Ընթերցանություն

Ձմեռային ինտելեկտուալ փառատոն

 ինտելեկտուալ փառատոն

 «Սկիզբ» թիմը կրկին առաջին տեղում է

2009 թվականի փետրվարի 28-ին տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հովանավորությամբ և օրհնությամբ իրականացվող ԱՀԹ «Ինտելեկտուալ փառատոնը»: Այն անցկացվեց արդեն հինգերորդ անգամ: Խաղն ամեն անգամ տեղի է ունենում Ս. Երրորդություն եկեղեցու հարկի ներքո: Այս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանայի և Երիտասարդաց միության նախաձեռնությամբ էլ ծնունդ է առել խաղը՝ ժամանակի ընթացքում դառնալով ավանդական և ամենասիրվածը այն միջոցառումների շարքում, որոնք կազմակերպում են Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունները: Ինտելեկտուալ փառատոնի հարցերը կազմում և խաղը վարում է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնը: Մրցույթի ողջ ընթացքին հետևում են նույն կենտրոնի անդամները և տարբեր քահանաներ: Խաղին մասնակցում են թեմի գրեթե բոլոր եկեղեցիների Երիտասարդաց միությունները և այն կառույցները, որոնք սերտ համագործակցության մեջ են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ: Այն իրականացվում է տարին չորս անգամ և ունի երեք մրցանակային տեղեր: Ինտելեկտուալ փառատոնի առաջին հանդիպումից հետո արդեն պարզ էր, որ սա այն եզակի դեպքերից է, երբ իրար են միաձուլվում հոգևորն ու ժամանցայինը, գիտելիքն ու գործնականությունը, երիտասարդական ավյունն ու տարիների փորձը: Եվ որ ամենակարևորն է, այս ինտելեկտուալ փառատոնը նպաստում է, որպեսզի միմյանց ավելի մոտիկից ծանոթանան Երիտասարդաց միությունների անդամները, որոնցից շատերը միմյանց հանդիպում են խաղից խաղ: Մրցույթը նաև հնարավորություն է տալիս ճանաչելու այն երիտասարդներին, ովքեր այսօր ինչ-որ չափով ակտիվ են հոգևոր դաշտում և նպաստում են մեր եկեղեցական կյանքի ակտիվացմանը: Կարելի է նկատել, որ, չնայած հաղթելու ցանկությանը, թիմերի միջև առկա է առողջ մրցակցություն, որը նաև նպաստում է ժամանակի ընթացքում ավելի պատրաստված ներկայանալ խաղին: Այս խաղի ժամանակ Ս. Երրորդություն «Սկիզբ» թիմը կրկին առաջատար էր: Երկրորդ տեղում էր ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի «1708» թիմը, իսկ երրորդ տեղը կիսեցին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի «Հաղբատ» թիմերը: Հարցերն այս անգամ առավելագույնս հոգևոր բնույթի էին, և, ինչպես միշտ, երիտասարդները հնարավորություն ունեին դրանց միջոցով ճշտելու աստվածաշնչյան իրենց գիտելիքները: Իհարկե, խաղի ժամանակ հնչում են ամենատարբեր բնույթի հարցեր՝ զանազան ոլորտներից՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստուգելու ոչ միայն իրենց գիտելիքները, այլև ճիշտ կողմնորոշվելու ունակությունը, տրամաբանությունը, նաև` հումորի զգացումը: Բնական է, որ այն թիմերը, որոնք խաղից խաղ ընկած ժամանակահատվածում աշխատում են հարստացնել իրենց գիտելիքները և պարապել՝ համաձայն մրցույթի սկզբունքների, գրավում են առաջատար տեղեր:

Այսօր արդեն համոզված կարելի է ասել, որ խաղը սիրված է, և դրան սպասում են անգամ այն երիտասարդները, ովքեր ոչ թե խաղում են որևէ թիմի կազմում, այլ մրցույթին հետևում են դահլիճից: Ողջունելի կլիներ, որ այս ինտելեկտուալ փառատոններին ներկա լինեին ավելի շատ Երիտասարդաց միությունների անդամներ և այն միությունների հոգևոր պատասխանատուները, որոնք մասնակցում են խաղին, չէ՞որ հոգևոր հոր ներկայությունը կարող է ոգևորել թիմին՝ հաղթելու ավելի մեծ հնարավորություն տալով: Հաջորդ ինտելեկտուալ փառատոնը կկայանա արդեն գարնանը՝ մինչև այդ Երիտասարդաց միությունների անդամներին պահելով սպասման ու նախապատրաստման մեջ:

Դիտվել է 7778
2009.02.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.