Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Ավագ Չորեքշաբթի. մատնության, բայց և փառաբանության հիշատակի օր

Ավագ Չորեքշաբթի. մատնության, բայց և փառաբանության հիշատակի օր

Մատնության չորեքշաբթի կոչվող այս օրվա ընթերցումները (Մարկ. 14.1-11: Ծննդ. 18.1-19.30: Առակ. 1.10-19: Զաք. 11.11-14: Մատթ. 26.3-16:) պատմում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին չորեքշաբթի օրվա իրադարձությունները, ինչպես նաև հիշատակում են Աստծո ավետիսը Աբրահամին` զավակ ունենալու մասին: Այս օրը վերհիշում ենք նաև Սոդոմ ու Գոմորի կործանման և Ղովտի փրկության մասին: Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունըև, հիշելով մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Նրան:


Փառաբանություն` նարդոսի յուղով ու ազնիվ հավատքով


Մեղավոր կինը նարդոսի թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում։ Աշակերտները զայրանում են, քանի որ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Թո´ւյլ տվեք դրան. ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ արեց: Ամեն ժամ աղքատներին ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել: Բայց ինձ ամեն ժամ ձեզ հետ չունեք: Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկավետեց իմ մարմինը ի նշան պատանքվելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար»:


Մատնություն


Ավագ չորեքշաբթին նաև մատնության օրն է, երբ աշակերտներից Հուդա Իսկարիովտացին առաջարկեց մատնել Հիսուսին 30 արծաթի դիմաց: Մարդկության պատմության մեջ այդ ամենից երախտամոռ դավաճանության պատճառով բարեպաշտ հավատացյալները մինչ այսօր չորեքշաբթին, ինչպես նաև խաչելության օրը`ուրբաթ, պահոց օրեր են համարում:


Ավագ չորեքշաբթի. ժողովրդական ավանդույթներ


Հին ժամանակներում Հարության տոնին հայ ժողովուրդը պատրաստվում էր հենց չորեքշաբթի օրվանից։ Չորեքշաբթին «չիք» էր կոչվում։ Մաքրում էին տունը, բակը, լվանում ամեն ինչ և լողանում։ Տարածված էր այն հավատալիքը, որ շուրջբոլորը մաքրելով մարդ ազատվում է ամեն չարիքից։ Շատերը այցելում էին սրբատեղիներ` իրենց տանջող ցավերը չիք չորեքշաբթու հետ այնտեղ թողնելու համար։ Կարնո հայերը կեսգիշերին ասում էին «ցավիս վերջ» և մինչև մյուս օրվա ժամերգություն լուռ մնում` վստահ, որ չիք չորեքշաբթին իր հետ ցավերը կտանի։ Լոռիում մի քանի ձու էին ներկում «չքի աչքը հանելու համար: Մարաշցիներն այդ օրը դաշտերից հավաքում էին «խուրուկ» կամ «նվակ» խոտաբույսերը, եփում և ուտում։ Մարդիկ հավատում էին, թե Մեծ պասի ընթացքում մարդկանց ճարպերը հալվում են, իսկ ճարպի վերջին կտորն էլ հալվում է «խուրուկ» ուտելուց հետո։ Ժողովրդական շատ հավատալիքներ էլ սնոտիապաշտական դրսևորումներ ունեին:

Կազմեցին Սուսաննա Մարգարյանը,
Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 9469
2013.03.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.