Ընթերցանություն

Եհովայի վկաներ

Եհովայի վկաները իրենց համարում են երկրի վրա Աստծու միակ կազմակերպությունը, իսկ դրանից դուրս ամեն ինչ, այդ թվում և Երրորդությունը դավանող քրիստոնեական եկեղեցիները, դասում են սատանայական հաստատությունների շարքում: Այդ մասին նրանք գրում են. «Ինչպիսի՞ կազմակերպություններ կարող են գոյություն ունենալ ճշմարիտ քրիստոնեական ժողովից դուրս, միայն՝ սատանայի կազմակերպությունները» («Դիտարան», 1 մարտի 1979թ. , էջ 24): «Երրորդությանը հավատացողները չեն պահում Աստծո ճանաչողությունը» (Հռոմ. 1:28): Այդ համարը նաև ասում է. «Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ գործ են անվայել բաներ»: 29-31րդ համարներում թվարկվում են այդ անվայել բաներից մի քանիսը՝ սպանություն, կռվազանություն, ուխտադրուժ, անգութ, անողորմ լինելը: Հենց այդ ամենով էլ աչքի ընկան Երրորդություն ընդունող կրոնները» («Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», 1995թ., էջ 30): Ինչպես տեսնում ենք, եհովականները ներկայիս աշխարհի հոգեզուրկ վիճակը նենգափոխում են Երրորդության ուսմունքի սխալականության: Մեկ այլ տեղ նրանք այս մասին գրում են. «Կոստանդին այսպիսի սուտ կրոնքը ներմուծեց Քրիստոնեական վարդապետության մեջ, երբ Հռոմեական կաթոլիկ կրոնքին հիմը դրավ: Ասիկա, իր կարգին, բողոք ականության շատ մը վարդապետություններուն աղբյուրը եղավ… Կեղծ Քրիստոսները և ոչ քրիստոնյա կրոնքներն միասնաբար կը կազմեն սուտ կրոնքի համաշխարհային կայսրությունը: Անիկա կեղծ թագավորություն մըն է, որու ակնարկեց Հովհաննես առաքյալ՝ որպես «մեծն Բաբելոն» (Քու թագավորությունը գա», 1984թ., էջ 95): Իսկ թե ինչպես է Աստծո եկեղեցին ի հայտ եկել, այս մասին բրուկլինյան քարոզիչները գրում են. «1870-ական թվականներուն, Չարլզ Թ. Ռասըլ, ԱՄՆի Փենսիլվանիո Փիթցպըրկի մեջ, նվիրված Քրիստոնեաներու խումբ մը կազմակերպեց: Անոնք շուտով անդրադարձան որ Քրիստոնեա աշխարհի կրոնքները Բաբելոնական վարդապետություններուն և արարողություններուն և հոգիի անմահության Պղատոնական ուսուցումին վրա հիմնված են և ոչ թե Աստծո Խոսքին վրա: Սուտ կրոնքը մեկդի նետելով, այս պզտիկ խումբը Հիսուսի փրկանքին, հարության և տառապող մարդկության միակ հույսը կազմող Աստոծո թագավորության Աստվածաշնչի ուսուցումներուն վստահելի ջատագովները եղան» («Քու թագավորությունը գա», 1984թ., էջ 143): Այսպիսով, Եհովայի վկաները, մերժելով քրիստոնեական եկեղեցիները, միայն իրենց են տեսնում Աստծո հոտի մեջ. «Աստվածաշունչը կըսե, որ իրապես միայն «մեկ հավատք» կա: Ուստի, այսօր որո՞նք են որ ճշմարիտ երկրպագուներու մարմին մը կը կազմեն: Չենք վարանիր ըսելու, որ անոնք Եհովայի Վկաներն են. («Դուք կրնաք հավիտյան ապրիլ երկրային դրախտի մը մեջ», 1993թ., էջ 190): Եհովականների այս հավակնությունները և նրանց կողմից Եկեղեցուն ուղղված քննադատությունները անհիմն են ոչ միայն վերոնշյալ դավանական շեղումներով, այլև հակաաստվածաշնչյան է հետևյալ առումներով. 1. Եհովայի վկաները, անշուշտ, ճիշտ են այն հարցում, թե Աստծու հոտը՝ Եկեղեցին, մեկ է, սակայն Սուրբ Գրքում ոչ մի տեղ չի ակնարկվում, թե այն վերջին ժամանակներում պետք է ի հայտ գա (հանձինս 19-րդ դարի վերջում հիմնված «Եհովայի վկաներ» կազմակերպության): Հակառակ դրա, Հիսուս նշել է, որ Իր համբարձումից հետո՝ մինչև աշխարհի վախճանը, Նա միշտ Իր ժողովրդի հետ պետք է լինի, և Իր հիմնած Եկեղեցին անսասան պիտի մնա. «…այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16.18). «…ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28.20): Նույնը ենթադրվում է նաև Պողոս առաքյալի հետևյալ խոսքերով. «…նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր ժամանակներում, հավիտյանս հավիտենից» (Եփես. 3.21): Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, թե վերջին ժամանակներում է, որ պետք է Աստծու ճշմարիտ հոտը կազմվի, ապա այս մասին Սուրբ Գիրքը դարձյալ հակառակն է վկայում: Հիսուսը նախ ասում է. «…երբ մարդու Որդին գա, արդյոք հավատք կգտնի՞ երկրի վրա» (Ղուկ. 18.8): Իսկ Պողոս առաքյալն ավելացնում է. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատիցը և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա» (Ա Տիմ. 4.1): 2. Այն, որ քրիստոնյա կոչվող ազգերը, և որոշ դեպքերում էլ քրիստոնյա եկեղեցիները, հետամուտ չեն եղել ավետարանական պատգամներին, դրանից չի հետևում, որ քրիստոնեական եկեղեցիների վարդապետությունը սխալ է, ինչը որ անհիմն կերպով փորձում են ներկայացնել Եհովայի վկաները: Մինչդեռ Աստծու խոսքով կանխապես վկայվել էր, թե եկեղեցիներում շեղումներ և անկանոնություններ պետք է լինեն, ինչպես որ Հիսուսն է Հայտնությունում Փոքր Ասիայի եկեղեցիների (որոնք գալիք ժամանակներում քրիստոնեական եկեղեցիների խորհրդապատկերն են) մասին հայտնում, օրինակ՝ Եփեսոսի եկեղեցուն Նա ասում է, թե «թողեցիր քո առաջին սերը… ապաշխարի՛ր և քո նախկին գործերն արա» (Հայտ. 2.4,5), իսկ Լավոդիկեի եկեղեցուն զգուշացնում է. «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք» (Հայտ. 3.15): Սրանով հանդերձ, Երրորդությունը դավանող քրիստոնեական եկեղեցիները իրենց մեջ ունեցել են բազում սրբակյաց և նահատակ հավատացյալներ: Այս վիճակներին հակառակ, եհովականները պնդում են, թե իրենք երկրի վրա Տիրոջ միակ կազմակերպությունն են, որը Աստծու առաջ ի սկզբանե անսխալ և անարատ է կանգնած: Այսպիսով, եթե Աստծու խոսքն ասում է, թե քրիստոնյաները Հիսուսով վերստին ծնվածներն են Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցում, ապա այդ առումով Եհովայի վկաները հայտարարում են, թե իրենց մեջ լինելով է, որ միայն կարելի է վերստին ծնվել, Աստծու հոտի մեջ լինել և փրկվել, քանզի իրենցից դուրս ամենուր խավար է, ուր Սատանան է բացահայտ իշխում: Բոլոր այս վկայությունները չեն կարող չհամոզել, որ ԱՄՆ-ում ծնունդ առած այս կազմակերպությունը Աստծու եկեղեցու դեմ գործող, նրան հայհոյող հաստատություն է. դա նաև Աստվածանարգություն է, քանզի, ըստ Տերունական խոսքի, Քրիստոսի Եկեղեցին Իր իսկ մարմինն է:

Աղբյուր` Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաներին
 

Դիտվել է 656
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.