Ընթերցանություն
Գլխավոր>Բարի կամք> Հարության տոնը ծերերի համար. մեկօրյա, թե՞ շարունակական ուրախություն

Հարության տոնը ծերերի համար. մեկօրյա, թե՞ շարունակական ուրախություն

Մեր միջավայրում նկատելի է, որ Սուրբ Զատիկը մեկ կամ ավելի շատ երկօրյա ուրախության տոն է շատերի համար, այնինչ այն շարունակական է, քանի որ Սուրբ Զատկից մինչև Հոգեգալուստ հարության օրեր են` տոնական, ուրախ օրեր: Այդ ուրախությունը յուրաքանչյուր մարդ յուրովի է ապրում. երեխաների համար այն ձվակռիվն էր, որոշների համար զատկական սեղանի շուրջ հավաքվելը, ոմանց համար Մեծ պահքից հետո, պատարագին մասնակցելով, հաղորդություն ստանալը: Հետաքրքիր էր իմանալ նաև արդյոք ուրախության առիթ էր Սուրբ Զատիկը Հարավ-արևմտյան թաղամասի «Վետերան» օթևանի մեծահասակների համար: Որոշները տանը չէին, մի բնակիչ հյուր ուներ` չկարողացավ խոսել, մի պապիկ էլ վատառողջ լինելու պատճառով չխոսեց: Իսկ յոթանասունհինգամյա Արաքսյա տատիկը հարության ողջույնով դիմավորեց և պատմեց, որ մանկության տարիներին Սուրբ Զատիկը իր համար միմիայն ուրախության և երջանկության օրեր են եղել, բայց հիմա չկա այդ ուրախությունը, գուցե պատճառը իր տարիքն է, հիվանդությունը կամ ֆինանսական վիճա՞կը. չգիտի: Նա նշեց, որ այս տարի Սուրբ Զատկի տոնին մասնակցել է Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագի, այնուհետև պատրաստել է զատկական բոլոր ճաշատեսակները: Արաքսյա տատին հավատում է Աստծուն, նեղության ժամանակ Աստված միշտ օգնում է իրեն, ամեն գիշեր քնելուց առաջ «Հայր մեր» աղոթքն է ասում, աղոթում է իր բոլոր հարազատների համար, ունի Նոր կտակարան, որ կարդում է, բայց արևմտահայերեն ուղղագրության պատճառով դժվարությամբ է հասկանում: Հավատում է նաև Քրիստոսի Հարությանը, համարելով այն յուրահատուկ դեպք, անցյալում կատարված հրաշք, բայց չի հավատում մեռելների հարությանը: Պատճառն այն է, որ երիտասարդ տարիներին քսանմեկամյա եղբորն է կորցրել (բանակում վթարի ենթարկվելով մահացել է): «Եթե մեռելների հարություն կա, ինչո՞ւ եղբայրս հարություն չառավ», - հարցնում է նա: Միևնույն ժամանակ Արաքսյա տատին ժամանակ առ ժամանակ հոգեհանգիստ է պատվիրում իր մահացած հարազատների համար:
Վաթսունմեկամյա տիկին Զինան ինչպես հարկն է, նշել է Սուրբ Զատիկը` գնացել է եկեղեցի, մոմ է վառել, պատրաստել է զատկական ավանդական բոլոր ճաշատեսակները: Աստվածաշունչ շատ քիչ է կարդում, հավատում է Քրիստոսի Հարությանը, բայց ինչպես Արաքսյա տատին, այնպես էլ ինքը, չի հավատում մեռելների հարությանը:
Յոթանասունմեկամյա Եպրաքսյա տատիկը նշեց, որ իր համար Սուրբ Զատիկը ամենամեծ սրբությունն է, քանի որ մեր փրկիչը` Հիսուս Քրիստոս, խաչվեց բոլորի համար և երեք օր հետո հարություն առավ: Դա ամենամեծ և ամենաթանկ պարգևն է իր համար: Նա զատկական բոլոր ճաշատեսակները պատրաստում է, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի և գտնում է, որ Սուրբ Զատիկը միայն ուտելով չի սահմանափակվում: Կարևորը, որ մարդը մաքուր լինի սուտ խոսելուց, ագահությունից, բամբասելուց, գողությունից, չարությունից: Աստված սեր է և այդ սերը մարդու մեջ պետք է բնակվի, քանի որ մարդուն հենց դա է հարկավոր: Եպրաքսյա տատին ամեն կիրակի հաճախում է Սուրբ Երրորդություն եկեղեցի պատարագի, ուրախությամբ նշեց, որ թե́ Ծաղկազարդի, թե́ Ավագ շաբաթվա և թե́ Սուրբ Հարության բոլոր արարողություններին մասնակից է եղել: Սուրբ զատկական տոնը և ուրախությունը շարունակելի է իր համար մինչև կյանքի վերջ: Իսկ մեռելների հարությանը նա հավատում է անկասկած, այդ մասին նա գիտի Աստվածաշնչից, որն իր ամենասիրելի և ամենօրյա ընթերցանության գիրքն է:
Սիմոն պապիկի համար այս տոնը դարերից եկած մի սրբություն է, հարգարժան մի տոն քրիստոնեության համար: Երբ կենդանի էր իր կինը , նրանք հաճախ էին գնում Սուրբ Սարգիս եկեղեցի, ճրագ էին տուն բերում, բայց հիմա տկարացել է, չի կարողանում հաճախ այցելել եկեղեցի: Ունի Աստվածաշունչ, հավատում է Քրիստոսի վերադարձից հետո մեռելների հարությանը և անհամբեր սպասում է այդ օրվան, քանի որ կտեսնի իր տղային և կնոջը: Ինչպես ինքը նշեց` առանց հարության հույսի անհնար է ապրել:
Հանդիպելով այս մեծահասակներին ` հիշեցի աղվեսի և գայլի մասին մի առակ, որում պատմվում է, թե գայլը, որն ընդհանրապես որևէ մարդու չէր տեսել, աղվեսին խնդրում է, որ իրեն իսկական մարդ ցույց տա: Երբ իրենք քայլում են ճանապարհով, հանդիպում են մի զառամյալ մարդու, նայելով ծերին`գայլն աղվեսին հարցնում է. «Սա՞ է իսկական մարդը»: «Ո ́չ,_պատասխանում է աղվեսը,- նա մարդ է եղել անցյալում»: Ակնհայտ է, որ այս մեծահասակները արժանանում են աղվեսի նման մտածելակերպ ունեցող վերաբերմունքի` առաջին հերթին իրենց հարազատների ու մարդկանց, ապա նաև` պետության կողմից:

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ

Դիտվել է 7215
2012.04.16
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.