Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Մանուկներին քրիստոնեական ոգով կրթելու եւ դաստիարակելու առաքելությամբ

Մանուկներին քրիստոնեական ոգով կրթելու եւ դաստիարակելու առաքելությամբ

«Ինչպես կնիքն է դրոշմվում մեղրամոմի վրա, այնպես էլ երեխաների հոգում այն` ինչ լսում են: Ընդ որում նրանց կյանքը հենց այդ ժամանակից արդեն սկսում է հակվել կամ արատին կամ առաքինությանը» (Ս. Հովհ. Ոսկեբերան):

Մանուկներին վաղ հասակից հարկ է կրթել եւ դաստիարակել բարոյական սկզբունքներով, հոգեշահ խրատներով խրատել եւ առաքինագործ կենցաղավարությամբ բարի օրինակ լինել: Երբ մանուկների մտավոր կրթությունն ընթանում է բարոյականի հետ միասին, ապա իմաստնանում են նրանց մանկական ըմբռնումները եւ նրանց մատաղ սրտերը ձգտում են առաքինության, մաքրության: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի առանձնահատուկ սեր եւ գորով է տածում մանուկների հանդեպ, ինչպես Ավետարանն է վկայում: Նա պատգամում է նմանվել նրանց` օրինակ ունենալով մանուկների անկեղծությունը, միամտությունն ու բարությունը, քանի որ մանուկներին բնորոշ այս հատկանիշներով օժտված մարդիկ միայն կարող են լինել երկնքի արքայության ժառանգորդ (տես Ղուկաս 18:15-17): Մանուկներին քրիստոնեական ոգով կրթելու եւ դաստիարակելու մեծ առաքելությամբ այսօր եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ: Հարավ- արեւմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցը գործում է արդեն շուրջ վեց տարի` եկեղեցու օծումից դեռ ամիսներ առաջ: Այսօր դպրոցն ունի շուրջ 60 սան: Յուրաքանչուր կիրակի երեխաները սիրով հաճախում են կրոնի դասերին: Ուսուցումն իրականացվում է « Իմ կյանքն Աստծո հետ» գրքով: Եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով` ամեն ինչ արվում է, որ երեխաների առօրյան հետաքրքիր անցնի, որ սիրով գան դասերին եւ սովորածը կիրառեն առօրյա կյանքում: Ուստի շեշտն առավել դրվում է հոգեւոր կենցաղավարության վրա: Կրոնի դասերից հետո երեխաների հետ հոգեւոր շարականների ուսուցման դասընթաց է անցկացնում եկեղեցու երկսեռ քառաձայն երգչախմբի ղեկավար Անուշ Հարությունյանը: Իսկ ավելի լավ ձայն ունեցող երեխաների հետ` անցկացվում են երգչախմբային ուսուցման դասեր: Նպատակն է ստեղծել մանկական երգչախումբ, որը տարբեր առիթներով` ուխտագնացությունների ժամանակ` սրբավայրերում, կերգի Ս. Պատարագը: Երեխաներն ակտիվ մասնակցություն են ունենում նաեւ եկեղեցում` տարբեր տոների առիթով կազմակերպվող միջոցառումներին:

Անժելա Խաչատրյան

Դիտվել է 6069
2011.11.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.