Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնարկեքը և օծումը

Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնարկեքը և օծումը

2005թ. նոյեմբերի 20-ը առանձնահատուկ և հիշարժան էր Մալաթիա-Սեբաստի համայնքի հավատավոր ժողովրդի համար: Այդ օրը, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց հայրապետի, տեղի ունեցավ Ս. Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը, որից հետո նորաօծ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ` Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռամբ մատուցվեց Ս. Պատարագ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև բարձրաստիճան այլ հոգևորականներ ու պաշտոնատար անձինք: Սրբազան արարողությունից հետո Նորին Սրբությունն իր հայրապետական խոսքում գոհունակություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ վեր է խոյացել այս հոյակերտ եկեղեցին՝ ի դեմս բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի, եկեղեցու ճարտարապետ լուսահոգի Բաղդիկ Արզումանյանի, եկեղեցու բոլոր շինարարների, նկարիչ Վարուժան Վարդանյանի, ում կողմից պատկերված Ս. Աստվածամոր պատկերը զարդարում է եկեղեցու Ս. Խորանը: Ս. Երրորդություն եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2001թ., զանգակատան և եկեղեցու խաչերն օծվել էին 2004թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ, իսկ 2005թ. հոկտեմբերի 15-ին կատարվել է եկեղեցու մկրտության ավազանի օրհնության կարգը՝ ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի: Ս. Երրորդություն եկեղեցին իր օծմամբ դարձավ հզոր հենասյուն ու հավատի լուսավոր տաճար հավատավոր ժողովրդի համար, որոնց թիվը գնալով աճում է: Իսկ որքանո՞վ է կարևորվում եկեղեցիների օծումը և որտեղի՞ց է այն սկիզբ առել: Աստվածաշնչում օծումը համարվում է աստվածային շնորհի նյութական դրսևորումը և փոխանցումը, այսինքն՝ օծման յուղով՝ Սրբալույս Մյուռոնով, իրականացվում է աստվածության հետ առարկայի (եկեղեցիներ, սեղաններ, խաչեր, պատկերներ) կամ անձի հաղորդակցումը, որը սրբագործվելով՝ դառնում է ներգործունակ, իսկ օծության հիմքում ընկած է Հին Ուխտում Մովսեսին տրված Տիրոջ պատվիրանը /Ելք Լ:1-12/: Այդ իսկ պատճառով եկեղեցու էական պայմաններից գլխավորը` հիմքերից սկսած օծված լինելն է: Նույնիսկ տեղը ճշտելն ու հիմքեր բանալը աղոթքով ու օրհնությամբ է կատարվում: Օծման ժամանակ եկեղեցու հիմքերի մեջ օծված 16 քարեր են դրվում` ըստ 12 առաքյալների և 4 ավետարանիչների թվի և Պողոս առաքյալի ու Գրիգոր Լուսավորչի անունով էլ լրանում է 16 թիվը: 16 սյուներից 5-ականը հարավային ու հյուսիսային կողմերում են հաշվվում, 2-ը` արևմտյան դռան մոտ, իսկ 4-ը` բուն խորանի չորս անկյուններում: Երբ կատարվում է նորակառույց եկեղեցու նավակատիքը, այն դարձյալ ամբողջությամբ օրհնվում և օծվում է: Շուրջ վեց տարի է, որ իր դռներն է բացել Սբ. Երրորդություն եկեղեցին հավատացյալների առաջ և դարձել սիրելի աղոթատեղի համայնքի համար, ինչպես նաև` եկեղեցում արդեն ձևավորվել են ծխական հիմնական կառույցները:
1. ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՎԱՐԺԱՐԱՆ – Համայնքի եխաները հաճախելով վարժարան` ծանոթանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին և եկեղեցական տոներին, ստանում` հայեցի դաստիարակություն և ճանաչում մեր ազգային, հոգևոր ու մշակութային արժեքները, մասնակից են լինում հոգևոր և ազգային թեմաներով կազմակերպվող հանդիսությունների, ցուցահանդեսների և այլ հետաքրքիր միջոցառումների: Կիրակնօրյա վարժարանի սաների համար կազմակերպվում են` բակային ճամբար /ամռանը/, նկարչության, անգլերեն լեզվի, երգի ուսուցման դասընթացներ: Կիրակնօրյա վարժարան կարող են հաճախել 4-16 տարեկան երեխաները, յուրաքանչյուր կիրակի, ժամը 14:00-ին (բոլոր դասընթացները և խմբակներն անվճար են):
2. ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍԵԵՄ) Միության նպատակն է հայ երիտասարդին համախմբել Մայր Եկեղեցու շուրջ, հաղորդ դարձնել մեր հոգևոր ու ազգային արժեքներին: Կազմակերպվում են հոգևոր և ուսումնական դասընթացներ, Աստվածաշնչի սերտողություններ, մշակութային և հոգևոր միջոցառումներ, ուխտագնացություններ դեպի նվիրական սրբավայրերը, արշավներ և քննարկումներ տարբեր` հոգևոր, մշակութային թեմաների շուրջ: Երիտասարդաց միության անդամների համար գործում են նաև համակարգչի, նոտագրության, պարի, անգլերեն լեզվի դասընթացներ, ինչպես նաև գործում է երգչախումբ:
3. ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ - Միությունում ընդգրկվում են կանայք, ովքեր ցանկանում են իրենց նպաստը բերել եկեղեցու պայծառացմանը և ակտիվ մասնակցել ծխական կյանքի գործունեությանը: Միության յուրաքանչյուր անդամ իր լուման կարող է ունենալ եկեղեցու կազմակերպչական աշխատանքներում (այցելություններ ծերանոցներ, մանկատներ, անհատ կարիքավորիների բնակարաններ, եկեղեցու մաքրության, բարեկարգման աշխատանքներ):

Դիտվել է 8369
2011.11.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.