Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Աղանդավորությունը որպես հոգեմտավոր ՁԻԱՀ

Աղանդավորությունը որպես հոգեմտավոր ՁԻԱՀ

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ աղանդավորների մուտքը Հայաստան նման է ամենակործան վիրուսի ներթափանցման: Այն հատկապես տարածում գտավ 1988-ից ի վեր, երբ երկրաշարժից ու ղարաբաղյան պատերազմից մազապուրծ գաղթականներին բաժանվող արտասահմանյան օգնության հետ միաժամանակ բաժանվեց մի թունավոր ու զորավոր խայծ` հոգեւոր խաղաղության ու բարեպաշտության անվան տակ: Հազարավոր կարիքավորների, հարազատների կորստից հոգեկան հավասարակշռությունը կորցրած սգավորներին գրկաբաց ընդունեցին տարատեսակ աղանդավորական քայքայիչ կազմակերպությունները: Վերջիններս իհարկե, մեր գեղեցիկ աչքերի համար չէին եկել, այլ արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկը գաղափարական կայուն հենք եւ քաղաքական կամք ունեցող հասարակությունից «մաքրելու»` աշխարհաքաղաքական խաղերի համար: Թե որքանով է դա նրանց հաջողվում, համոզվել կարելի է այցելելով բացեիբաց գործող աղանդավորական ժողովատեղիներ, ինչպես Երեւանի ծայրամասերում, այնպես էլ մարզերում: Այնտեղ կգտնեք սեւեռուն մտքերի հոգեխախտ եղած, տարօրինակ վարք ու բարքով ուշադրություն գրավող ամբոխներ, որոնց մեծ մասը սովորել է կիսավայրենի ծիսական վայրենություններին ու քարոզիչներին: Հանուն արդարության պետք է նշենք, որ վերջիններս տիրապետում են հոգեբանական ազդեցության մեխանիզմներին, որոնց շնորհիվ դահլիճներ են լցնում, ուր ոչ միայն աղոթում են, այլեւ թասերով ու դույլերով դրամահավաքություն կազմակերպում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:
Մի կողմ թողնելով մարդկանց հոգիների բիզնեսով եւ խեղված տրամաբանության գնով «համեր» ու «սուզուկի» քշող «բարեպաշտներին» ու նրանց պետական հովանավորներին, անդրադառնանք զոհերին: Որեւէ մեկը չգիտե հոգեորսությամբ կրոնական կազմակերպություններում հայտնված մարդկանց ու նրանց երեխաների ստույգ թիվը: Ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի կարող ներկայացնել կոնկրետ օրինակներ ու դեպքեր, երբ մարդը կրոնական կազմակերպության լիդերների ազդեցության տակ գտնվելով, նրանց է հանձնում իր ունեցվածքը: Աղանդավորներն այդ մասին ոչ մտածում են, ոչ էլ հարկ են համարում տեղյակ պահել անգամ հարազատներին: Նշանակո՞ւմ է սա արդոք, որ մարդիկ զոմբիացվում են հենց պետական թողտվությամբ, քանի որ հատկապես քայքայիչ աղանդների մուտքն ու օրենքով նրանց գործունեության ամրագրումը Հայաստանում ներկայիս ու անցյալ իշխանական համակարգերի թեթեւ ձեռքով եղավ: «Եհովականներն ու այլ տարատեսակ աղանդները մարդու ուղեղն են անջատում: Վերջերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սբ. խորանի վրա հարձակման դեպքը եւս ապացույց է, որ պետությունն իր իսկ ձեռքով նմանատիպ կազմակերպությունների մուտքը Հայաստան օրինականացրեց, առանց մտածելու պատճառված եւ դեռ պատճառվելիք չարիքների մասին: Մինչդեռ հայտնի է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր երկիրն անկարող է պատժել կամ կանխարգելել այս եւ նման կարգի խուլիգանությունները, զգուշանալով, որ կհամարվի ոտնձգություն խուլիգանությունը կատարողի կրոնական համոզմունքների դեմ», մեր հարցով մեկնաբանություններ տվեց Սբ. Էջմիածնի վարչատնտեսական գործերի կառավարիչ Փառեն եպս. Ավետիքյանը, որ շուրջ 35 տարիների հովվության փորձ ունի ԱՄՆ-ի Արեւելյան թեմում: Մեկ այլ բարձրաստիճան հոգեւորական` Մայր աթոռի լուսարարապետ, Մայր աթոռի վանքերի տեսուչ Արարատ եպս. Գալթաղչյանը նշում է. «Հոգեւորականն ու եկեղեցին բնույթով ներողամիտ են, սակայն դա չի նշանակում, որ կանխամտածված վնասարարությունը, սրբապղծությունը կամ բարբարոսությունը պետք է անպատիժ մնան: Քրեական հայցի հարուցմամբ, թե մարդու հետ զրույցի ու հորդորի արդյունքում, ընտրության հարց է, բայց արձագանք նման արարքին անհրաժեշտ է, որպեսզի չկրկնվի: Իսկ մոլությունն ընդհանրապես մեղք է, անկախ այն բանիցՙ կրոնական է, թե ոչ: Բռնի քարոզումը, որ այդքան ընդունված է աղանդավորների մեջ, ինքնին մեղք է, քանի որ կաշկանդում է մարդու ազատությունը, բռնանում է նրա կամքին», ասում է Արարատ սրբազանը:
«Կրոնախեւությունը, կրոնական ծայրահեղականությունը բերում են կրոնամոլության», ասես սրբազանի միտքն է շարունակում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ղուկաս աբեղա Զաքարյանը: Նա խոսում է մանկական հոգեորսությունից ու բռնությունից, որին հատկապես ենթարկվում են դպրոցահասակ երեխաները: «Աղանդավորների կրոնամոլությունը բացահայտվում է հենց առաջինը իրենց ընտանիքի անդամների վրա, որոնց եթե անգամ չեն կարողանում հոգեորսության ծուղակը գցել, ինչպես իրենք են ընկել, ապա բռնության են ենթարկում, երեխաներին ստիպում են չշփվել իրենց հասակակիցների հետ, չեն թողնում մասնակցել հանդեսների, ծննդյան տոնակատարությունների ու այլ տոնախմբությունների, որոշ դեպքերում արգելում են նստել հայ եկեղեցու պատմության դասերին, ծեծում են, կամ ամուսնալուծությամբ քանդում ընտանիքը, իսկ որոշ դեպքերում սպանում են մերձավորներին: Դեպքեր կան, որոնց նաեւ ԶԼՄ-ներն են անդրադառնում», ասում է հայր սուրբը: Նա անդրադառնում է մոլության մեկ այլ ձեւի եւս. «Մոլությունը շեղվածություն է ընդհանրացված մոտեցումներից: Դրա օրինակներից է վրաց քաղաքականությունը հայ եկեղեցիների նկատմամբ, երբ դրանց վրայից սրբվում են հայկական տառերը: Սա արդեն ոչ միայն մոլություն է, այլեւ հանցագործություն պատմության եւ մշակույթի հանդեպ: Նմանօրինակ արարք են նաեւ Նախջեւանում Հին Ջուղայի դեպքերը»:
Կրոնախեւությունն ու կրոնական մտասեւեռումները հոգեբանական խախտումներ են, որոնց քաջատեղյակ են հոգեբանները: Այս երեւույթների կոնկրետ օրինակների համար նրանք մատնացույց են անում յուրաքանչյուր տոտալիտար աղանդի ներկայացուցչի, զգուշացնելով, որ աղանդավորությունը հոգեբանական անպաշտպան մարդկանց համար վարակիչ հիվանդության նման մի բան է, որ, ի տարբերություն ՁԻԱՀ-ի, կարող է տարածվել անգամ «օդակաթիլային» ճանապարհով, այսինքն` պարբերաբար կրկնվող խոսակցությունների դեպքում: Այս երեւույթի մասին գիտեն երկրի քաղաքացիների եւ պետական անվտանգության համար պատասխանատուները: Բայց նրանք դեռ չեն էլ համարձակվում մտածել հատկապես մարզերում մոլեգնող այդ հոգեմտավոր վարակի դեմն առնելու մասին: Գալով Հայաստանյայց առաքելական եկեղեցուն եւ նրա սպասավորներին, եւս մեկ անգամ ցավով փաստում ենք` հոգեւորականները ցավալիորեն սակավաթիվ են, շատ փոքրաթիվ աղանդավորական հազարավոր քարոզիչների համեմատությամբ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 13-07-2007
 

Դիտվել է 9348
2012.02.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.