Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Ո՞ր եկեղեցում և ինչպե՞ս է կերտվում ճշմարիտ քրիստոնյայի իրական մոդելը. Եկեղեցու և աղանդի տարբերությունները

Ո՞ր եկեղեցում և ինչպե՞ս է կերտվում ճշմարիտ քրիստոնյայի իրական մոդելը. Եկեղեցու և աղանդի տարբերությունները

Բողոքականությունը ծնվեց Կաթոլիկ եկեղեցու ծոցից` բողոքելով Կաթոլիկ եկեղեցու որոշ դրույթների դեմ: Թվում էր, որ բողոքական շարժման արդյունքում նոր ավանդույթ ու հոգևոր մշակույթ պիտի ձևավորվեր և ավելի հարստացներ քրիստոնյա աշխարհի հոգևոր ժառանգությունը, սակայն իրականում այն եկավ քանդելու եղածը: Հոգևոր մշակույթի և ավադույթի առումով չկա մի բան, որ բողոքականությունն ունի, իսկ ավանդական եկեղեցին չունի, հակառակը` բողոքականությունը չունի այն, ինչ ունի ավանդական եկեղեցին: Եթե որևէ բողոքականի հարցնեք. «Ի՞նչ կա բողոքականության մեջ, որ չունի Հայ Եկեղեցին», ապա չի կարող նշել մի բան, որ իրենք ունեն, մենք չունենք: Ավելի շուտ կասի որ, այս կամ այն բանը դուք ունեք, մենք չունենք, չենք ընդունում. Օրինակ` մոմավառությունը, մատաղը, սրբապատկերը, խաչը, հոգևորականը, տաճարը, հոգեհանգիստը և այլն:

Բողոքական եկեղեցին Հայաստանում ներկայանում է տարբեր քրիստոնեական կազմակերպությունների «շնորհիվ» (Կայնքի խոսք, Կենդանի հավատք, Էմմանուել, Բեթել, հոգեգալստականներ, Նոր սերունդ և այլն), որոնց գորուծնեության արդյունքում բողոքականության մասին պատկերացումներդ, մեղմ ասած, անհանգստացնող են:  
Բողոքականության էությունը բողոքելն է, հակադրվելը: Բողոքականն անում է մի պարզագույն մաթեմատիկական սխալ` մասը համարում է ամբողջից մեծ: Օրինակ` աղանդավոր քարոզիչն ասում է. «Սիրելի' հավատացյալներ, գրված է. «կուռքեր չշինես»: Վեր'ջ, սա է ճշմարիտը, այլ ճշմարտություն չկա, «գրված է ու վերջ»: Եվ սրանից բխում է եզրակացություն` սրբապատկերը կռապաշտություն է: Այո', գրված է, որ Աստծուն ոչ ոք չի տեսել, ուրեմն հնարավոր չէ Նրան պատկերել: Սակայն գրված է նաև Քրիստոսի մասին, Ով եկավ աշխարհ, Քրիստոսին տեսե՞լ են, ա'յո, եթե տեսել են ուրեմն կարո՞ղ էին նկարել, ա'յո, Քրիստոս Աստվա՞ծ է, ա'յո, հետևաբար` կարելի է նկարել Աստծուն:

Երբ բանավիճում ես աղանդավորի հետ՝ առաջին մեղադրանքը ավանդական եկեղեցու հասցեին աստվածաբանական է, թե իբր մենք սխալ ենք, քանի որ մատաղ ենք անում, մոմ վառում, խաչ կրում և այլն, սրանք աստվածաշնչային չեն: Բացատրում ես, որ դրանք աստվածաբանական խնդիրներ չեն, դրանցով չէ, որ փրկվում է մարդը, դրանք մեր հոգևոր մշակույթի մի մասն են կազմում: Ավելին, երբ բացատրում ես, որ մատաղը բարեգործություն է և հարցնում` դուք դե՞մ եք բարեգործությանը, ասում են` ո'չ: Մոմավառությունը զոհաբերություն է հանուն եկեղեցու, դուք դե՞մ եք, ասում են` ո'չ և ավելացնում, թե հասարակ մարդիկ այդ ամենը սխալ են ընկալում և չգիտեն այդ մասին: Ա'յո, գուցե չգիտեն, սխալ են անում, բայց դա չի նշանակում որ այդ բարեպաշտական սովորությաները սխալ են:
Հաջորդ մեղադրանքը պատմական է, Հայ եկեղեցին այսպես կամ այնպես է վարվել. քանդել է հեթանոսական տաճարները, հարցնում ես` ո՞րը, պատասխան չկա, իրեն ինչ-որ մեկը այդպես է ասել: Կամ` ասում են, որ այսինչ հոգևորականը այսպիսի սխալ է արել, հարցնում ես՝ քո հովիվը մեղք գործո՞ւմ է. ա'յո, ուրեմն, ձեր եկեղեցին սխա՞ լ է. ո'չ: Հապա ինչպե՞ս է լինում, որ երբ հայ հոգևորականը սխալ է թույլ տալիս, ասում են Հայ Եկեղեցին սխալ է, իսկ իրենց պարագային` արդարացնում: Ի՞նչ է հայ հոգևորականը արժանի չէ՞ ներման: Ես գիտակցում եմ, որ հայ հոգևորականի նկատմամբ պահանջները և ակնկալիքը մեծ է, չափազանց մեծ, քան աղանդավոր քարոզչից և դա հենց խոսում է Հայ եկեղեցու դերի և կարևորության մասին, ինչը ոչ թե եվրոպական ինչ որ կոնվեցիայով կամ օրենքով է հաստատված, այլ հայ մարդու հավատքով և հոգևոր պահանջով:
Մյուս մեղադրանքը կենցաղային է. «Հայ Եկեղեցին քիչ է քարոզում», ա'յո, դրա համար կան պատճառներ` հոգևորականների, քարոզգրքերի, առհասարակ աշխատանքի պակաս, պատճառները տարբեր են` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Սակայն եկեղեցին արգելո՞ւմ է շատ քարոզելը. ո'չ:
Քրիստոնեական միությունը ամենամեծ արժեքն է. «լինեն մի, ինչպես Մենք էլ մի ենք» (Հովհ. ԺԷ 11), ասում է Քրիստոս: Արժե՞ այդ միությունը քանդել տարբեր ամբիցիաների պատճառով. քահանան վատն է, եկեղեցում չեմ հասկանում լեզուն, մոմ են վառում, խաչ են կրում… Սա նման է այն օրինակին, երբ նավից մի նավակ հեռանում է, քանի որ նավի մթնոլորտը ծանր է…այդ նավակը դատապարտված է կործանման…
Մի՞թե աղանդավորները հոգևոր մշակույթ չունեն: Եվ այո, և ոչ, նայած թե ինչ ես հասկանում հոգևոր մշակույթ ասելով: Գիտե՞ք նրանց հավաքները ինչպես են անցնում. փողոցային լեզվով ու ժարգոնով վերապատմում են ավետարանական այս կամ այն առակը, հատվածը` անընդհատ բացականչելով «ամեն, ալելույա», մեկը վեր է կենում ու վկայում, որ իր քույրը աղոթեց ու բժշկվեց, անընդհատ կրկնում են. «Աստված սիրում է ձեզ, օրհնում է, ալելույա…»: Այս պարզ ու պրիմիտիվ քարոզների մեջ չկան հոգևոր խորը զարգացումներ, իսկ առանց այդ զգացումների ապրել նշանակում է տեղում դոփել:
Չի կարելի միշտ նույն մակարդակի վրա մնալ…«Կյանքի խոսք» ավետարանական ընտանիքի աղանդի հետևորդներց մեկը պատմում է, որ զբոսաշրջկների հետ եղել է Տաթևի վանքում և ակամայից մասնակցել Սբ. Պատարագին: Պատմում էր, որ թեև չէր հասկանում աղոթքները, սակայն կար մի անբացատրելի զորություն, աղոթքը անհասկանալի էր, սակայն հոգևոր խորություն ուներ, որը երբեք իրենց հավաքներում աղոթքների ժամանակ չի զգացել: Չի զգացել, քանի որ աղանդավորների պրիմիտիվ աղոթքները ի զորու չեն մարդուն հոգևոր առումով ավելի զորացնելու և ամրացնելու:
Աղանդավորը նման է այն մարդուն, ով փողոցով քայլելիս տեսնում է մի եկեղեցի, մտնում, դռան մոտ կանգնում, տեսնում որ ներսում շատ լավ է` խաղաղ, գեղեցիկ և ոգևորված դուրս է գալիս փողոց, գտնում մեկ ուրիշին, ասում որ նման մի լավ եկեղեցի կա` նրան բերելով եկեղեցի: Ապա երկուսով կրկին ոգևորված կրկին դուրս են գալիս փողոց բերում են երրորդին, չորորդին… Արդյունքում այնքան են տարված իրենց ոգևորությամբ, որ ժամանակ չի մնում միայնակ այդ դռնից ավելի առաջ` դեպի խորանը գնալու: Այսպիսին է նրանց քարոզը, ոգևորված քարոզում են, թե գտել են ճշմարտությունը, սակայն առիթ չեն ունենում միայնակ մնալու Աստծո հետ, արդյունքում աղանդավորները «շատ են քարոզում»: Փողոցից, կամ տնից եկեղեցի գնալը շատ հեշտ է, դժվար է եկեղեցու դռնից դեպի խորանը գնալ, հեշտ է անհավատությունից հավատքի գալ, դժվար է հավատքի մեջ մնալը: Սա իմ փորձառությունն է: Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ամեն օր գալիս եմ եկեղեցի, ժամերգություն, քարոզ, ծես անում, սակայն երբ գալիս է Սբ. Պատարագի օրը, երբ ես պատարագիչ եմ և պիտի խորան բարձրանամ, ամեն բան ավելի բարդանում է: Մարդուց մեծ ջանքեր են պահանջվում հոգևոր առումով զորանալու և Աստծո ներկայության մեջ մնալու համար:
Աղանդավորներին մի բան է պակասում` եկեղեցին, ոչ թե որպես կառույց, այլ որպես Քրիստոսի մարմին: Տեսե'ք, քարոզում են Ավետարանը, մեզ էլ մեղադրում, որ Ավետարանը քիչ ենք քարոզում, ասում են միայն Ավետարանն է կարևոր:
Եկեղեցին Ավետարանով չի հաստատվում, այլ` Հաղորդությամբ: Չէ՞ որ առաքելական շրջանում, մինչև 70-ական թվականները եկեղեցին Ավետարան չուներ, սակայն զորանում և ապրում էր, քանի որ Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդակցությամբ է եկեղեցին հաստատվում և զորանում: Ասացի, որ քրիստոնեության մեջ կարևոր արժեք է մարդկանց միությունը: Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությամբ մենք` հավատացյալներս դառնում ենք մեկ: Որոշ աղանդավորներ ունեն Վերջին Ընթրիքի հիշատակման արարողությունը, սակայն մենք պարզապես Վերջին Ընթրիքի հիշատակը չենք անում, այլ` իրականում հաղորդակցվում ենք Սուրբ Մարմնին և Արյանը Սբ. Հոգու ներգործությամբ: Մեզ համար Պատարագը պարզապես վերջին ընթրիքի հիշատակումը չէ: Եթե հիշես, թե երեկ ինչ ես կերել, դու դրանից չես կշտանա: Քրիստոսի մասին հիշելը քիչ է, դրանից ոչինչ չի փոխվում, մեր կյանքը փոխում է Ինքը, Քրիստոս: Սբ. Պատարագի գլխավոր աղոթքի ժամանակ, խնդրում ենք Սբ. Հոգու ներգործությունը, որպեսզի հացը և գինին ճշմարտապես փոխակերպվեն Քրիստոսի Արյան և Մարմնի: Սա պարզապես հիշատակություն չէ, Սբ. Հոգին վերացնում է ժամանակի ու տարածության պատնեշը մեր և Վերջին ընթրիքի մասնակիցների միջև: Մենք Սբ. Հաղորդության հրաշքը չենք կրկնում, այլ իրապես մասնակցում ենք Միակ Հրաշքին: Բողոքական պատկերացմամբ այդ հրաշքը կրկնել հնարավոր չէ, ուստի կարող ենք միայն հիշել այն:
Սխալ է նաև այն պատկերացումը, որ Հայ եկեղեցին ատում է աղանդավորին, սա պարզապես իրենց հովիվների հորինած սադրանքն է` իրենց անդամներին հասարակությունից մեկուսացնելու համար: Աղանդավորը մարդ է, որին պետք է օգնել, նա ունի ճիշտ հարցեր, բայց աղանավորական կազմակերպության մեջ ստանում է սխալ պատասխան:
Շատ հաճախ մատնացույց են անում աղանդավորներին, թե տեսեք ինչքան լավ գիտեն Աստվածաշունչը` գլուխներով ու համարներով անգիր են արել համարները: Ես համամիտ չեմ, որ լավ գիտեն Սբ. Գիրքը: Եթե Հայ Եկեղեցու հավատացյալը անգիր համարներ չգիտի, չի նշանակում Սբ. Գիրք չգիտի: Աղանդավորների համար այդ անգիր արած համարները մնում են Գրքում գրված տողեր, որոնք անընդհատ ցիտում են: Հայ Եկեղեցու հավատացյալի պարագային այդ համարները ցիտելու կարիք չկա, քանի որ դրանք գրված են նրա սրտում:
Այս ամենը փաստում են, որ նույնիսկ Աստված փնտրելու ճանապարհին մարդը կարող է սխալվել: Աստված մեկ է, կրոնները տարբեր են, ինչպես մեկ է արևը, սակայն երկրագնդի տարբեր հատվածներում կլիման տարբեր է` կախված տվյալ տարածքի դիրքից, բնությունից, բարձրությունից և այլն: Հետևաբար կարևոր է, թե ի՞նչ միջավայրում է մարդը, մտավոր և հոգևոր ի՞նչ բարձրության վրա է:
Ինչո՞ւ են մարդիկ հարում այս կամ այն աղանդին: Այդպես «հարմար» է. Աղանդավորները գովազդում են իրենց ծառայությունները: Իսկ ի՞նչ ծառայության մասին է խոսքը: Ունեն քրիստոյայի արդեն պատրաստի մոդելներ: Ասում են եկեք մեզ մոտ և դուք կլինեք լավը, բարի, առողջ, հարուստ, երջանիկ, չծխող և այլն: Մարդը գայթակղվելով գնում է, քանի որ իրեն այդպես հարմար է, ինքը ոչինչ չի անում, գնում է նրանց հավաքներին իրեն «հագցնում» են քրիստոնյայի արդեն պատրաստի այս կամ այն մոդելը և վերջ, ոչինչ անել պետք չէ, այդպես հարմար է, ինքն արդեն չի ծխում, կամ չի խմում: Ավելին անել այլևս պետք չէ, ստացավ այն ինչի համար գնացել էր այդ աղանդ, ինքն արդեն «փրկված է»: Առաքելական Եկեղեցում ավելի դժվար է, չկան այդ մոդելները, հավատցյալը ինքը պիտի ձևավորի քրիստոնյայի իր մոդելը, որը սահման կամ ձև չունի: Դա կատարելության ճանապարհն է, ուր մարդն անընդհատ շարժվում է առաջ:

Աղանդներն իրականում պայքարում են սիրո դեմ, քանի որ իրական սերն է ցույց տալիս մարդու արժեքը, իսկ մարդը աղանդավորների մոտ ոչ մի արժեք չունի: Ինչքան էլ ասեն, որ Սբ. Գիրքն է կարևոր, Ավետարանական պատգամները, ես կասեմ Մարդն է կարևոր, ով պահում է այդ պատգամները:

 

Եսայի քհն. Արթենյան
Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ
 

Դիտվել է 3931
2012.10.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.