Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Ավագ հինգշաբթի. մեկ վառվող և տասներկու հանգած մոմեր

Ավագ հինգշաբթի. մեկ վառվող և տասներկու հանգած մոմեր

Օրվա խորհուրդը` խոնարհ լինենք Տիրոջ պես


Ավագ հինգշաբթի հիշատակում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքը: Սակայն սեղան նստելուց առաջ Աստվածորդին լվաց Իր աշակերտների ոտքերը` ցույց տալով Իր կատարյալ սերը նրանց հանդեպ: Ապա խոնարհության ու հեզության օրինակ դառնալով` հորդորեց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ:Ընթրիքի ժամանակ Քրիստոսը, Իր աշակերտներին բաժանելով հացն ու գինին, դրանք ներկայացրեց որպես Իր Մարմին ու Արյուն` հաստատելով Հաղորդության խորհուրդը: Ընթրիքից հետո` գիշերը, նրանք բարձրացան Ձիթենյաց լեռը, ուր Գեթսեմանի պարտեզում Հիսուս աղոթեց Հորը: Այդ նույն օրը մատնվեց և ձերբակալվեց հրեաների կողմից: Նրան անարգում են, թքում վրան ու ապտակում, իսկ իր սիրելի աշակերտ Պետրոսը, իմանալով այդ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ուրանում է Նրան:


Եկեղեցական ծիսակարգ ավագ հինգշաբթի օրվա


Ավագ հինգշաբթի առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Մինչև երեկոյան ժամերգություն կատարվում է Ոտնլվայի արարողությունը. ավագ հոգևորականը հանում է իր զգեստները, կապում է գոգնոց և ծնկաչոք լվանում ու օրհնված յուղով օծում 12 հոգու ոտքերը: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվում է հավատացյալներին, որը օգտագործում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:


Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման կամ Խավարման կարգ, որն արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին: Այն խորհրդանշում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը և կոչվում է Խավարում, քանի որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը երեքը, երբ Հիսուսը հոգին ավանդեց (Մատթ. ԻԷ 45-50):

Հսկմանը ընթերցված ավետարանական հատվածներ հիշեցնում են Գեթսեմանի պարտեզում Հիսուսի աղոթքը, Նրա մատնությունը, ձերբակալությունը, հարցաքննությունը, անարգվելը և Պետրոսի ուրանալը: Այդ ժամանակ խորանին վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Ամեն անգամ Ավետարանն ընթերցելիս հանգցվում են մոմերը` թողնելով միայն կենտրոնինը: Հանգած մոմերը խորհրդանշում են աշակերտների փախուստը Գեթսեմանից, իսկ վառվող մոմը՝ Քրիստոսի միայնությունը։

 

Կազմեց` Լուսինե Մխիթարյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 10362
2013.03.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.