Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Չարչարանաց ուրբաթ` կատարյալ սիրո օրինակ

Չարչարանաց ուրբաթ` կատարյալ սիրո օրինակ

Ավագ ուրբաթը հիշատակն է վեցերորդ օրվա Հիսուս Քրիստոսի արարչագործության, չարչարանքների և խաչելության: Հայ առաքելական եկեղեցում պատկանող բոլոր տաճարներում այդ օրը խավարման, խաչելության և թաղման կարգ է տեղի ունենում:
Չարչարանքներին նվիրված արարողության կարգը եկեղեցական օրենքի համաձայն տեղի է ունենում հինգշաբթի երեկոյան, քանի որ երեկոյան ժամերգությունից հետո է օրը փոխվում: Արարողության ընթացքում վառվում են 13 մոմեր, որոնք խորհրդանշում են առաքյալներին:Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են մոմերից երկուսը՝ յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղում վառվող մեծ մոմը։ Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր միայնակ: Իսկ 12 մոմերից մեկը սև գույն ունի: Այն խորհրդանշում է Հուդային։


«Խաչելությունից առաջ մերկացրին նրան և նրա վրա կարմիր վերնազգեստ գցեցին և փշերից պսակ պատրաստելով` դրեցին նրա գլխին և մի եղեգ`նրա աջ ձեռքին. Նրա առաջ ծնկի գալով ծաղրում էին ու ասում. «Ողջու~յն, հրեաների՛ թագավոր» և թքելով նրա վրա եղեգն առնում էին ու խփում նրա գլխին: Եվ երբ ծաղր ու ծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը և տարան նրան խաչը հանելու » (Մատթեոս 17. 28-31): Քրիստոս բոլոր չարչարանքները խաչափայտի վրա հանձն առավ և հոգին ավանդեց`մարդկության փրկության և մեղքերի քավության համար «Լիալուսինը թող սպառվի, աստղերը թափվեն, երկինքը արտասվի, երկիրը վայ տա, որ այսօր տեսա Քո վախճանը`խաչված ու անարգված» (Կտակ չարչարանց):
«Եվ վեցերորդ ժամից սկսած ամբողջ երկրի վրա խավար եղավ, մինչ իններորդ ժամը» (Մատթեոս 17. 45-46): «Արեգակը զրկվեց լույսից, լուսինը խավարից, և մի ակնթարթում միացան իրար » (Կտակ չարչարանց): «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի՝ ձիթենիների ագարակում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը:


Ավագ ուրբաթ օրը ծաղիկներից և մշտադալար ծառերի ճյուղերից պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը և երեկոյան ժամերգությունից հետո, ի հիշատակ Քրիստոսի թաղման, խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում: Գերեզմանը պտտում են եկեղեցու շուրջ, այնուհետև տեղադրում եկեղեցու ներսում: Այդ ընթացքում երգվում է «Խաչի Քո Քրիստոս» օրհներգը, համբուրում են գերեզմանի վրա դրված խաչն ու ավետարանը: Հավատացյալ ժողովրդին ցույց է տրվում, մարդկային դավաճանությունն ու դաժանությունը, իսկ մյուս կողմից` աստվածային սերն ու համբերատարությունը: Քրիստոս մահով և հարությամբ ցույց է տալիս, որ մահը սարսափելի չէ , իսկ ծաղկահյուս գերեզմանը ավետում է ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն և երանություն, որովհետև հավատացյալները գիտեն հարության մասին: Ժողովրդի մեջ ուրբաթն ավելի հայտնի է Հուդայի (Հուդի) ուրբաթ անունով:
Քրիստոս անմահ է իր սիրով: Ինչպես ինքն է ասում. «Ո´չ ոք չի խլում Իմ կյանքը, այլ Ես եմ տալիս կամովին»: Աստվածորդին ուսեց խաչը, որ ծանր էր մարդկանց մեղքերի պես և տարավ անտրտունջ: Եթե նրա ողջ երկրային կյանքն իսկ մի պահ փորձենք մոռանալ, միայն այս քայլով Հիսուս Քրիստոս ցույց տվեց իսկական սիրո օրինակը: Օրինակ, որ մարդկությանը հրավիրում է բռնելու անմահության ճանապարհը:

Շողիկ Հարությունյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 1969
2013.03.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.