Ընթերցանություն
Գլխավոր>Ինչպե՞ս> Հաղորդվել

Հաղորդվել

«Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և Իր Անձը մատնեց մեզ համար` որպես անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն»(Եփես.Ե 1-2):
Հաղորդության խորհուրդը Հիսուս Քրիստոս հաստատեց Վերջին ընթրիքի ժամանակ, այդ պատճառով էլ այն հաճախ կոչում ենք նաև Խորհրդավոր: Տասներկու առաքյալների հետ զատկական սեղան նստած՝ Հիսուս վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առե'ք, կերե'ք, այս է Իմ մարմինը»:
Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:
Այնուհետև պատվիրեց. «Այս արե'ք իմ հիշատակի համար» (Մատթ. ԻԶ 26-29, Ղուկ. ԻԲ 19):
Այսինքն՝ Հաղորդության խորհուրդը Հիսուսի ինքնազոհաբերման, պատարագման խորհուրդն է: Եվ Ս. Պատարագի արարողության բուն առանցքը Հաղորդության խորհուրդն է, որի ժամանակ Հիսուս Քրիստոս՝ Անմահ Գառը, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Ս. Սեղանի վրա՝ բաշխելով մեզ Իր սուրբ Մարմինն ու սուրբ Արյունը, որով քավություն և թողություն է տրվում մեր մեղքերին: Այդ պատճառով էլ Ս. Հաղորդության խորհուրդը կոչվում է նաև անարյուն Պատարագ:
Հաղորդվել նշանակում է հաղորդակցության մեջ դնել արարածին՝ Արարչի հետ, մեղավորին՝ Քավչարարի հետ, փրկվածին՝ Փրկչի հետ: Այս խորհրդով կենսական կապ է ստեղծվում քրիստոնյայի և Քրիստոսի միջև:
Հաղորդվողները, Ս. Պատարագի ժամին ճաշակելով Տիրոջ Մարմինն ու Արյունը, խորհդաբար միանում են ոչ միայն Աստծուն, այլև իրար, և այդպիսով կազմում են Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին: Ս. Հաղորդության խորհուրդը Եկեղեցու բոլոր անդամներին մեկտեղում է եղբայրական սիրո և խաղաղության կապով:
Այդ պատճառով էլ առանց այս խորհրդի Եկեղեցին չի կարող ապրել, քրիստոնյան չի կարող դառնալ ժառանգորդ Երկնքի Արքայության, հետևաբար չի կարող հավիտենական կյանք ունենալ. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհ. Զ 54-57):
Խորհրդի սպասավորն օծյալ հոգևորականն է, իսկ արդյունքը՝ հաղորդվողի շնորհների բազմացումը և ամենօրյա մեղքերի քավությունը: Այս կապակցությամբ Ս. Հովհաննես Մանդակունի հայրապետն ասում է. «Նրանք, ովքեր հավատով և երկյուղածությամբ են մոտենում Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով և առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում»:
Ուրեմն շատ կարևոր է, որ մեծագույն հավատով մոտենանք այս Սուրբ խորհրդին:
Խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է և խաղողի անապական գինին:
Ս. Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում խորհուրդը: «Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին՝ հաց ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Հացն ու գինին խորհրդավոր կերպով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի ու Արյան են փոխակերպվում Ս. Պատարագի ընթացքում՝ Սրբագործման պահին: Հացի ու գինու արտաքին հատկանիշները մնում են նույնը, իսկ ներքին էությունը փոխակերպվում է Քրիստոսի Մարմնի ու Արյան: Մեր Եկեղեցում հացն ու գինին օրհնում են առանձին-առանձին և այնուհետև ճաշակելիս միավորում:
Քրիստոնյայի կյանքի իմաստը Աստծու հետ հաղորդակցության մեջ է: Այս մտածումով է, որ մենք պետք է մոտենանք Հաղորդության սուրբ խորհրդին:

Հաղորդություն ստանալու համար անհրաժեշտ է.
1. Պետք է լինել մկրտված, եթե անձը մկրտված չէ իրավունք չունի հաղորդություն ստանալու:
2. Ս. Հաղորդության մոտենալ մեծ հավատքով և ինքնաքննությամբ՝ խորհելով սեփական մեղքերի մասին:
3. Պետք է զղջալ և ցավ ապրել գործած մեղքերի համար, ապաշխարել:
4. Պետք է մասնակցել Խոստովանության կարգին, որը տեղի է ունենում Ս. Պատարագի ժամանակ: Խոստովանել մեղքերը Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Խոստովանության կարգի ժամանակ պետք է ծնկի իջնել և աղոթքով ու զղջումով հետևել ընթերցվող մեղքերի ցուցակին` ամեն անգամ քահանայի հետ կրկնելով «Մեղայ Աստուծոյ» արտահայտությունը: Առանց խոստովանության չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին:
5. Պետք է ծոմ պահել, այսինքն Հաղորդություն ընդունելու օրը, հաղորդությունից առաջ արգելվում է որևէ բան ուտել կամ խմել: Ծոմապահությունը պետք է սկսել Ս. Պատարագի օրվան նախորդող երեկոյից, կամ Ս. Պատարագի օրվա առավոտից: Եթե ինչ որ բան կերել կամ խմել ենք, ապա չի կարելի մոտենալ Ս. Հաղորդության խորհրդին:
6. Հղի կանայք, երեխաները և հիվանդները կարող են հաղորդվել առանց ծոմապահության:
7. Ծանր հիվանդները կարող են հաղորդվել տանը, առանց ծոմապահության:
8. Ս. Հաղորդություն չի տրվում հետ ծննդաբերության քառասունքի մեջ գտնվող կանանց և ամսականի ժամանակ:
9. Ս. Հաղորդություն ստանալու բուն պահը պատարագի վերջում է, երբ սարկավագն ասում է. «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք:
10. Հաղորդությանը մոտենալիս պետք է խաչակնքվել և ասել «Մեղայ Աստուծոյ»: Կանայք պետք է լինեն գլխաշորով:
11. Հաղորդություն ստանալուց հետո չհեռանալ եկեղեցուց մինչև պատարագը չավարտվի:
Այս բոլոր պայմաններն անհրաժեշտ են որպեսզի Ս. Հաղորդությունը լինի մեղքերի քավության և սրբագործման առիթ, քանզի անարժան ու անպատրաստ կերպով Հաղորդության խորհրդին մասնակցելով` կարժանանաք դատապարտության:
Ս. Պատարագը մատուցվում է բոլոր կիրակի օրերին ժամը 11:00 – ին և Եկեղեցական մեծ տոներին:
 

Դիտվել է 3361
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.