Ընթերցանություն

Մորմոններ

Քրիստոնեական եկեղեցին, որի հիմնադիրը և Գլուխը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, իր գոյատևման ողջ ընթացքում բազում փորձությունների միջով է անցել` դիմակայելով թե’ արտաքին ճնշումներին և թե’ ներքին անկանոնություններին ու շեղումներին: Քրիստոնեության պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցուն հուզող խնդիրների մեջ առանձնահատուկ տեղ է գրավել աղանդավորության հարցը: Աղանդները, որոնք մերժում են Ընդհանրական եկեղեցու դավանաբանությունը և ողջ պատմական քրիստոնեությունը, մեծամտաբար իրենց են համարում ճշմարտության միակ կրողներ և հայտարարում, թե մարդ կարող է փրկվել` անդամակցելով միայն իրենց կազմակերպությանը: Որոշ աղանդներ քարոզչական եռանդուն գործունեություն են ծավալում: Մարդիկ, որոնք հավատում են այդ մոլորեցնողներին և ընկնում նրանց ազդեցության տակ, սովորաբար անտեղյակ են լինում Աստվածաշնչի հիմնական ճշմարտություններին: Աղանդավորական հոսանքների և խմբավորումների շարքում թե’ աշխարհում, և թե’ Հայաստանում իր շեղվածությամբ և վտանգավորությամբ առանձնապես աչքի է ընկնում «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» կամ մորմոնները, որը տոտալիտար աղանդներից ամենահինն է: Մորմոնները Հայաստան ներխուժեցին 1988թ.-ից հետո, երբ զանազան բարեգործությունների անվան տակ ի թիվս այլոց, այստեղ հաստատվեցին նաև մորմոնները: Աստվածաբանական տեսանկյունից մորմոնականությունը կարելի է բնութագրել` որպես սինկրետիկ նեոհեթանոսական օկուլտային աղանդ, որը զբաղվում է ակտիվ հոգևորսությամբ: Աղանդի հիմնադիրը ժոզեՖ Սմիթն է (ծնվ. 1805թ. ԱՄՆ-ի Վերմոնդ նահանգի Շարոն բնակավայրում): ԺոզեՖը վաղ հասակից զբաղվել է օկուլտիզմով` գանձ գտնելու նպատակով դիմելով ոգիների օգնությանը: 1826թ.-ին նրան դատել են օկուլտիզմով զբաղվելու նաև խաբեբայությամբ փող կորզելու համար: Նա պնդում էր, որ իր կյանքի ընթացքում քանիցս տեսիլքներ է տեսել, որոնք էլ հիմք են հանդիսացել աղանդի ստեղծման համար: 1830թ.-ին Սմիթը հրատարակում է «Մորմոնի Գիրքը», որը դառնում է իր հետևորդների «Աստվածաշունչը»: Նրանք այն կոչում են «Հիսուս Քրիստոսի մեկ այլ Ավետարան», մինչդեռ մենք գիտենք, որ այլ Ավետարան գոյություն չունի, ինչպես Սբ. Պողոս առաքյալն է ասում. «Ուրիշ Ավետարան Չկա… Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա’լ լինի» (Գաղատ. 1:7-8): Մորմոնի գիրքը լի է աղաղակող հակասություններով ու կեղծիքով և հակասում է Աստվածաշնչին: Ի հակադրումն ավանդական քրիստոնեական Եկեղեցիների ուսմունքի` մորմոնները չեն ընդունում, որ մարդը ևս արարված է, որ մարդը ծնվում է նախնական մեղքով, նրանք մերժում են Քրիստոսի Խաչը, չեն ընդունում Սբ. Կույս Մարիամից Քրիստոսի անարատ ծնունդը: Նրանք չեն ընդունում, որ Հիսոս Քրիստոս Աստծու Միածին Որդին է և այլն: Մորմոնները գործադրում են շատերի համար հաճախ աննկատելի խորամանկ հնարքներ: Որպեսզի միանգամից չբացահայտվի իրենց ուսմունքի հակասությունն Աստվածաշնչի հետ իրենց քարոզները սկսում են ուղղափառ հավատքի դրույթներով: Աստիճանաբար աստվածաշնչային մեջբերումներից անցում են կատարում մորմոնական մեջբերումներին…: Մորմոնների համաշխարհային կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում` Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում: Աշխարհում գոյություն ունեն 50 մորմոնական տաճարներ: Չմանրամասնելով մորմոնական տաճարի մասոնական արարողակարգը` այնուամենայնիվ նշենք, որ մորմոնները սովորություն ունեն մկրտվել նաև մահացածների փոխարեն: Ընդունված է նաև նրանց փոխարեն «ձեռնադրվելը» ու «ամուսնական կնիք ստանալը», որոնք ավանդական եկեղեցու տեսանկյունից սարսափելի սրբապղծություն են: Մահացածների մասին ճշգրիտ տվյալներ ձեռք բերելու համար` մորմոնների հատուկ ջոկատները բոլոր երկրներում թափանցում են պետական արխիվներ: Այս կերպ նրանք հեռակա կարգով իրենց «եկեղեցուն» են անդամագրում մահացածներին` առանց նրանց ազգականների համաձայնությունը հարցնելու: Եվ ահա այս խիստ վտանգավոր աղանդի հետևորդներն այսօր ազատորեն շրջում են մեր փողոցներում` որսալով միամիտ մարդկանց հոգիները: Նրանք աչքի են ընկնում հատկապես իրենց տեսքով. սպիտակ վերնաշապիկներով և փողկապներով, կոկիկ հագնված բարետես (հիմնականում շիկամազ) երիտասարդ «երեց»-ներին կարող ենք հանդիպել ամենուր (մորմոն քարոզիչները հիմնականում շրջում են 2 հոգով): Նրանք մերօրյա ոչխարների զգեստներով հափշտակող գայլեր են, որոնց մասին նախապես զգուշացրեց Տերն Ավետարանում. «Զգո’ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց…» (Մատթ. 7:15): Ուրեմն` զգուշանանք աղանդներից, զգո’ն լինենք և հետևենք մեր սրբակյաց նախնիների ճշմարիտ հավատքին ու ապրելակերպին: Ամո’ւր փարվենք մեր լուսավորչահաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Անժելա Խաչատրյան
 

Դիտվել է 8911
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.