Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Ավագ երեքշաբթի

Ավագ երեքշաբթի

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է: Ավագ Երեքշաբթի ավետարանական ընթերցանությամբ հիշատակում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա պտղատու ծառեր աճեցրեց, ջրհեղեղի իրողությունը, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրությունն ու փարիսեցիների հանդիմանությունը (Մատթ. 21.23-46, 22.1-46, 23.1-36): Հիշատակվում են նաև Հիսուս Քրիստոսի կանխատեսումները, որոնք Նա պատմում է Ձիթենյաց լեռան վրա (լեռը վերին արքայության խորհուրդն ունի): Հիսուս աշակերտներին պատմում է Իր չարչարանքների, տաճարի ավերման, տաճարից Իր վերջնականապես հեռանալու (Մատթ. 23.37-39, 24.1-3, Ղուկ. 13.34-35, 21.5-7) և Իր երկրորդ Գալստյան մասին:
Այս բոլորի խորհուրդն ամփոփվում է «Տասը կույսերի առակում» (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Առակով Հիսուսն այլաբանորեն պատասխանում է Իրեն տրված` Երկնքի արքայության մասին հարցերին: Առակը հինգ իմաստուն և 5 հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: 5 իմաստունները լապտերների հետ պահեստի ձեթ վերցրին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակն եկավ, լապտերների ձեթը վերջացել էր և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան:
Տասը կույսերը խորհրդանշում են բոլոր հավատացյալներին, որոնց մեջ կան և’ չար ու անիրավ, և’ բարի ու արդար մարդիկ: Իմաստունները նրանք են, ովքեր իրենց աստվածահաճո կյանքով հասնում են աստծո ողորմածությանը: Հիմարները ձգտում են մարմնավորի ու զրկվում հոգևորից:
Լապտերն ու յուղը նույնպես խորհուրդ ունեն. լապտերը ճանապարհն է ցույց տալիս, իսկ կուսությունը` Երկնքի արքայության ճանապարհը: Յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Հիմարները վերցրին լապտերները առանց ձեթի, ինչը խորհրդանշում է առանց բարի գործերի մարդու մարմինը: Իսկ իմաստունների արարքը` մարմնականի և հոգևորի միասնությունը:
Փեսան խորհրդանշում է Տերոջը, իսկ փեսայի գալը` Տիրոջ Երկրորդ Գալուստը, որի ժամանակը ոչ ոք չգիտի: «Այն ժամանակ Երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. 25-1), ուստի պետք է միշտ պատրաստ լինել Նրա գալստյանը:
Ավագ երեքշաբթի օրվա երեկոյան ժամերգության ընթացքում, երբ կարդացվում է տասը կույսերի առակը, տասը մանուկներ՝ խորհրդանշելով տասը կույսերին, վառվող մոմերով կանգնում են Ավետարանի առջև: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր են լինում, իսկ մյուս հինգի ձեռքին՝ հանգած:

Լուսինե Մխիթարյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 8112
2013.03.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.