Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> Ուխտագնացություն` հոգևոր ճամփորդություն երկրից դեպի Աստված

Ուխտագնացություն` հոգևոր ճամփորդություն երկրից դեպի Աստված

Սուրբ Երրորդության Երիտասարդաց միությունը եկեղեցում գործող ամենաակտիվ գործունեություն ծավալող կառույցներից է: Միության երիտասարդները մասնակցում են ոչ միայն Սուրբ Պատարագներին, ժամերգություններին, կիրակնօրյա քրոզներին, կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ, այլև պարբերաբար կազմակերպում են ուխտագնացություններ դեպի Հայաստանի սրբավայրեր, որոնք իրենց զորությամբ ու հոգևոր բուժականությամբ յուրաքանչյուր քրիստոնյայի համար մեծ նշանակություն ունեն: Ուխտագնացությունները դարձել են ՍԵԵՄ-ի երիտասարդների հոգևոր-ազգային կյանքի անբաժանելի մասը: Դրանց միջոցով իրականանում է երիտասարդների հոգևոր հաղորդությունը, ստեղծվում են մտերմիկ հարաբերություններ: Ամեն անգամ ՍԵԵՄ-ի երիտասարդները ուխտի գնալիս մտքի ու հոգու ներդաշնակությամբ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով ճանապարհ են ընկնում` յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն ակնկալիքը, որ Աստծո առջև պետք է բացի իր սիրտն ու ամենաթաքուն գաղտնիքները, զորություն ստանա Սուրբ վայրից, որպեսզի կարողանա դիմակայել կյանքի փորձություններին: Ուխտի ամբողջ ճանապարհն ուղեկցվում է շարականների երգեցողությամբ, ճանապարհը լցվում է աստվածային խորհրդավոր շնչով: Հասնելով ուխտավայր` երիտասարդների շուրթերին աղոթք է. «Գոհություն քեզ, ո´վ Տեր, որ ինձ առաջնորդեցիր, ողջ և առողջ հասցրիր այստեղ և արժանացրեցիր կանգնելու Քո ներկայության առջև: Ընդունի´ր ինձ, Տե´ր: Ընդունի´ր իմ սրտից ու հոգուց բխած մաղթանքները, եթե դրանք համաձայն են ամենագետ Արարչիդ կամքին: Եվ շնորհի´ր, որ իմ ողջ կյանքը, խորհուրդները, խոսքերն ու գործերը լինեն Քեզ ընծայված անուշաբույր խունկ և հոգևոր ընդունելի ընծա, որպեսզի իմ խոնարհ կյանքով դառնամ ամենազոր սուրբ Անվանդ երգողն ու փառաբանողը այժմ և հավիտյանս հավիտենից. Ամեն»:
Մասնակցելով սուրբ Պատարագին` երիտասարդները ամբողջացնում են իրենց ուխտն Աստծո հետ: «Ամեն անգամ պատարագներին վերապրում եմ այն օրը, երբ դեպի Վարագավանք ուխտագնացության պատարագի ժամանակ միության մի քանի անդամներով որպես երգչախումբ հանդես եկանք: Այդ օրվանից շարականներն ինձ ավելի հասկանալի ու հոգեհարազատ են դարձել: Այժմ դրանք ընկալում եմ այլ կերպ»,- նշում է Անի Ավետիսյանը: Ուխտագնացությունները ուխտավորի հոգևոր դաստիարակության և բարոյական կերպարի կերտման լավագույն միջոցներից են: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը նշում է. «Ուխտագնացությունները մարդու` ժամանակավորից հավիտենականը, մարմնավորից հոգևորը, անմաքուրից սուրբը, ներկայից դեպի իր գոյութենական խոր արմատներն ուղղված բնական ձգտման իրական, շոշափելի արտահայտություններն են»:

Լուսինե Մխիթարյան
 

Դիտվել է 3152
2011.11.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.