Ընթերցանություն
Գլխավոր> Դեպի Քրիստո՞ս, թե՞…

Դեպի Քրիստո՞ս, թե՞…

Ծերուկն արագ-արագ հեռանում է եկեղեցուց՝ փորձելով դողդողացող ափերի մեջ ամփոփած վառվող բարալիկ մոմն անվնաս տուն հասցնել՝ պաշտպանելով ձյան փաթիլներից ու աչքերից թափվող արցունքներից: Քիչ առաջ վերջացավ Ճրագալույցի Պատարագը, որի ընթացքում ինքը, եկեղեցու մի անկյունում կանգնած, տեսավ, թե ինչպես ծնվեց մանուկ Հիսուս, ինչպես իջավ վերևից, բռնեց իր ձեռքից ու այդպես կանգնած մնացին մինչև Պատարագի ավարտը: Ինքը շատ ուրախ էր, որ տեսնում է այդ հրաշք Մանուկին, բայց չէր հասկանում, թե ինչպես մյուսները, որ եկել էին նշելու Նրա Ծնունդը, չեն նկատում մանուկ Տիրոջը: Եվ մինչ պատրաստվում էր նրանց բոլորին բարձրաձայն ասել այդ մասին, հանկարծ տարօրինակ իրարանցում սկսվեց եկեղեցում, բոլորը միանգամից շարժվեցին դեպի Ս. Խորանը, որտեղից իջեցված լույսի շուրջ այնպիսի խառնաշփոթ առաջացավ, որ ինքը չկարողացավ հասկացնել, որ Լույսն իրականում նրանց կողքին է, որ Լույսը սպասում է, որ տեսնեն Իրեն, գրկեն, ընդունեն: Զայրույթից հուզված սպասեց երկար, մինչև ամբոխը մի քիչ հանդարտվեց, և մի բարի երիտասարդ իրեն ճանապարհ տվեց, բայց նա էլ չտեսավ Լույսը: Եվ ինքը գլխիկոր դուրս եկավ եկեղեցուց, իսկ մանուկ Հիսուս ժպտում էր և ինչ-որ բաներ էր ասում, որոնցից ինքը ոչինչ չէր հասկանում, բայց ուզում էր հասկանալ: Դրանից ու Հիսուսի՝ անտեսված լինելու փաստից աչքերը լցվում էին արտասուքներով: Մինչ փորձում էր արագացնել քայլերը, Հիսուս հանգիստ տեղավորվեց նրա սրտում ու առաջնորդեց դեպի տուն: Ծերուկը փորձում էր իրեն շրջապատող մարդկանց սրտերում ևս տեսնել Մանկանը, բայց չէր կարողանում: Մի կերպ հասավ տուն, վառվող մոմը դրեց մի քանի տարի առաջ մահացած կնոջ նկարի առջև և նստեց նրա հետ զրույցի՝ հուզված պատմելով, թե ինչպես Հիսուսի Ծնունդը տոնելու եկած մարդիկ այդպես էլ չտեսան Նրան: Այդ խոհերից հուզված ծերը չնկատեց էլ՝ ինչպես փակվեցին աչքերը: Հաջորդ առավոտյան վաղ արթնացավ և երկար պատրաստվում էր, չէ՞որ պետք է գնար մասնակցելու Ս. Ծննդյան Պատարագին: Երիտասարդացած ծերուկը բոլորից շուտ հասավ եկեղեցի՝ սրտում արդեն իսկ կրելով մանուկ Հիսուսին: Եվ այդ անսահման երջանկությամբ տարված՝ չնկատեց էլ՝ ինչպես է վերջանում Ս. Պատարագը, որի ողջ ընթացքում զրուցել էր Տիրոջ հետ ու ըմբոշխնել նրա Ծննդյան երջանկությունը, ու սիրտը գնալով ավելի ու ավելի էր փառավորվել: Բայց այդ երանելի վիճակից նրան դուրս է հանում հանկարծակի սկսված աղմուկը: Քիչ անց ծերը գլխի է ընկնում, որ աղմուկն այդ սկսվել է ջրին, օրհնված ջրին հասնելու մոլուցքից: Զարմանում ու կրկին նեղսրտում է ծերունին՝ ինչպես կարող են մարդիկ այդ հրաշափառ Ծննդից ավելի մեծ նպատակ ունենալ: Երեկվա պես փորձում է նրանց ինչ-որ բան հասկացնել, բայց Մարիամի գրկից ու իր սրտից իրեն թախծոտ հայացքով նայող մանուկ Հիսուս խորհուրդ չի տալիս: Եվ ծերուկը սպասում է՝ մինչև բոլորը հեռանում են՝ ամուր գրկած ջրի շշերը, և ինքը վերջինը մոտենում է աղմուկից ու բացատրություններից հոգնած հոգևորականներին, ողջունում նրանց Քրիստոսի ծննդյան ավետիսով, վերցնում իր բաժին օրհնությունն ու շտապում տուն: Էլի նստում է կնոջ նկարի առջև ու երկար խորհում են, թե ինչպես են մարդիկ մոռանում նայել իրենց սրտերից ներս...
          Սիրելի՜ ընթերցող, թերևս ծերուկին թողնենք իր խոհերի հետ ու փորձենք հասկանալ՝ արդյոք մենք չե՞նք եղել նրան շրջապատող մարդկանց մեջ, արդյոք մենք էլ լույսի, ջրի և այլ շոշափելի առարկաների պատճառով չենք անտեսել մեր կողքին գտնվող Տիրոջը, և որ ամենասարսափելին է, չենք նկատել մեր սրտում ծնված մանուկ Հիսուսին՝ նրա Ծնունդը փնտրելով ինչ-որ տեղ հեռուներում: Երբ մի պահ մտածում ես, թե վերջին տարիներին ի՜նչ փոփոխություններ են կատարվել հայկական եկեղեցիներում ծեսերին հավատացյալների մասնակցության և ընկալումների առումով, ապա ուրախությամբ խոստովանում ես, որ տեղաշարժն իսկապես հսկայական է: Եթե մի որոշ ժամանակ առաջ Ս. Պատարագին մասնակից հավատացյալների մեծամասնությունը կազմում էին ծեր կանայք, ապա հիմա պատկերը լրիվ այլ է: Բայց կա մի բան, որ ամեն դեպքում չի թողնում՝ ուրախությունդ լիարժեք լինի: Դրանք ծերուկի խոհերն են: Ցանկալի կլիներ, որ դրանք լսելի լինեին մեզ բոլորիս՝ առաջնորդելով քրիստոնեության ճշմարիտ ճանապարհներով՝ տարին սկսելով Քրիստոսի ծննդով և շարունակելով Նրա հարության հավատով՝ այդ ողջ ընթացքում փորձելով հասկանալ այն մեծ ու անընդգրկելի խորհուրդը, որ տեղի է ունեցել մեզանից երկու հազարամյակ առաջ և կրկնվում է ամեն տարի: Դեպի Ս. Հարություն տանող այս օրերին փորձենք փնտրել Տիրոջը, որ առանց մեզ էլ անցնելու է Իր ճանապարհը, բայց և մեզ համար է անցնելու և մշտապես ցանկանալու է, որ Իրեն մենակ չթողնենք այդ ճանապարհին: Փորձենք այնպես ապրել կյանքը, որ այն վերածվի մեր ներսում եղած Լույսի որոնման, որ ամեն տարի հունվարի վեցին ծնված մանուկ Հիսուս մենակ չմնա այս բովանդակ աշխարհում և կրկին մենակ չանցնի խաչելության տանող իր ճանապարհը: Չէ՞ որ այդ ուղին մեզ համար է, որի վերջում հարության լույսն է վառվում: Ուստի փորձենք անհատապես ու ազգովի մոտենալ ճշմարտության ակունքներին՝ հասկանալով վերջապես, որ դա է փրկության միակ ճանապարհը: Ծերուկի պես անկեղծ լինենք՝ կարևորելով միայն ու միայն Աստծո նկատմամբ ունեցած հավատքը և սերը Նրա հանդեպ, հակառակ դեպքում, չենք կարողանա երբևէ ճշմարտապես հասկանալ Ս. Ծննդի էությունը, որն էլ պիտի առաջնորդի Ս. Հարության խորհրդին՝ լուսավորելով մեր աչքերը Տիրոջը տեսնելու փառքով:

Արփի Խաչատրյան

Դիտվել է 3410
2012.01.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.