Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Տոտալիտար աղանդներ

Տոտալիտար աղանդներ

20-րդ դարում աղանդներում ի հայտ եկավ մի նոր երեւույթ՝ ժամանակակից հոգեբանական ներգործությունների պարբերական կիրարկում, որի նպատակն է մարդու կամքը կոտրելը եւ նրա մտքերի, զգացմունքների ու վարքի վերահսկողության հասնելը:

 

1. Տոտալիտար աղանդներ կամ քայքայիչ պաշտամունքներ են կոչվում այն աղանդները, որոնք «գիտակցության վերահսկողություն» կոչվող որոշակի մեթոդների օգտագործման ճանապարհով` խախտում են իրենց անդամների իրավունքները եւ վնաս են հասցնում նրանց: Աղանդների քայքայիչ եւ տոտալիտար բնույթը որոշվում է ոչ թե նրանց հավատալիքով, այլ՝ նրանց գործունեության մեթոդներով.

2. Գործնականում խղճի ազատության մասին օրենքը գործունեության ազատություն է տալիս հատկապես այն խմբերին, որոնք ամենից շատ են խախտում մարդու իրավունքները.

 

3. Հավաքագրման ժամանակ պոտենցիալ նոր անդամներից թաքցնելով իրենց վերաբերող տեղեկություն ստանալու մի մասը, կամ ուղղակիորեն ստելով՝ աղանդը խախտում է մարդու տեղեկության ազատության սահմանադրական իրավունքը.

4. Խաբեության եւ հոգեբանական հնարանքների միջոցով ապակողմնորոշում են քաղաքացիներին ու բռնանում նրանց կամքի վրա՝ ոտնահարելով նրանց ազատորեն դավանանք ընտրելու իրավունքը.

 

5. Իրենց մասին խոսելով` որպես «լայն աշխարհայացք» ունեցողների, նրանք երբեք չեն ընդունում քրիստոնյաների պարզապես քրիստոնյա լինելու իրավունքը: «Էզոթերիկ դոկտրինա» դավանելու քրիստոնյայի մերժումը, նրանք անմիջապես բնութագրում են որպես «միջնադարյան անհանդուրժողականություն», «մոլեկրոնություն (ֆանատիզմ)» եւ այլն, վստահեցնելով, որ նման դիրքերի վրա (այսինքն՝ քրիստոնեական) կանգնած մարդիկ տեղ չունեն այն նոր կարգերում, որի հաստատմանն ուղղված են այդ պաշտամունքները: Նախորդ կետում նշված, ինչպես նաեւ իրենց հայտնված միջավայրում կրոնական ատելություն եւ անհանդուրժողականություն սերմանելով տեղի ավանդական կրոնների նկատմամբ` մոլորեցնում-ապակողմնորոշում են քաղաքացուն եւ ոտնահարում նրա ընտրած դավանանքը ազատորեն պահելու իրավունքը.

6. Ամենախիստ վերահսկողություն սահմանելով իրենց հետեւորդների կյանքի բոլոր բնագավառներում եւ պատիժներ նախատեսելով իրենց գաղափարների հետ չհամաձայնողների համար՝ ոտնահարում են նրանց ազատ կամքի ու մտքի իրավունքը.

 

7. Աղանդում Աստծո պաշտամունքը փասատացիորեն փոխարինելով աղանդի առաջնորդի կամ նրա ստեղծած կազմակերպության պաշտամունքով՝ ապատեղեկացնում եւ խաբում են քաղաքացուն.

8. Իրենց մեթոդներով եւ ուսմունքով քայքայում են հետեւորդի առողջությունը (հոգեկան հավասարակշռությունը), որի վերականգնման համար պահանջվում է միջին հաշվով երկու տարի, քայքայում են ընտանիքը, հետեւորդին վերածում տվյալ հասարակության համար ոչ պիտանի (սոցիալապես անակտիվ) անդամի.

 

9. Նրանց միջավայրում ծնված երեխաները դժբախտ են այլեւս եւ զրկված` ընտրություն կատարելու իրավունքից.

10. Իրենց հետեւորդներին զրկելով աղանդից դուրս գալու համար անհրաժեշտ թե՛ ֆինանսական եւ թե՛ անհատական ու հասարակական ռեսուրսներից, եւ հնարավոր ամեն բան անելով, որ նրանց իրենց մեջ պահեն այնքան, քանի դեռ նրանք կարող են պիտանի լինել՝ վեր են ածում ստրուկների: Մարդուն զրկում են ազատ ընտրելու եւ իր կյանքն ազատորեն տնօրինելու իրավունքից ու հնարավորությունից.

 

11. Նոր անդամներ հավաքագրելու եւ հետագայում նրանց կառավարելու նպատակով` օգտագործում են խաբեությունը, հիպնոսը, կոդավորումը եւ գիտակցության վերահսկողության այլ միջոցներ...

12. Համարում են, որ նպատակն արդարացնում է միջոցները, որով իրենց սեփական շահերը վեր են դասում օրենքից.

 

13. Նրանց հատուկ է «երկակի բարոյականությունը» եւ «երկակի ստանդարտը»՝ որով շրջանցում են հասարակական նորմերն ու պետական օրենքները.

14. Պայքարում են իշխանության գալու եւ կաստայական (առանձնախավի) համակարգ մտցնելու համար, այն դեպքում, երբ առաջինն օրենքով չի նախատեսված կրոնական կազմակերպությունների համար, իսկ երկրորդը հակասում է դեմոկրատիայի սկզբունքներին.

 

15. Մահասփյուռ են, քանզի նրանցում ձեւավորվող հոգեբանությունը հետեւորդներին վերածում է անառարկելիորեն հնազանդվող ստրուկների բանակի, որոնց համար գոյություն չունի անկարելին եւ այն տրամադրում է նրանց սպանության եւ ինքնասպանության, ինչը հետապնդվում է օրենքի կողմից:

Որոշ քայքայիչ կրոնական կազմակերպություններում պաշտամունքը թողնելու ազատությունը, սովորաբար, միայն խոսքով է երաշխավորվում: Փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ աղանդների շատ անդամներ հուսահատ փորձեր են արել կրկին ազատություն ձեռք բերել, սակայն աղանդի ղեկավարության կողմից նրանց ենթագիտակցության մեջ մտցված վախն ու հետապնդումները մարդկանց հասցրել են հոգեկան խանգարումների եւ անգամ ինքնասպանությունների: Հայտնի են դեպքեր, երբ որոշ դեստրուկտիվ կրոնական կազմակերպությունների ղեկավարներ սպանել են իրենց հետեւորդներին այն պատճառով, որ վերջիններս ցանկացել են կապերը խզել այդ պաշտամունքի հետ: Այն հանգամանքը, որ դիտարկվող հարցը իրվականորեն կարգավորված չէ, հանգեցնում է ընդհարման աղանդավորների ծնողների եւ աղանդների ղեկավարների միջեւ, ուժեղացնում են աղանդավորների ու հասարակության միջեւ հարաբերությունների լարվածությունը:

 

Աղանդների մասին Ավստրալիայի Պետական Կոմիտեի ներկայացրած զեկույցն արձանագրում է. «...Կոմիտեն մտահոգված է նրանով, որ համաձայն ազգային քրեական օրենսդրության այդ հանցավոր գործողությունները իրենց մեջ պարունակում են ավելի լուրջ հետեւանքներ, որոնք առաջին հերթին արտահայտվում են մարդկանց հոգեկանի վրա ազդելու միջոցով (իսկ դա լուրջ վնաս կարող է հասցնել մարդուն եւ պետք է որակվի իբրեւ քրեական հանցատեսակ): Եվ եթե կրոնական համայնքը գործում է այս եղանակով, նա պետք է մեղավոր ճանաչվի եւ պատժվի օրենքի ամբողջ խստությամբ...»:

Ձգտելով խափանել քննադատության բոլոր փորձերը, նրանք առանց երկմտելու՝ մեկը մյուսի հետեւից, դատական գործընթացներ են սկսում ընդդեմ իրենց հակաճառողների՝ հոգեւոր ահաբեկչություն գործածելով:

 

Դիտավորյալ շփոթում են անձի խղճի ազատության եւ քաղաքացիների իրավահավասարության տարբերությունը:

Դժվար է քայքայիչ, տոտալիտար աղանդների այսպիսի գործառույթնները համատեղելի համարել բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների եւ խղճի ազատության հետ: Նրանք ամենաանամոթ կերպով ազատության բարիքն ի չարս են օգտագործում՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքները: Այսինքն` նվիրաբերման տարբեր աստիճաններ, գաղտնի դոկտրինա եւ ուսմունք ունեցող խմբերը, սկզբունքորեն չեն համապատասխանում հասարակության կողմից ընդունված նորմերին: Ըստ էության` մենք գործ ունենք երկաթյա կարգապահությամբ ու անառարկելի ենթակայությամբ կաշկանդված մաֆիոզ կառույցների հետ: Ավելին` նրանց գործունեության թողած հետեւանքները հղի են ամենաանկանխատեսելի հետեւանքներով՝ կրոնական հողի վրա հակամարտության ծագմամբ:

 

Ուստի` օրենքը պետք է քաղաքացիներին պաշտպանի նման մարդկանց ներգործությունից եւ պետք է, որ.

1. օրենքով բացառել կրոնական կազմակերպության ուսմունքի ու գործունեության գաղտնիությունը եւ պահանջել, որ հավանական հետեւորդին հենց սկզբից պետք է տեղյակ պահել ամբողջ ուսմունքին ու գործելակերպին, ինչպես նաեւ աներկբա ապահովել նրա` կազմակերպությունից ազատորեն դո՛ւրս գալու իրավունքը:

 

2. օրենքով նախատեսել քաղաքացիների ազատության հավասար պաշտպանություն:

3. Ճանաչել եւ ընդունել թե՛ առանձին քաղաքացիների եւ թե՛ ամբողջ հասարակության տոտալիտար աղանդների կպչուն ազդեցությունը, այդ թվում նաեւ իրենց կանխահայտ անբարեխիղճ ազդագրերից ազատ լինելու իրավունքը:

 

Հայ հասարակության սոցիալական կայունության սասանման համար հիմնական սպառնալիքներից է ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող հայ ընտանիքի, ավանդական սոցիալական կապերի քայքայումը: Դրան նպաստող կարեւոր գործոններից է քայքայիչ կրոնական կազմակերպությունների ազդեցությունը: ՀՀ-ում տիրող իրավիճակն այս տեսանկյությից բնութագրող լուրջ վիճակագրական տեղեկություններ, ցավոք սրտի, գոյություն չունեն, քանի որ արդի «վտանգավոր աղանդավորական» կազմակերպության կամ տոտալիտար աղանդների կամ «Նոր կրոնական ու գաղափարական շարժումների եւ հոգեբանական խմբերի» գործունեության հետեւանքները ուշադրության առարկա չեն դարձել: Այս փաստի առկայության ահազանգերը, սակայն, մասնակիորեն արտահայտվում են ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդին (այժմ արդեն լուծարված) հղված քաղաքացիների դիմում-բողոքները (այս մասին կարող են վկայել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ արդարադատության նախարարության տվյալները, գուցե նաեւ համապատասխան խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները, ՀՀ հոգեբուժական հիվանդանոցները...):

Սակայն արտերկրյա փորձը ցույց է տալիս, որ այն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Այսպես, Գերմանիայում կատարաված ուսումնասիրություններն, օրինակ, ցույց են տվել, որ այնտեղ ավելի քան 200.000 երեխաներ ենթարկվում են իրենց ծնողների ինտենսիվ հոգեբանական մշակմանը, որոնք հանդիսաանում են տարբեր կրոնական աղանդների ակտիվ հետեւորդներ: Այս մասին 1996թ. հայտարարություն է կատարել «Երեխաների օգնության գերմանական ընկերությունը»: Ըստ այսմ, ներկայումս այդ երկրում հայտնվել է աղանդների «երկրորդ սերունդը», որոնք ամենուրեք սեփական մանկապարտեզներ ու դպրոցներ են ձեւավորում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում գործնականում բացակայում է անհրաժեշտ օրենսդրական եւ նորմատիվ դաշտը, կարելի է պատկերացնել մեր երկրում տիրող այս աղետի ծավալները:

 

Մասնագետների պնդմամբ, աղանդները ծայրահեղ քայքայիչ ազդեցություն են թողնում հասարակության տարբեր մակարդակների՝ անհատական, միկրոսոցիալական (ընտանիք, սոցիալական խումբ, աշխատանքային կոլեկտիվ) եւ մակրոսոցիալական (ամբողջ հասարակություն) առողջության վրա: Հաճախ աղանդի մեջ ներքաշված անձանց բարեկամները (նրանց ծնողները, երեխաները, ամուսինները)՝ ընտանիքի քայքայման, հարազատների ու մերձավորների փաստական կորստյան հետեւանքով, տեւական սթրեսային ապրումներ են ունենում:

Այստեղ առկա է մեկ այլ առանձնապես բացասական կողմ՝ սոցիալական որբությունը՝ ծնողների կենդանության պայմաններում: Աղանդների մեջ հավաքագրված ծնողների կողմից լքված երեխաներն ու անչափահասները դատապարտված են ծանր հոգեբանական տրավմաների: Այստեղից էլ՝ քրեական վարքի եւ հոգեկան հիվանդության մեծ ռիսկայնությունը:

 

Խնդրի մյուս կողմը կապված է տոտալիտար աղանդներ տարված կամ «նոր պայմաններում» ծնված երեխաների հետ: Նման երեխաների համար օտար, անընդունելի եւ անգամ թշնամական են հայրենիքը, սեփական ժողովրդի ավանդությունների սրբությունն ու հոգեւոր արժեքները, ազգակցական կապերը: Այլ տեղեկությունների ու այլ տեսակետների բացակայության (դրանց վրա դրված արգելանքի) պայմաններում նման երեխաները ձեւավորվում են որպես աղանդի հեղինակությունների հլու-հնազանդ ծառաներ, որոնք, իհարկե, թույլ չեն տա նրանց ազատագրվել:

Ինչպես ցույց է տալիս ռուսաստանյան փորձը, բազմաթիվ տարեց մարդիկ՝ աղանդի առաջնորդների ներշնչանքի ազդեցության ներքո, վաճառելով իրենց քաղաքային բնակարանները, գումարը նվիրաբերում են աղանդի «ուսուցիչներին»: Փոխարենը ապաստան են գտնում խուլ վայրերում՝ զրկվելով բժշկին դիմելու իրավունքից: Իսկ ի՞նչ է սպասում նման մարդկանց այն դեպքում, եթե քայքայվի աղանդը կամ իրենք հուսախաբություն ապրեն վերջինիս գործունեությունից՝ մանավանդ իրենց ծերության անօգնական հասակում: Նրանք այլեւս տեղ չեն ունենա վերադառնալու... Չէ՞ որ տոտալիտար աղանդներում պահանջվում է խզել հասարակական բոլոր նախկին կապերը՝ ներառյալ ընտանեկանը (ի միջի այլոց, կապերի խզումը տարբեր մարդիկ տարբեր կերպով են հասկանում. եղել են դեպքեր, երբ հետեւորդը գազանաբար սպանել է իր մորն ու տատին): Այսինքն` աղանդների խաբեության հետեւանքով, նրա հետեւորդներն իրենց ամբողջ ուժն ու ունեցվածքը նվիրաբերելով աղանդին կամ այլեւս տալու բան չունենալով` օր ծերության դուրս են շպրտվում աղանդից՝ մնալով անտուն ու անօգնական: Սոցիալական տարբեր մակարդակների վրա թողած քայքայիչ այս ազդեցության մասին տեղեկություններն ամրագրված են տարբեր երկրներում: Օրինակ` Ռուսաստանում աղանդների աղդեցությամբ քայքաված ընտանիքների թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի (փորձագետների հաշվարկի համաձայն՝ 250.000): Նկատի ունենանք նաեւ, որ խորհրդային շրջանում իր բնականոն զարգացումից զրկված Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության պասիվության, վերջին տասնամյակում բնական աղետի, տնտեսակարգի կտրուկ փոփոխության, տնտեսության անկման, էներգետիկ ճգնաժամի, գործազրկության, կյանքի մակարդակի անկման եւ բնակչության սթրեսայնության մակարդակի բարձրացման, անբարենպաստ սոցիալական կացության պայմանները պարարտ հող են ստեղծել աղանդների գործունեության համար:

 

Աղանդների ուսումնասիրության ընթացքում նրանց ծեսերում մասնագետների կողմից ի հայտ են բերվում տրանսի, էքստազի եւ այլ հոգեբանական հնարքների տարրեր, որոնք մի կողմից բացատրվում են նախընտրած պաշտամունքի նկատմամբ նվիրվածությամբ, բայց մյուս կողմից նպաստում են ֆանատիզմի եւ ծայրահեղ վարքի դրսեւորումների, որոնք այս կամ այն կերպ սպառնում են ընտանիքին եւ հասարակությանը (նկատենք, որ ավանդական կրոններում նման դրոեւորումները դիտվում են որպես մեղք եւ պարսավանքի առարկա դառնում):

Փորձենք շարադրել այն վնասները, որոնք աղանդները կարող են պատճառել ընտանիքին՝ ուրեմն նաեւ հասարակությանը.

 

1. ընատնիքների քայքայումը,

2. սոցիալական որբերի ի հայտ գալը՝ աղանդավոր ծնեղների կողմից լքված երեխաներ,

 

3. աղանդին հարած երեխաների կողմից իրենց տարեց ծնողներին անխնամ թողնելը,

4. անլիարժեք դարձած ընտանիքներում երեխաների դաստիարակության խնդիրը,

 

5. ողբերգություն, որը կապված է աղանդի ղեկավարների կողմից իրենց հետեւորդներին՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու եւ իր մասը աղանդին հանձնելու հարկադրանքի հետ,

6. ընտանիքի աղանդավոր անդամի կողմից իր մերձավորներին աղանդի մեջ ներգրավում

 

7. ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն, որը՝ կրոնական դրդապատճառներից ելնելով, աղանդավորն իրականացնում է իր ընտանիքում` մանավանդ երեխաների նկատմամբ:

20-րդ դարում աղանդներում ի հայտ եկավ մի նոր երեւույթ՝ մարդուն կամազուրկ դարձնելու եւ նրա մտքերի, զգացմունքների ու վարքի վերահսկողությանն ուղղված ժամանակակից հոգեբանական ներգործությունների պարբերական կիրարկում:

 

Մասնագետների կողմից տոտալիտար աղանդներ կամ քայքայիչ պաշտամունքներ են կոչվում այն աղանդները, որոնք խախտում են իրենց անդամների իրավունքները եւ վնաս են հասցնում նրանց՝ «գիտակցության վերահսկողություն» կոչվող որոշակի մեթոդների օգտագործման ճանապարհով: Աղանդների քայքայիչ եւ տոտալիտար բնույթը որոշվում է ոչ թե նրանց հավատալիքով, այլ՝ նրանց գործունեության մեթոդներով:

Գոյություն ունեն գիտակցության վերահսկման-կառավարման զանազան հոգեբանական միջոցներ, բայց դրանք կարող են արդյունավետ լինել, միայն երբ մարդն ինքն է թույլ տալիս դա կամ երբ նա կորցրել է հավասարակշռությունը, ինքնատիրապետումը կամ թուլացրել կամային հատկությունները:

 

Հոգեկան խորը ցնցումները, հուզկանությունը, ընկճվածության եւ դրանից ելքեր որոնելու, հոգեկան էքստազի (հուզավառության) ու զանգվածային հիստերիայի վիճակները հոգեկան հավասարակշռության խախտումներ են: Ստրեսային նման իրավիճակներում հայտնված մարդը դառնում է խոցելի եւ ազդվող, հոգեբանորեն թուլացած եւ առավել դյուրակառավարելի: Ուստի եւ աղանդներից շատերը օգտագործում են մարդկային այդ վիճակները կամ մշակում եւ /կամ յուրացնում են հոգեբանության կողմից արդեն իսկ մշակված այն տեխնիկաները, որոնց միջոցով գրգռելով մարդկանց՝ հասցնում են հիշյալ վիճակների եւ պարարտ հող ստեղծում իրենց գաղափարների ներարկման, ինդոկտրինացիայի համար: Նման վիճակները աղանդների առաջնորդների կողմից ներկայացվում են որպես Աստծո կողմից ընտրյալության, Նրա ներգործության, Նրա հետ հաղորդակցության հետեւանք:

Պատահական չէ, որ աղանդների մեծամասնությունը (բարեգործությունների անվան տակ) Հայաստան ներխուժեցին երկրաշարժից հետո: Հայ ժողովրդին երկրաշարժի հասցրած ծանր վերքն ու վիշտը (ստրեսային իրավիճակ) վերջիններիս մեծամասնությունն ընկալեց որպես հոգիներ որսալու եւ ազդեցության գոտիներ ստեղծելու իդեալական պայման:

 

Բացի այդ, աղանդների (գրանցված կամ չգրանցված խմբեր, անհատներ) մի մասը սովորություն ունի իր աղոթաժողովների կամ հատուկ սեանսների ընթացքում զանգվածային կամ անհատական «բժշկություններ» իրականացնել, որի ժամանակ «բժշվողների» վրա՝ առանց նրանց գիտության, կիրառում են զանազան թմրանյութեր ու հոգեբանական տեխնիկաներ եւ առաջացնում հոգեբանական կախվածություն:

Թմրանյութերի օգտագործման մասին: «Որոշ քայքայիչ կրոնական կազմակերպություններում հատուկ թմրեցնող նյութերի գործածումը: Նման թմրեցուցիչ պատրաստուկները (երբեմն դրանց կոչում են «պսիխոդելիկներ») մարդկությանը հայտնի է հազարավոր տարիներ ի վեր: Հին հնդկական «Ռիգվեդա» էպոսի 120 տներում նկարագրվում է առասպելական «սոմա» թմրեցնող պատրաստուկը, ինչը մեծ ազդեցություն է թողել հինդուիզմի կրոնի զարգացման վրա եւ, որոշ տվյալների համաձայն, պատրաստվել է լայնորեն տարածված կարմիր մուխամոր (Amanita muscara) տիպի հալյուցինագեն սնկերից: Ծիսկան ըմպելիքների մեջ սոմայի ավելացումն ու հավատացյալների կողմից դրանց օգտագործումը վերջիններիս մոտ էքստազ (հուզավառություն) էր առաջացնում, սիրտը լցնում ուրախությամբ եւ եռանդով, տրամադրում նրանց անմահության հավատքի: Այս ապրումները եւ դրանք կրկնելու կարիքը համախմբում է կրոնական համայնքին եւ դրա հետեւորդներին լիակատար կախման մեջ դնում ղեկավարներից:

 

Նույն այս հնարանքները կիրարկվում են որոշ ժամանակակից քայքայիչ կրոնական կազմակերպություններում: Այսպես` Մոսկվայի թիվ 12 կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ Է.Ի.Պանչենկոն, մի շարք այլ մոսկովյան հոգեբույժների, որոնք «Սպիտակ եղբայրակցություն» աղանդի հետեւորդ հաճախորդներ են ունեցել, չեն բացառում, որ այս կազմակերպության մեջ լայնորեն օգտագործվող «հաղորդության գինու» մեջ խառնում են նաեւ պսիխոտրոպ միջոցներ»: « Որոշ քայքայիչ կրոնական կազմակերպությունների հետեւորդներին ծրագրավորված ահաբեկիչ-կամիկաձեի վերածելու նպատակով»:

Հոգեբանական ազդեցության այլ միջոցների մասին: Հոգեբանական մեկ այլ որոգայթ է մարդուն հմայելը. «սիրո ռմբակոծությունը» առկա է ցանկացած աղանդում, որով եւ հմայում են մարդուն:

 

Ինչ-ինչ ստրեսի հետեւանքով մարդը հայտնվում է մոլորոված-օտարված վիճակում: Նա չգիտի, թե ում հետ փոխանակի իր տպավորություններն ու մտորումները: Եվ հանկարծ հայտնվում է աղանդավորների միջավայրում. նա զգում է, որ իրենով «անկեղծորեն» հետաքրքրվում են, որ վերջապես, նա իսկական ընկերներ է ձեռք բերում, ինչի մասին երազում էր: Բայց, մի քանի օր անց այն բանից հետո, երբ նա արդեն վարժվել էր իր նոր ընկերներին ու արդեն նրանց կարիքն էր զգում, սկսում է ինչ-որ բան այնպես չանել՝ նրա արածն սկսում է անհաճո լինել, նրա տված հարցն ինչ-որ այն չէ: «Լավագույն ընկերները» միանգամից խոժոռադեմ, չոր ու խիստ են դառնում, նրանից երես դարձնում՝ պատճառաբանելով զբաղվածությունը: Նախկին վերաբերմունքը վերականգնելու համար, մարդը պատրաստ է հրաժարվել իր հարցերից եւ կասկածանքներից, միայն թե կրկին շահի նրանց բարեհաճությունը: Այս պարզ հոգեբանական մեխանիզմը շատ լավ է գործում երիտասարդության միջավայրում:

Մահաբեր աղանդների մասին: Բավական է հիշել մահացության հարյուրավոր դեպքերը, որոնցով ավարտվեցին Ջիմ Ջոնսոնի, Դեյվիդ Կորեշի աղանդների պատմությունը: Չէ՞ որ մենք գործ ունենք անառարկելիորեն հնազանդվող ստրուկների բանակի հետ, որոնց համար գոյություն չունի անկարելին: Էլ չխոսենք աղանդավոր ծնողներից ծնված երեխաների դժբախտացած կյանքի մասին: Ջոնսոնի եւ Կորեշի զոհերի ավելի քան մեկ երրորդը երեխաներ են եղել: Արդյոք, նրանք հնարավորություն ունեի՞ն ընտրություն կատարել պարտադրվող մահվան ու ի՛նքնասպանության միջեւ:

 

Առանց այդ էլ մենք լարվածության շատ առիթներ ունենք՝ կապված հակամարտության, վտանգավոր իրադրությունների հետ: Եկեք դրանց չավելացնենք եւս մեկը, որը հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով՝ հակամարտություն կրոնական հողի վրա:

Աղանդներից ազդվածների վերականգնման մասին: «Իրականում այնքան էլ դյուրին գործ չէ նարկոտիկ կախվածության մեջ ընկած մարդուն բուժելը, ինչն անելու հայտ են ներկայացնում շարունակ ստեղծվող «վերականգնողական կենտրոնները» (հատկապես աղանդավորական բնույթի): Հոգեբան եւ բժիշկ-հոգեթերապեւտ ուսանողների համար նախատեսված բոլոր դասագրքերում հստակորեն նշվում է հիվանդության կրկնման առավելագույն սահմանային ժամկետը՝ ճգնաժամային վիճակից դուրս բերելուց 5-6 շաբաթ հետո: Այդ ժամանակահատվածում թմրամոլների մոտ ուժգնանում է տրամադրության անկումը եւ նրանք հակվում են կրկնելու անցյալը, այսինքն՝ կրկին թմրադեղեր ընդունել: Հիվանդները հենց այս ընթացքում են դառնում ներշնչման համար առավել խոցելի, իրենց գիտակցության մանիպուլիացիային ենթարկվող: Սա ամենանպաստավոր շրջանն է ինչպես արդյունավետ բժշկական ներգործության, այնպես էլ «վերականգնողական կենտրոնների» քողի ներքո աղանդի մեջ հավաքագրելու համար: Եվ եթե նախկինում անհատը կախվածություն է ունենում միայն թմրադեղերից, ապա «վերականգնողական կենտրոններ» հաճախելուց հետո, նա կախվածության մեջ է ընկնում նաեւ աղանդից՝ դառնալով լիովին նրան հնազանդ, թուլակամ եւ նախաձեռնությունից զուրկ: Աղանդը վերջնաանապես ճնշում է մարդու կամքը, նրա քննադատական դատողության ունակությունը, մեկուսացնում է ԶԼՄ-երից, իրականացնում է խիստ հո•եբանական բռնություն: Այդ կենտրոններում «վերականգնում» ասվածը հիմնված է «բժշկողի» կամքին անխուսափելիորեն ենթարկվելու, Աստվածաշունչ ընթերցելու եւ հիվանդին արհեստականորեն տրանս կոչվող հատուկ հոգեկան վիճակների մեջ գցելու վրա, երբ թմրամոլը «հանկարծ» իբրեւ թե պայծառանում է «ճշմարտության ճանաչողությամբ», նրա մեջ արթնանում են անսովոր հոգեւոր ունակություններ, մասնավորապես «հրեշտակային լեզուներով խոսել», աննկարագրելի «հոգեւոր ցնցում», «տեսիլներ», որոնք նման են այն «կայֆին», որը զգում է սովորական թմրամոլը: Ավանդական Եկեղեցու կողմից քարոզվող խոնարհության, հնազանդության եւ կրոնական ֆանատիզմի միջեւ սահմանը միանամայն ջնջվում է աղանդում: Նման իրավիճակում մարդուն կարելի է ցանկացած բան ներշնչել»,-Պավել Պապանդուպալո՝ հոգեբույժների համաուկրաինական ասոցիացիայի անդամ, Չերկասկի մարզի Պավլովի անվան հոգեբուժական հիվանդանոցի թմրաբանության բաժանմունքի վարիչ:

 

Իրենց մեջ աղանդից դուրս գալու ուժ գտած մարդկանցից լիարժեք առողջացման համար պահանջվում է միջին հաշվով երկու տարի: Որոշ աղանդներ շատ ավելի ծանր հետեւանքներ են թողնում, քան մյուսները, ընդ որում, դա ուղղակիորեն կապված չէ ծեսերին ու ծրագրավորումներին մարդու մասնակցության ժամանակի քանակից: Փորձը ցույց է տալիս, որ ամենադժվարը սայենթոլոգիայի թողած հետեւանքների վերացումն է, թեեւ այն իր հետեւորդներից ավելի քիչ ժամանակ է պահանջում տրամադրել, քան՝ կրիշնայականները կամ մունակնները: Կրիշնայականները ծեսերի եւ համատեղ աղոթքների վրա միջին հաշվով ծախսում են շաբաթական 70 ժամ, մունականները՝ 52 ժամ, իսկ սայենթոլոգները՝ 43 ժամից էլ պակաս: Սակայն կրիշնայիզմից հեռացած անձից իր վերականգնման համար պա-հանջվում է միջինը 11 ամիս, նախկին մունականից՝ 16 ամիս, իսկ սայենթոլոգից՝ 25 ամիս (թվերը բերված են Ջին Ռիչիի «Պաշտամունքների գաղտնի աշխարհը» գրքից): Բայց նույնիսկ այս դեպքում «առողջանալը» լոկ հարաբերական տերմին է: Գոյություն ունեն նաեւ երկարաձգվող հետեւանքներ, որոնք դեռ երկար տարիներ շարունակվում են դրսեւորվել: Համաձայն բազմաթիվ նախկին աղանդավորների հետ աշխատանք տարած մի խորհրդատուի տեսակետի, ոչ ոք չի կարող լիովին ձերբազատվել սայենթոլոգիայի թողած հետեւանքներից:

Ելնելով հավատքի ուսմունքից` մի շարք հեղինակավոր փաստաղթերում կամ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում արձանագրված փաստական նյութերից, ինչպես նաեւ հակաաղանդավորական հասարակական կազմակերպությունների տվյալներից, ընտանիքի առումով առավել քայքայիչ կրոնական կազմակերպություններ, ի թիվս այլոց, հանդիսանում են.

 

«Կրիշնա գիտակցության ընկերությունը», «Միավորման եկեղեցին», «Սայենթոլոգիայի եկեղեցին», «Եհովայի վկաները», «Բահայի համայնքը», «Տեղական եկեղեցին» (Վոչման Նի), «Նորառաքելոց եկեղեցին», «Խարիզմատները կամ Կյանքի խոսք եկեղեցին», «Ընտանիքը կամ` Աստծո զավակները», «Քրիստոսի եկեղեցի» կոչվածը (Բոստոնյան շարժումը) եւ այլոք:

Մուն (Մունի եկեղեցի), Ջոզեֆ Սմիթ (մորմոններ), Ռոն Հաբբարդ (սայենթոլոգիա), Սեկո Ասահարա (Աում Սենրիկյո), Ռասսել (Եհովայի վկաներ)՝ այս մարդիկ, ովքեր կրոնը դարձրել են իրենց մասնագիտությունը, կենդանության օրոք վերածվում են կուռքերի եւ աստվածների հազարավոր հետեւորդների համար: Վերջիններս իրենք իրենց հայտարարելով մարգարե կամ աստված` աղանդների հետեւորդներին դնում են ընտրության առաջ՝ հնազանդություն ամեն ինչում եւ միշտ, հակառակ դեպքում` ընդվզում Աստծո դեմ, որին հետեւելու է պատիժը: Նրանք օգտագործում են զանզան միջոցները աղանդավորական կազմակերպություն «ստեղծելու» եւ մարդկանց այդտեղ պահելու համար, որպեսզի հոգեբանորեն միավորեն դժվարությունների մեջ հայտնված մարդկանց, ստեղծեն ամուր կոլեկտիվ, արհեստականորեն հեռացնեն նրանց հասարակությունից, ձեւավորեն նրանց մոտ «յուրահատուկ» եւ «լավագույնը լինելու» գիտակցությունը: Անհեթեթ կամ նվաստացուցիչ պահանջները կոչված են հոգեբանորեն կոտրել եւ կապել նրանց աղանդին: Երբ մարդ հլու հնազանդ է, նրան ավելի հեշտ է վերահսկել:

 

 

Դիտվել է 4739
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.