Ընթերցանություն
Գլխավոր>Բարի կամք> Պատվի՛ր քո հորն ու մորը

Պատվի՛ր քո հորն ու մորը

 Այցելություն ծերանոց

Պատվի´ր քո հորն ու մորը (Բ օրենք 5.16),- պատգամում է Ավետարանը և զգուշացնում, որ անարգողն Աստծուն է անարգում: Իսկ “ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի”(Սիրաք 3:4): Յուրաքանչյուր ոք պիտի կարողանա ճանաչել ծնողական սիրո հարգն ու իր պարտավորությունները: Եկեղեցու հայրերն իրենց ուսուցումներում պատգամում են որդիապարտ հնազանդություն ցուցաբերել ծնողների հանդեպ: Չորրորդ գյուղի թիվ 1 տուն-գիշերօթիկում (ծերանոցում) բնակվող ծերերից շատերն ընտանիք, զավակներ ունեն: Ծերանոցը և նման հաստատությունները մշտապես եկեղեցու հոգածության ներքո են գտնվել, քանի որ այստեղ մարդիկ կյանքի դաժան փորձությունների բովով են անցնում և անհամեմատ խոցելի վիճակում են գտնվում. հոգևոր սննդի, հոգևոր կյանքի պակասն այստեղ առավել է: Շուրջ երկու տարի է, ինչ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյանի առաջնորդությամբ համայնքի մի խումբ հավատացյալներ շաբաթը երկու անգամ այցելում են նրանց` փորձելով փարատել ծերերի միայնությունը, մխիթարել Աստծո խոսքով, կյանքի դաժան փորձությունների դեմ հավատով և Աստծո օգնությամբ պայքարելու հույս ներշնչել: Ծերանոց այցերին մեր մասնակցությունն ենք ունենում նաև մենք` երիտասարդաց միության անդամներս: Ծերերից շատերի հետ նույնիսկ հասցրել ենք մտերմանալ: Տեր հայրը Աստծո խոսքն է փոխանցում նրանց, ծերերը ստանում են իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ, հոգեպես նորոգվում, որոշակի ժամանակով կտրվում իրենց միապաղաղ առօրյայից: Մենք փորձում ենք ծերերին տալ այն սերն ու քնքշանքը, որից նրանց զրկել են իրենց հարազատ զավակներն ու թոռները: Պարբերաբար հագուստ և սնունդ էլ ենք տանում մեզ հետ: Ծերանոցին կից գործում է նաև հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ գտնվում են ավելի ծանր վիճակում գտնվող հիվանդները: Տեր հոր առաջնորդությամբ շրջում ենք հիվանդների սենյակով, զրուցում նրանց հետ, փորձում աղոթքով, Սբ. Գրքի ընթերցանությամբ հնարավորինս մեղմել հիվանդների Ֆիզիկական և հոգեկան տառապանքներն ու ցավերը: Զարմանալի ու ուրախալի իրողությունն այն է, որ անկողնում գամված և ծանր վիճակում գտնվող հիվանդներից ոմանք, ապավինելով Աստծուն, կարողանում են գոհանալ Նրանից` խոստովանելով, որ իրենց միակ հոգսն ու ապավենն Աստված է: Շատ բան ունենք սովորելու ծերերից: Մենք գնում ենք մխիթարելու նրանց, սակայն, հաճախ մենք ենք մխիթարվում` տեսնելով ծերերի հավատն ու անկոտրում կամքը այդքան դժվարությունների ու փորձությունների մեջ: Ուստի փորձում ենք ամեն կերպ նեցուկ և օգնական լինել իրենց հարազատների, զավակների կողմից լքված այս ծերերին, որպեսզի գիտակցեն, որ միայնակ չեն, որ Աստված իրենց հետ է, և երբեք իրենց չի լքում ըստ Իր անսուտ խոստման. “Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը”:

Անժելա Խաչատրյան

Դիտվել է 794
2010.12.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.