Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Աղթալայի Սուրբ Պատարագը շարունակվում է մեր հոգիներում

Աղթալայի Սուրբ Պատարագը շարունակվում է մեր հոգիներում

2010թ.-ի սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամ էր: Հարազատ դարձած Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից մոտ 50 ուխտավոր, Ս.Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եսայի քհն. Արթենյանի հետ ճանապարհ ընկան: Ուխտագնացություն էր դեպի Ախթալայի վանական համալիր, ապա` Հաղպատի վանք: Քարքարոտ, վտանգավոր ու երկար ճանապարհը կարճ ու հաճելի թվաց, քանի որ լցված էր աղոթքներով, շարականներով ու մեծ ոգևորությամբ:
Ախթալայում ուխտավորներին դիմավորեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը, ում պատարագի ներքո էլ աղթքներն ամբողջական ու լիարժեք դարձան: Պատարագի ազնիվ հնչյունները, միաձուլվելով ուխտավորների աղոթքներին, եկեղեցու կիսավեր որմնապատկերների խորհրդավորությանը, ներդաշնակություն էին ստեղծել: Ամենուր Աստծո շունչն ու զորությունն էր:
Պատարագն ավարտվեց, բայց յուրաքանչյուրի հոգում այն դեռ շարունակվում էր: Տեր Վիգենը մեր տպավորությունները հարստացրեց X դարի վանական համալիրի և Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությանը ծանոթացնելով: Մեզ զարմացրել էր ոչ միայն պատերազմներից ու ավերումներից փրկված եկեղեցու պատմությունը, այլև նրա հոյակերտ նկարազարդ պատերը, սրբերի դիմապատկերներով որմնանկարները, Ս. Խորանի գմբեթարդին մանուկ Հիսուսին գրկած Ս. Մարիամ Աստվածածնի պատկերը, որի վերին հատվածը թշնամու գնդակից վնասված էր:
Ժամանակն արագ էր անցնում և, մենք, հրաժեշտ տալով Տեր Վիգենին, կախարդական բնության գրկում թաքնված խորհրդավոր վանական համալիրին, մեր ուխտը շարունակեցինք դեպի Հաղպատ: Այնտեղ աղոթքներից ու գեղատեսիլ տեղանքում զբոսնելուց հետո իջանք Դեբետ գետի ափ` ճաշելու:
<<Այս ուխտագնացությունը սովորական չէր. բացի այն, որ շրջապատված էի հարազատ մարդկանցով, ջերմ միջավայրում էի, նաև կարողացա մենակ մնալ մտքերիս հետ, զրուցել ինքս ինձ հետ, Աստծո հետ>>,- ասում է Անահիտ Վարոսյանը:
Երբ վերադարձանք արդեն ուշ երեկո էր: Չնայած հոգնածությանը` բոլորիս հոգիները թեթևացած էին, քանի որ հանդիպել էինք Աստծուն, զրուցել էին Նրա հետ, զորացել Սրբավայրերից: Յուրաքանչյուրս մեզ հետ վերցրել էինք քաղաքի ու հոգու աղմուկը հանդարտեցնող Աղթալայի Սուրբ Պատարագի մաքուր ու պարզ հնչյունները:

Լուսինե Մխիթարյան
ՍԵԵՄ լրագրության խմբակի անդամ
 

Դիտվել է 7291
2012.01.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.