդունել չէին կարող, նրանց ընտելացնում էր, ինչպես ընտելացնում են անվարժ ավանակներին: Եթե ասեր` ամենևին մի երդվեք, թերևս չէին էլ երդվի, այլ (ասաց). «Եթե երդվելու լինես, քո Տեր Աստծով երդվիր»: Իսկ Նորում Քրիստոս պատվիրեց կատարելության [հասցնող] բոլոր հրամանները և ամբողջովին հանեց սատանայական երդումները: «Եվ Մովսեսն ասում է` սուտ մի երդվիր, իսկ ես ասում եմ` ամենևին մի երդվիր. ոչ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ոչ երկրի վրա, որովհետև Նրա ոտքերի պատվանդանն է, և ոչ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սև կամ սպիտակ դարձնել» (տե՛ս Մատթ. 5: 33-36): Եվ արդ, տես նոր պատվիրանի առավելությունը:

 Մովսեսն ասաց. «Սուտ մի երդվիր», իսկ Ես ասում եմ` ամենևին մի երդվիր. ոչ սուտ և ոչ արդար, որովհետև երդումը երբեք արդար չի լինում, այլ սատանայից է: Քանզի Ինքը` Քրիստոս ասաց, թե. «Այն, ինչ ավելի է այոյից ու ոչից, սատանայից է» (տես Մատթ. 5: 37): Արդ, եթե չի հրամայում երդվել Աստծու աթոռով, ապա քանի գեհենի և ահեղ հրի կմատնվեն նրանք, ովքեր Աստծով են երդվում: Եվ եթե չի հրամայում (Աստծու ոտքերի) պատվանդանով երդվել, ապա որ խավարի մեջ պիտի գնա նա, ով Նրա խաչով ու չարչարանքներով է երդվում: Եվ եթե չի հրամայում (քո իսկ) գլխով երդվել, ուրեմն հայտնի է, որ քո իսկ գլխի իշխանը դու չես, այլ Նա է, Ով սպիտակեցնում է, և եթե քո իսկ գլխի իշխանը չես, ապա որքան առավել ընկերոջդ:

 Իսկ ինչպիսի տանջանքներով պիտի դատապարտվեն նրանք, ովքեր երդվում են մարգարեներովառաքյալներով ու մարտիրոսներով: Եվ եթե չի հրամայում երդվել Երուսաղեմով, ուրեմն հայտնի է, որ նաև նրա սուրբ բնակիչներով. և եթե երկնքով երդվել չի հրամայում, հայտնի է, որ (չի հրամայում) նաև երկնավորով (երդվել): Արդ, ո՞ւր է արդար երդումը, երբ ասում է, թե` ամենևին մի՛ երդվիր. ոչ Աստծով, ոչ երկնքով, ոչ երկրով և ոչ նրանցում եղած որևէ բանով. (հմմտ. Մատթ. 5:34-36), ամբողջովին արգելեց և վերացրեց երդվելու սատանայական սովորությունը:

 Իսկ ի՞նչ (անել): «Թող ձեր այոն այո լինի, ոչը` ոչ. սրանից ավելին` երդումը, սատանայից է» (Մատթ. 5: 37): Արդ, ո՞ւր է արդար երդումը, երբ ասում է, թէ` «Եթե մեկը «այո»-յից ու «ոչ»-ից ավելին է ասում, չարից է» (Մատթ. 5: 37): Եվ արդ, եթե մեկն ասի, թե երդումն արդար է, հայտնի է, որ սատանային է արդարացնում: Քրիստոս սատանայի ծնունդ է ասում բոլոր երդումները, բացի այն երդումից, որն Ինքը հրամայեց, թե` «այո»-ն` այո, և «ոչ»-ը ոչ լինի…

Աղբյուր՝http://ter-hambardzum.net

Դիտվել է 99
2017.07.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.