Ընթերցանություն
Գլխավոր>Ինչպե՞ս> Մատաղ անել

Մատաղ անել

Մատաղը ողորմություն է, որը նախատեսված է աղքատներին ու կարոտյալներին բաժանելու համար:
«Ով պատվում է Աստծուն, նա ողորմում է աղքատին» Առակ. 14:31
«Եղեք գթասիրտ, ինչպես որ գթասիրտ է ձեր երկնավոր Հայրը» Ղուկ. 6:36
«Երանի նրան, որ խնամում է աղքատին, որովհետև դատաստանի օրը Տերը կփրկի նրան անսահման չարից» Առակ 14:21-22
«Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց»: Հակ. 2:13
Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի կանոնում գրված է, որ սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայոց ամբողջական դարձից հետո սահմանեց, որ անբան կենդանիներին, կուռքերին զոհեր մատուցելու փոխարեն, որպես ողորմություն բաժանեն աղքատներին:
Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը նշում է, որ սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից սկսած՝ մատաղ էին անում Տիրոջ Հարության Տոնին, Տերունական և Սրբոց տոներին, ննջեցյալների հիշատակի համար և որպես հոգեհաց բաժանում կարոտյալներին:
Ըստ Գրիգոր Տաթևացու ,մատաղ նշանակում է «աղ մատուցել»:
Հաճախ անտեղյակ մարդկանց կողմից մատաղն այսօր նույնացվում է հին կտակարանյան զոհաբերության հետ, որը ճիշտ չէ: Այս զոհերն ընդունելի էին մինչև Աստծու Գառի՝ Հիսուս Քրիստոսի, խաչի վրա պատարագվելը: Քրիստոսի զոհաբերությունից հետո կենդանիների զոհաբերությունները քրիստոնեության մեջ այլևս մերժելի են, ինչպես արեգակի ծագումից հետո ճրագի լույսը: Ուստի ակնհայտ է, որ մատաղը զոհաբերություն համարողը մերժում է Քրիստոսի արյամբ մեղքերից ազատագրվելը՝ փրկագործության խորհուրդը: Մատաղը մեղքերի թողության համար չէ, այլ ողորմության դրսևորման մի կերպ` հանուն աղքատների:
Մատաղի արարողակարգի համաձայն՝ քահանան, սաղմոսներ և աղոթքներ կարդալով, խաչով օրհնում է աղը, որը տալիս են կենդանուն ուտելու, որպեսզի այն սրբվի աստվածային անեծքից (Ծնն.3)՝ վերստանա առաջին օրհնությունը (Ծնն. 1:22), ապա մորթում են, եփում և բաժանում աղքատներին ու կարիքավորներին: Մատաղի համար կենդանին եկեղեցի չի կարելի տանել: Օրհնվում է միայն աղը:
Աղը մաքրության և անապականության օրինակ է, ինչպես Քրիստոս իր աշակերտներին է ասում. «Դուք եք երկրի աղը» Մատթ. 5:13:
Մատաղն առաջին հերթին բարեգործություն է, ողորմության ու գթասրտության պտուղ և ոչ թե խնջույքի կամ գինարբուքի առիթ:
«Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին և ոչ էլ քո հարուստ հարևաններին…, այլ կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարենը քեզ կհատուցվի արդարների հարության օրը» Ղուկ. 14:12-14:
Այսօր ոմանք անգիտաբար մատաղացու անասունի արյունը քսում են իրենց ճակատներին, որն ըստ սուրբ Ներսես Շնորհալու՝ արգելված է, որովհետև մեր բոլոր զգայարանները Քրիստոսի արյամբ օծվեցին, և Մկրտության ժամանակ սուրբ Մյուռոնի կնիքն ստանալով մեր ճակատին՝ կարիքը չունենք այլ կնիքների և Վերջին դատաստանին այս կնիքով է, որ ճանաչվելու ենք (Հայտ. 9:4):
Մեծ պահքի շրջանին և պահոց օրերին մատաղ չեն անում:

Դիտվել է 5419
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.