Ընթերցանություն
Գլխավոր>Դատավարություն>Դատավարության պատմություն> Դատական գործընթացը շարունակվելու է վերաքննիչում

Դատական գործընթացը շարունակվելու է վերաքննիչում

Ինչպես և սպասվում էր, սույն թվականի նոյեմբերի 28-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը (դատավոր Տիգրան Պետրոսյան) կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տուժող կողմի` Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի կողմից: Նույնկերպ է վարվել նաեւ մեղադրվող կողմը, հարազատ մնալով Հայաստանում կրոնական կազմակերպությունների դատաիրավական դաշտում ծավալած գործնական ձեռագրին: Դատավոր Տ. Պետրոսյանի հրապարակած դատավճիռը չի բավարարել նաև դատախազ Արթուր Կուբանյանի սպասելիքները: Նա գտնում է, որ Ա. Մակվեցյանի կատարած հանցագործության համար սահմանված պատիժը անհիմն կերպով մեղմ է: Դատախազը պատժաչափի խստացման մասին դիմումով դիմել է Վերաքննիչ քրեական դատարան:
          Տուժող կողմը Վերաքննիչ քրեական դատարանում պնդում է մեղավոր ճանաչել Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանին 2011 թվկանի մայիսի 15-ին Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի համար առաջադրված մեղադրանքի բոլոր` 4 կետերով` ՀՀ քր.օր 118 հոդվածով (ծեծ կամ բռնի այլ գործողություններ), 137 հ. 1-ին մասով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը), 322 հ. 1-ի մասով (իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ իրականացնելը) և 143 հ. 1-ին մասով (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունն ուղղակի կամ անուղղակի խախտելը, որը վնաս է պատճառել անձի օրնական շահերին): Եհովայի վկայի պաշտպանական կողմը որոշել է նախ ազատ արձակել 6-ամսյա ազատազրկման ենթարկված հոգեորսին, ապա նոր` վերաքննիչ դատարան դիմելով, ապացուցել, որ Ա. Մակվեցյանը «ինքնաբուխ» և կամ թերեւս «արդարացի կերպով» է հոգևորականին հարվածել, խլել բջջայինն ու սպառնացել, թե` «կոկորդդ կկրծեմ»: Եհովայի վկայի պաշտպանական կողմը վճռի հրապարակումից 5 օր հետո Ա. Մակվեցյանին ազատելու մասին դիմումով ներկայացել է Վերաքննիչ քրեական դատարանին` ներկայացնելով իր օրենդրական տեսակետից «էկզոտիկ» պահանջները:
         Լուրեր են պտտվում, որ Եհովայի վկային պաշտպանելու են ելել նաև մի շարք հասարակական «օտարասեր» կազմակերպություններ, որոնց անվանացանկը դեռ որևէ տեղ հրապարակված չէ, բայց գրանտակերության մասով հիմնավոր կասկածներ կան: Այս կազմակերպությունների անդամները ևս իրենց իրավունք են վերապահել առանց օրենսդրական որեւէ ծանրակշիռ հիմքի դիմել Վերաքննիչ քրեական դատարան` հիշեցնելով, թե իբր դատաիրավական ոլորտի պատասխանատուները խախտում են կրոնական կազմակերպության ներկայացուցչի խղճի և կրոնի ազատության իրավունքը:
     Թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «հոգևորական-աղանդավոր» հակամարտության քրեական դրսևորումը` առաքելական մարդու կրոնական նախընտրության և հոգեւոր անվտանգության իրավունքի պաշտպանության տեսակետից, երևի կպարզվի արդեն եկող տարի, բայց որ այս մասին տեղեկատվությունն ինքնին զգոնության կոչնակ է ազգապահպան ուժերի համախմբման և գործնական նախաձեռնությունների համար, ակնառու է: Համենայնդեպս, և' կրոնական կազմակերպությունների անդամների իրավախախտ գործունեության հանդուրժումը, և' քաղաքացիների հոգևոր անվտանգության համար պատասխանատուների պասիվությունը հիմք են եզրակացնելու, որ շուտով շատերն են հոգեորսությունից պաշտպանվելու խնդրի առաջ կանգնելու:


Սուսաննա Մարգարյան
 

Դիտվել է 1194
2011.12.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.