Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Աղանդը` աղանդի մասին

Աղանդը` աղանդի մասին

Մեր կյանքում արդեն ոչ մեկին չես զարմացնի անհեթեթություններով, հատկապես, երբ աղանդը բնորոշում է «աղանդ» տերմինը: Սա միայն անհեթեթություն չէ, այլ` շարունակական մի փորձ մարդկանց թյուրիմացության մեջ գցելու: Քրիստոսի եկեղեցին մեկ է, այն պարզ պատճառով, որ Քրիստոս էլ Մեկ է, Ճշմարտությունը մեկն է: Ու հանկարծ վերջերս ծնվում են աղանդներ, ասենք` «կյանքի խոսքը», որը մերժելով էլեկցիոնիզմը հայտարարում է, թե իրենք ընդունում են, որ կան այլ «եկեղեցիներ», որոնք նույնպես ճշմարտության կրողներ են: «Աղանդների ճնշող մեծամասնության վարդապետությանը ներհատուկ է նաեւ էլեկցիոնիզմը՝ այն պնդումը, որ բազմաթիվ կրոնական հարանվանությունների  թվում հենց տվյալ կազմակերպությունն է ընտրված Աստծո կողմից եւ միայն նա է հանդիսանում “Աստծո ժողովուրդը”: Մյուս բոլոր մարդիկ (տվյալ կրոնական խմբի անդամ չհանդիսացողները) իբրեւ թե դատապարտված են հավիտենական կորստի»,- ասված է իրենց դիրքորոշման մեջ, տես` հղումը: Թեև այդ կրոնական կազմակերպությունները, որքան էլ նման են իրար, սակայն էապես տարբերվում են «կյանքի խոսքից». օրինակ` հոգեգալստականներ, ադվենտիստներ, մկրտչականներ և այլն: Մի առիթով, երբ զրուցում էի կյանքի խոսքի հավատացյալի հետ, լսեցի այսպիսի տեսակետ, թե ինչո՞ւ պետք է մեկ եկեղեցի լինի, ինչպես կան տարբեր համալսարաններ և մարդն ինքն է ընտրում, թե որ համալսարանը գնա, նույնպես պետք է տարբեր եկեղեցիներ լինեն և հավատացյալն ինքը որոշի, թե որ եկեղեցուն հարի: Սա արդեն աղանդակերպ մտածում է, քանի որ մարդկանց համար տարբերություն չկա եկեղեցու և համլսարանի միջև: Գալով «կյանքի խոսք»ի ձևակերպմանը, թե ովքեր են աղանդ, ապա «կյանքի խոսքն» իր ֆեյսբուքյան կայքում գրում է. «աղանդի առաջին կրոնական հատկանիշը քրիստոնեական վարդապետության հիմնարար դրույթների ժխտումը կամ աղավաղումն է: Հետազոտողների մեծամասնությունը հակված է նրան, որ դավանաբանական տեսանկյունից կեղծ-քրիստոնեական աղանդ պետք է համարել այն կրոնական խումբը, որն ամբողջությամբ կամ մասնակի ժխտում է Նիկիո հավատո հանգանակը: Այն ընդունվել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովում եւ վերջնական տեսքի բերվել 381 թվականի Կ.Պոլսի տիեզերաժողովում: Սրանից ելնելով՝ Եհովայի վկաներին, օրինակ, հիմնավոր կերպով կարելի է համարել աղանդ (նրանք ժխտում են Քրիստոսի աստվածությունը, Սուրբ Հոգու Անձը, Նիկիո հանգանակը): (Նիկիո հանգանակ): Նիկիական հանգանակում, որը «կյանքի խոսքի» և ոչ մի պաշտոնական կայքում, կամ հրատարակության մեջ չկա, գրված է. «…Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության…»:  Դատեք ինքներդ. որտե՞ղ է «կյանքի խոսք» աղանդի միությունը, երբ իրենց «բիզնես» նպատակների համար կարող են անընդհատ «դուստր ձեռնարկություններ» ծնել, մյուս կողմից էլ համագործակցել հոգեգալստականների հետ, որոնք աչքի են ընկնում իրենց ծայրահեղ բարոյականությամբ (այնինչ իրենց` «կյանքի խոսքի» ձևակերպմամբ` «Աղանդների կրոնական ուսմունքներին բնորոշ են ծայրահեղությունները բարոյականության հարցերում», այս դեպքում հոգեգալստականներն էլ աղանդ են, քանի որ հոգեգալստականներն աչքի են ընկնում իրենց ծայրահեղ մոտեցումներով. կանայք անպայման գլխաշոր պիտի կրեն, երկար զգեստ հագնեն, չշպարվեն, պարելն արգելված է): Համագործակցում են նաև ավետարանականների հետ, ովքեր չունեն էքստազիկ վիճակում լեզուներով բարբաջելու աղանդավորական սովորույթը և հաճախ էլ քննադատում են «կյանքի խոսքին» նման հակաավետարանական երևույթի համար: Նիկիայի հանգանաը հայտարարում է. «…Հավատում ենք… առաքելական եկեղեցու…»:     Ո՞րտեղ է «կյանքի խոսքի» առաքելականությունը, այդ ո՞ր առաքյալն է հիմնել իրենց եկեղեցին: Ոչ միայն կապ չունեն առաքյալների հետ, այլև առաքյալներին համարում են «անհաջող կադրեր»` Քրիստոսի սուրբ առաքյալներին կոչելով «աբադոգով սրբեր» (նկատի ունեն լուսեպսակը): Ընդունում են երեք մկրտություն` ջրի, հոգու, կրակի, այնինչ Նիկիական հանգանաը ասում է. «Հավատում ենք մեկ մկրտությանը»: Շարունակենք. նույն տեղում, «կյանքի խոսքի» ձևակերպմամբ` «աղանդի հետեւորդների հաղորդակցության շրջանակը սահմանափակվում է բացառապես տվյալ կրոնական խմբի անդամներով: Մյուս մարդկանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ շփումները համարվում են անցանկալի»: Հայ Եկեղեցու հետևորդ երիտասարդը ցանկանում է ամուսնանալ մի աղջկա հետ, ով հետո պարզվում է «կյանքի խոսք» աղանդից է, և պայման է դրվում, եթե կգաս մեր աղանդ, ապա կամուսնանաք: Մի՞թե սա մերձավորի հետ շփման սահմանափակում չէ… Մեկ այլ տեսակետ, որին «դավանում» է «կյանքի խոսքը». «աղանդի հատկանիշներից մեկն է առաջնորդի կամ հիմնադրի անձի պաշտամունքը: Այս պարագայում անվերապահ հնազանդությունը կրոնական առաջնորդին հանդիսանում է աղանդի բոլոր անդամների գլխավոր պարտականությունը»: Նայեք իրենց ֆեյսբուքյան էջը ու ինքներդ կհամոզվեք, թե ինչ պաշտանմունքի է հասել իրենց հիմնադիր` ինքնակոչ հովիվ Արթուրի պաշտանմունը և Հռոմի Պապից առավել Արթուրի անսխալականության տեսությունը: Աղանդի ձևակերպման հաջորդ հատկանիշն ըստ «կյանքի խոսքի»` կրոնական առաջնորդների կողմից աղանդի անդամների նկատմամբ խիստ վերահսկողությունն է: Աղանդի անդամների կյանքը, կենցաղը եւ վարքը հույժ կանոնակարգված են: Ինքնուրույն մտածողության յուրաքանչյուր դրսեւորում կասեցվում է: Դժվար չէ պարզել, որ «կյանքի խոսք» աղանդում էլ առկա է այս իրողությունը, երբ յուրաքանչյուր անձ վերահսկվում է: Մանավանդ, երբ իրենց հավատացյալը հասնում է աղքատության և իրենց խոստացած բարեկեցությունը չի լինում, հիասթափվում է և հեռանում: Սակայն նրանք ամենուր հետևում են, հոգեբանական ճնշում գործադրելով փորձում ետ բերել դեպի աղանդ: Հաճախ վախեցնելով. «եթե չգաս պաշտանմունքներին ու տասանորդ չտաս, ապա զավակդ կմեռնի»: Հետևաբար ի՞նչ կապ ունի «կյանքի խոսքը» Նիկիայի հանգանակի հետ, ոչ մի, ուրեմն աղանդ է, ըստ իրենց տրամաբանության: 

Տ. Եսայի քհն Արթենյան
 

Դիտվել է 1478
2012.08.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.