Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Լեզվախոսություն. խելացնոր բարբաջանք

Լեզվախոսություն. խելացնոր բարբաջանք

 Գրգռված, հուզական վիճակում գտնվող մարդու մոտ նկատվում է անհասկանալի խոսակցական, հաճախ տարօրինակ հնչյունների արտաբերում: Շատերն այսպիսի երևույթին ականատես են լինում սարսափ ֆիլմերում` առանց պատկերացնելու, որ այն կարելի է հանդիպել նաև իրականում, և որ այդ երևույթը կոչվում է լեզվախոսություն (глосолалия):

Հիշենք պատմությունը` հասկանանք ներկան

Իսկ որտեղի՞ց է սերում լեզվախոսությունը և ի՞նչ խնդիրներ ու հետևանքներ կարող է ունենալ:
Լեզվախոսությունը բնորոշ է եղել հին հեթանոս ազգերին, ոչ քրիստոնեական օկուլտ կրոններին, որոնց ծիսական ավանդույթը անդամներին մղում է հուզավառության վիճակի` նվազեցնելով բանականությամբ դատելու հնարավորությունները, որպեսզի անհատը դառնա անկառավարելի: Ըստ որոշ հեթանոսական ազգերի և աղանդավորական ուղղությունների, այդ դեպքում է միայն հնարավոր, որ Աստված իր նշանը դնի այդ անձի վրա: Լեզվախոսության ծեսը կիրառում են նաև հոգեպաշտները, որտեղ ամենահուզական անհատը, պաշտամունքային արարողությունների ժամանակ ընկնելով մտահափշտակության (էքստազ) մեջ, սկսում է անսովոր արտաբերություններ անել: Այդ նույն ձևով էին Աստծո կամքը հայտնում մարդկությանը երկրորդ դարի մոնտանական աղանդի հիմնադիր` իրեն մարգարե հռչակած Մոնտանոսը և նրա համախոհներ Մաքսիմիլլա և Պրիսկիլլա «մարգարեուհիները»: Եկեղեցու պատմությունը մոնտանականությունից հետո այլևս նմանատիպ աղանդի չի հիշում մինչև տասնյոթերորդ դարը, որից հետո առ այսօր մոնտանական աղանդի նման մի շարք աղանդներ են հանդես եկել Շոտլանդիայում, Անգլիայում:
Տասնիններորդ դարի վերջին ամերիկյան մայրցամաքում հոգեգալստական կամ պենտեկոստեական աղանդը, ընդլայնելով իր գաղափարական հիմնադրույթները, առաջ բերեց մի նոր ճյուղավորում՝ խարիզմատիկ շարժումը: Սրա հետևորդներն իրենց հերթին բաժանվեցին տարատեսակ աղանդների: Նմանատիպ աղանդներում անսովոր լեզվախոսությամբ առաջինը սկսել են խոսել կանայք, քանի որ իգական սեռը կենսաբանական տեսակետից ավելի զգայուն է, էկզալտիկ, քան արական սեռը:

Ինչպե՞ս շահարկել Սուրբ Հոգին և առաքյալների բարի անունը


Հոգեգալստականները և խարիզմատները զատորոշվում են «Սուրբ Հոգով մկրտությանը» հավատալով: Իրենց գրականության մեջ այն անվանում են «Սուրբ Հոգու էջք» կամ «Սուրբ Հոգով լցվել»` պնդելով, որ Սուրբ Հոգու մկրտությանը պիտի հետևի «լեզվախոսության շնորհը»: Նրանք հավատում են, թե «օտար լեզուներով» խոսելը լավագույն հատկանիշներից է, որով իրենք իրենց համարում են ընտրյալ, ում վրա իբր իջել է Սուրբ Հոգին: Այս պատճառով, երբ որևիցե մեկը ցանկանում է համալրել նրանց շարքերը, պարտադրում են նրան «օտար լեզուներով» խոսել, այսինքն, «նմանվի առաքյալներին», որոնք Պենտեկոստեի օրը օտար լեզուներով խոսեցին:
Աստվածաշնչում Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված առաջին նամակում (Ա Կորնթ.12.4-11) Սուրբ Հոգու թվարկած պարգևների մեջ լեզվախոսությունը ամենավերջում է դրված. առաջնային են խաղաղությունը, գիտությունը, հավատը, բժշկությունը, հրաշագործությունները, մարգարեությունները, զանազանելու շնորհը:
Եկեղեցու հայրերը և ուղղափառ աստվածաբանները նշում են, որ առաքյալներին չի տրվել անհասկանալի բարբաջանքներով խոսելու «շնորհը», այլ այնպիսի լեզուներ, որոնք հասկանալի են մարդկանց: Դրանք մեր իմացած օտար լեզուներն են, ինչպես հին անգլերենը, ֆրանսերենը կամ հնդկերենը: Նա նաև նշում է, որ ԱՄՆ-ում վերջերս լեզվախոսության մասին սեմինար էր կազմակերպվել, որտեղ մի շարք լեզվաբաններ ապացուցեցին, որ անհնար է որևէ օտար լեզու իմանալ առանց այն ուսումնասիրելու, այսինքն` լեզվախոսությունը չի կարող լեզու համարվել:

Լեզվախոսությունն իրական վտանգ է նաև մեր օրերում

Լեզվախոսության մասնակից է եղել նաև տասնյոթամյա Նվարդը: Նա չորս տարեկանից հաճախել է ավետարանչական շարժման հովանու ներքո գործող մանկապարտեզ, ապա` դպրոց:
Կիրակնօրյա և պատանյաց խմբեր հաճախելիս ավետարանչական շարժման մասնակիցները հավատացրել են Նվարդին, որ հզոր հավատքի դեպքում մարդիկ կարող են «օտար լեզվով» աղոթել: Նվարդն ասում է, որ աղոթքի ժամանակ մեկը կարող էր ուշագնաց լինել, մյուսի մոտ մարմնի որոշ մասեր կարող էին տաքանալ, սրանով «հասկանում էին, որ Աստված դիպչում է իրենց»: Յուրաքանչյուրի մոտ հուզումը տարբեր ձևով է արտահայտվել: Նվարդը պատմում է, որ աղոթելիս իրենք կանգնել են շրջանաձև, իրար ձեռք բռնած: Առաջնորդը բոլորի գլխին իր ձեռքն է դրել, ապա միասին փորձել են «օտար լեզուներով աղոթել»: Նվարդն «աղոթել է»` ոչինչ չհասկանալով, ապա ունեցել է ընկնելու աստիճանի գլխապտույտ: Այդ երևույթն առաջնորդը բացատրել է որպես «սատանայի հարձակում»:
Այսօր Նվարդն արդեն դուրս է ավետարանչական աղանդի ազդեցությունից և հաճախում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Նա համոզված է, որ լեզվախոսությունը միմիայն ներշնչանքի հետևանք է, և հիմա ինքն աղոթում է առանց նման տարօրինակ երևույթների`արժանապատիվ քրիստոնյային վայել խաղաղությամբ:

Զգուշացե’ք, լեզվախոսությունը զոմբիացման ձևերից է

Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը նշում է, որ մարդ լեզվախոսության ժամանակ էքստազի մեջ է ընկնում և չի կարող կանգ առնել: Մարդն այդ պահին ինքնախաբեությամբ կարծում է, թե հոգևոր ապրումներ ունի, ինչն իրականում դիվային ազդեցություն է և կարող է նույնիսկ հասցնել հոգեկան խանգարման: Վարդապետը նաև կարծում է, թե հեշտ ճանապարհով հնարավոր չէ ետ կանգնել այդ ուղուց: Մարդ պետք է կամովին ու գիտակցաբար հեռանա այդ մոլուցքից, իսկ հետևանքներից ազատվելը ժամանակ է պահանջում:
Հոգեբան, մարդաբան Սերգեյ Բաբայանն էլ կարծում է, որ մարդը լեզվախոսության ժամանակ սարսափելի վիճակում է գտնվում, կորչում է գիտակցությունը, մարդն այդ ժամանակ դառնում է ինքնուրույնությունից զուրկ, հեշտ կառավարելի: Ուղեղում սկսում է զոմբիացման գործընթաց: Դրա միակ ելքն այն է, որ մարդն ինքը գիտակցի, թե ինչ ծանր վիճակում է գտնվում և ետ կանգնի վտանգավոր ճանապարհից:
Ըստ Պողոս առաքյալի` Աստված պարգևները տալիս է յուրաքանչյուրին անհատապես, ինչպես Ինքն է կամենում և օտար լեզուներով խոսելու պարգևը պարտադիր չէ, որ բոլորն ունենան (Ա կորնթաց. 12:11):

Կարինե Սուգիկյան
Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 3243
2012.04.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.