Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Սիրո շուրջ ենք համախմբվում

Սիրո շուրջ ենք համախմբվում

 2011թ դեկտեմբերի 25-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ միջոցառում էր կազմակերպվել Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում: Կիրակնօրյա դպրոցի սաներին շնորհավորելու էին եկել Ձմեռը պապը և ծաղրածուներ: Երեխաները երգում, պարում և արտասանում էին: Իսկ երեկոյան կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի երեխաները պատրաստել էին ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառում համայնքի անդամների համար:
Միջոցառումը սկսվեց Լեոնիդ Ենգիբարյանի «Հովանոց» ներկայացման նախաբանով: Ավագ խմբի ուսուցչուհի տիկին Հրանուշի խոսքերով, ներկայացման այդ հատվածը բեմականացնելու նպատակն էր տանել զուգահեռներ քրիստոնեական պատգամների հետ. «Նյութական տան և հավիտենական տան խորհուրդն էր. նրանք տուն չունեին, հովանոցի տակ էին, բայց դրանով երջանիկ էին, պարզապես նյութականությունը խանգարեց երջանկությանը: Ասելիքն էր, որ միայն նյութականով չէ մարդ երջանիկ, այլ նաև սիրով ու հավատքով: Սիրո շուրջ ենք համախմբվում և եկեղեցում ենք համախմբվում»:
Միջոցառումը շարունակվեց երեխաների կատարմամբ շարականներով, Սուրբ Ծննդյանը նվիրված երգերով: Հնչեցին հայկական երգերի շարան` քանոնի նվագակցությամբ, Վիվալդիի «Չորս եղանակներ. Ձմեռ» ստեղծագործությունը` ջութակի նվագակցությամբ:
Միջոցառման ավարտին Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանան իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց ուսուցչուհիներին և երեխաներին: Նա նշեց, որ նոր է ձևավորվում երգչախումբը և այդ օրը նրանց առաջին ելույթն էր: Ամփոփվեցին 2011 թ.-ի ձեռքբերումները` լրագրողական խմբակ, կայք, ծխական համայնքի, կիրակնօրյա դպրոցի գործունեությունը:
Վերադառնալով օրվա խորհրդին Տեր Եսային ասաց. «Քրիստոսի ծննդյան խորհրդի մեջ տեսնում ենք ոչ միայն Աստծո սերը մարդկանց նկատմամբ, այլ նաև մարդու սերը մարդու նկատմամբ»:
Սբ. Երրոդություն եկեղեցում մարդիկ իսկապես սիրում են միմյանց և այդ սերը սերմանում են նաև փոքրիկների մեջ:

Անի Ավետիսյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ
 

Դիտվել է 5243
2012.01.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.