Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> «Սուրբ վեղարով» վանքը հոգատար ուխտավորների կարիք ունի

«Սուրբ վեղարով» վանքը հոգատար ուխտավորների կարիք ունի

Հուլիսի 29-ի կիրակնօրյա այգաբացին Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները Տեր Եսայի քհն. Արթենյանի նախաձեռնությամբ ուղևորվեցին դեպի Տավուշի մարզի Սրվեղի վանք: Երկար ճանապարհից հետո Այգեհովիտ գյուղից երևաց բարձրադիր վանքը: Ուխտավորները ոտքով ճանապարհ ընկան` հաղթահարելուանտառի միջով 4 կմ-անոց բարձունքը: Ամառվա շոգին անողորկ ճանապարhը հաղթահարելիս ուխտավորներին օգնում էին աղոթքներն ու հոգևոր երգերը: ՍԵԵՄ անդամ Լիլիթի համար այս ուխտագնացությունն առանձնահատուկ էր հենց սրանով. «Ֆիզիկական դժվարությունների միջով անցնելով` փորձում էի արժանանալ Աստծո ներմանը: Աննկարագրելի էր այն զգացումը, երբ բավականաչափ բարձրանալուց հետո անսպասելիորեն մեզ դիմավորեց Սրվեղի եկեղեցին, մի տեսակ հրաշքի պես էր»:
Դժվարին վերելքով ճանապարհից հետո սաղարթախիտ ծառերի արանքից երևացող եկեղեցու գմբեթը մի տեսակ խորհրդանշական էր թվում, չնայած, որ եկեղեցին խոնարհված է, չգործող: Հսկայական համալիրից մնացել է Սուրբ Վեղար եկեղեցին և հարակից մի փոքրիկ մատուռ: Մինչեռ 12-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը բաղկացած է եղել Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խցերից ու ձիթհանքից: Այսօր խոնահրված վանքը մի շարք խնդիրներ ունի. նախքան եկեղեցի մտնելը ուխտավորները ստիպված եղան կիսաքանդ եկեղեցում ապաստանած կովերին ու ցուլերին հեռացնել սրբավայրից: Նկատեցին, որ կիսավեր վանքի պատերը փորագրված էին նաև սիրո խոստովանություններով, որոնք, իմիջիայլոց, ոչ թե թուրքերեն, այլ հայատառ էին: Քահանայի հետ միասին ուխտավորները սկսեցին մաքրել սրբավայրում կուտակված գոմաղբը: Մաքրման աշխատանքներից հետո եկեղեցում մատուցվեց ժամերգություն, որ կարծես թե արթնացրեց խոնարհված սրբավայրը: Բարձրաձայն աղոթքների ու շարականների շնորհիվ եկեղեցին վերածնվել էր:
Ժամերգությունից հետո ուխտավորները ճաշեցին և վայելեցին եկեղեցին շրջապատած կանաչապատ անտառի հարստությունը, որի խաղաղությունն ու հոգևոր ներդաշնակությունը դեռ երկար ժամանակ կուղղորդի ՍԵԵՄ ուխտավորներին դեպի հոգևոր կատարելություն:

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

 

Դիտվել է 5701
2012.07.30
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.