Ընթերցանություն
Գլխավոր>Բարի կամք> Նրանք սպասում են մեզ

Նրանք սպասում են մեզ

 Հարավ-Արևմտյան թաղամասում կա մի շենք, որտեղ ապրում են միայնակ ծերեր և հաշմանդամներ: Այդ շենքի բնակիչներից է Կատյա տատիկը:
Նա վատ է լսում և դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել իր մեկսենյականոց բնակարանում: Երբ մտանք նրա տուն, միանգամից մեր առջև բացվեց ցուրտ 90-ականների ձմեռների տեսարան:
Փոքրիկ բազմոցին նստած, շալով փաթաթված մի կին գիրքը ձեռքին կռացել էր էլեկտրական վառարանի մոտ: Ներս մտանք, ներկայացանք. նա ժպտաց, վառարանը շրջեց մեր կողմ. «Տաքացե´ք» :
Կատյա տատիկի կյանքը շատ դժվարին է եղել: Երբ գրքում նման պատմություն ես կարդում, թվում է, թե այնքա~ն հեռու է այդ ամենը քեզանից, ուրիշ աշխարհում կատարված մեզ չվերաբերող մի իրողություն, սակայն երբ զրուցում ես կենդանի մարդու հետ` հասկանում ես, որ նա մի ամբողջ աշխարհ է` իր մտորումներով, ապրումներով, հույզերով, ցավերով, որ նա կարիք ունի հասկացվելու, իր ցավերը կիսելու մեկ ուրիշի հետ, զգալու, որ անապատում չի ապրում և ոչ էլ անմարդաբնակ կղզում կամ մոլորակում, այլ` մարդկանց մեջ, մեզ հետ:
Կատյա տատիկը վաղ հասակից ծնողազուրկ է դարձել: Հորը` Հակոբ Քոչարյանին, որպես հայ դաշնակցական սպայի բոլշևիկները գնդակահարել են, մորը` բանտարկել, և երեխան տարվել է Քանաքեռի մանկատուն, որտեղից էլ հետագայում քեռիները նրան վերցրել-տարել են Էջմիածին: Բանտից դուրս գալուց հետո` 1949թ.-ին, մայրը և Կատյան ևս 3600 հայ ընտանիքների հետ աքսորվում են Սիբիր, որտեղ մայրը մահանում է: 22-ամյա աղջիկը մնում է մենակ:
7 տարվա աքսորից հետո` Ստալինի մահից հետո Կատյան վերադառնում է Հայաստան, որդեգրում և մեծացնում երկու երեխա, կրթություն տալիս, ամուսնացնում:
Հիմա Կատյա տատիկը 83 տարեկան է, բայց կրկին մենակ է: Նրա թոշակը 18 000 դրամ է, որից 6 000 դրամը մուծում է բնակարանում ծախսած հոսանքի դիմաց: Նա չի կարողանում ինքնուրույն դուրս գալ տնից` խանութից օրվա հացը գնելու համար:
Իր ամբողջ կյանքում Կատյա տատիկը ստեղծագործել է: Առ այսօր էլ գրում է իր հուշերը, իր կյանքի պատմությունը` փոխաբերական և ուղիղ իմաստով, գրում է անթիվ բանաստեղծություններ` մարդկային տառապանքի, վշտի, երջանկության, իսկ շատերն էլ` մոր մասին:
Կատյա տատիկը սիրում է կյանքը և բանաստեղծություններից մեկում ասում է. «Ով կյանքին և մահվանը ճիշտ է վերաբերվում` նա է երջանկություն գտնում», «Ում հույսը ուժեղ է անհուսությունից` նա է կյանքում հաջողության հասնում»: Այդ ամենի հետ մեկտեղ` նա ամեն օր պատերազմում է, կռիվ է տալիս կենցաղային առօրյա դժվարությունների, հիվանդության և մենակության դեմ, որը համարելով մարդու ամենադաժան թշնամի` 1995թ.-ի սեպտեմբերի 21-ին գրել է.

Մենակություն չէի կամենա կյանքում ոչ մեկին.
Ո’չ հարևանիս, ո’չ էլ որևէ մի ազգականիս,
Սարի գազանին, գազանին վայրի
Չէի ցանկանա, որ մենակ ապրի:
Մենակությունը, որ թշնամի է,
Չէի ցանկանա նույնիսկ թշնամուս.
Ինչպես կուզի թող կյանքն ընթանա,
Միայն թե մարդը մենակ չմնա:

Ծերանոցի շենքն արտաքին տեսքից գուցե ոչնչով չի տարբերվում մյուս շենքերից, միակ տարբերությունն այն է` որ ամեն բնակարանում ապրում է մեկ մարդ` միայնակ ծեր, ով ամեն օր արթնանալիս աչքը դռանը գցած սպասում է, թե ո՞վ այսօր կբացի այն, մի ջերմ խոսք կասի, կհարցնի. «Բարև, մայրիկ, ինչի՞ կարիք ունես, ես եկել եմ»:

Լուսինե Մխիթարյան
Աննա Կիշինևսկայա

Դիտվել է 5082
2011.04.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.