Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Քրիստոսին մեր երեխաների հոգու մեջ ու աչքերի առաջ պահենք ի ծնե

Քրիստոսին մեր երեխաների հոգու մեջ ու աչքերի առաջ պահենք ի ծնե

«Ինձ միշտ կշտամբել են, հանդիմանել տեղի-անտեղի: Մայրս ծեծով է ինձ դաստիարակել`պատճառաբանելով այդ վարքագիծը որպես միակ սանձահարման միջոց: Արդյունքում բարդույթավորված, ինքնամփոփ, իմ անձնական կարծիքը մոռացած մեկն էի դարձել»,- պատմում է Արմինեն (անունը փոխված է), ով սխալ դաստիարակության հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները հաղթահարում է շփվելով մարդկանց հետ, ավելի լայն ճանաչելով աշխարհը: Նա ավելացնում է. «Այդ հարցում ինձ օգնում են նաև աղոթքներն ու եկեղեցական պատարագները, որոնք սովորեցնում են սիրել մեր մերձավորին, ինչպես որ մեզ կսիրեինք»:
Շրջապատում այսօր շատ հաճախ կհանդիպենք ծնողների, որոնք գրեթե հոգ չեն տանում իրենց երեխաների հոգևոր կրթության մասին կամ երկրորդական են այն համարում, ուշադրություն չեն դարձնում այն երևույթների վրա, որոնք կարող են վտանգ սպառնալ երեխաների հոգեկան առողջությանը:
Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի երևույթի, երբ ծնողը, կարծես լավ մտադրությունից դրդված, չի զլանում իր զավակին նախատել ` գովաբանելով այլ ընտանիքի երեխային: Հոգեբան և մանկավարժ Արևիկ Բաբայանը այս երևույթի հետ կապված մեջբերում է հետևյալ ասացվածքը. «Հարևանի հարսն ավելի գեղեցիկ է»: Նա նաև նշում է, որ երբ մարդ ունենում է պահանջմունքներ, միշտ կարողանում է դրանք բավարարել և զարգացնել: Մարդը միշտ ձգտում է ավելի լավին` մարդու բնույթն ու պահանջմուքն է այդպիսին: Կան ծնողներ, ովքեր փորձում են իրենց երեխայի մոտ ձգտումը ավելացնել` համեմատելով կողքի երեխայի հետ, բայց այստեղ նրանք ոչ թե ձգտումն են ավելացնում, այլ նախ երեխայի «ես» -ն են ոտնահարում`ազդելով նրա ինքնագնահատականի վրա, ձևավորում են նախանձ: Ցածր ինքնագնահատականը առաջացնում է «ես»-ի ընկալման խնդիր, քանի որ ձգտում են ինչ-որ հերոսների նմանվել`չընդունելով իրենց անձը: Հոգեբանը խնդրի պատճառը տեսնում է երեխայի ձախողումները ծնողների կողմից ընդհանրացնելու մեջ, ինչի հետևանքով էլ երեխայի մոտ առաջանում է անկարողության զգացում: Ծնողները, ըստ հոգեբանի, իրենց զավակներին ոչ թե պետք է համեմատեն մյուս երեխաների հետ, այլ, պարզապես, տարբեր մարդկանց լավ արարքները մատնանշեն որպես օրինակ: Հոգեբանն իր դիտարկումներից մեկի ժամանակ նկատել է, որ երեխաները երբեմն ավելի լավ են հասկանում ծնողի ասելիքը, երբ դա ասվում է ոչ թե ուղղակիորեն իրենց, այլ մի երրորդ անձի, իսկ իրենք կողքից լսում են:
Հոգեբան-մանկավարժ Արևիկ Բաբայանը երեխային ուղղված բացասական արտահայտությունների վերաբերյալ կարծում է, որ երեխայի մանկական փոքր չարաճճիությունները մենք ընկալում ենք որպես չարություն`վիրավորելով նրան, բայց դրանք տարբեր են և վերջ ի վերջո, բացասական արտահայտությունները կհանգեցնեն նրան, որ երեխան իրոք կդառնա չար և անկարգ: Արևիկ Բաբայանը կարծում է, որ պատիժը պետք է լինի իմաստավորված, երեխան պետք է հասկանա, թե ինքը ինչի համար է պատժվում: Վաղ մանկությունից «չի կարելի»-ն, «մի արա»-ն, պատիժը, արգելքը պետք է իմաստավորված լինեն, հակառակ դեպքում մենք կհանդիպենք ագրեսիայի, նեգատիվիզմի, քանի որ երբ նույն պատիժը շարունակական բնույթ է կրում, այն երեխայի համար դառնում է սովորական, նա իմունիտետ է ձեռք բերում: Արևիկ Բաբայանը կարծում է, որ «ոչ»-ը նույնպես պետք է հիմնավորված լինի, եթե երեխան ինչ- որ բան է ուզում անել, ուրեմն հետաքրքրություն ունի դրա հանդեպ, և այդ հետաքրքրությունը պետք է սպառվի մի օր: Եթե չբավարարեցին իր հետաքրքրությունը, ինքը կփորձի այլ մեթոդներ, այլ միջոցներ: Եթե հարցեր ունի երեխան, հարկավոր է սպառիչ պատասխան տալ: Պետք է ծնողը երեխայի հետ ներդաշնակ լինի, մասնակցի իր խաղին:
Երեխայի վրա կաշառքի ազդեցության վերաբերյալ խոսելիս Արևիկ Բաբայանը առանձնացնում է երկու հասկացություն` կաշառք և խրախուսանք: «Եթե մենք ամեն ինչ օգտագործում ենք խրախուսելու համար, դա դրական արդյունք է ունենում, այդ պարագայում իմաստավորված գործընթացի հետ գործ ունենք, իսկ կաշառքը երեխայի մոտ վատ սովորությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ»:
Հարցին, թե ո՞վ և ի՞նչ դեպքերում պետք է զիջի, երբ ընտանիքում առաջանում են վիճաբանություններ` կապված երեխայի դաստիարակության հետ, Արևիկ Բաբայանը պատասխանում է. «Մեծ ընտանիքում երեխան ստիպված է լինում մի քանի դաստիարակության ոճի հարմարվել, այդ իսկ պատճառով պետք է դաստիարակողները պայմանավորվեն, մեկ ընդհանուր դաստիարակության ոճ որդեգրեն, իսկ եթե կան հակասություններ, հակադիր կարծիքներ, ուղղակի պետք է այդ պահին լռել, երեխայի ներկայությամբ չվիճել»:
Մասնագետը նաև կարծում է, որ նախ և առաջ ծնողները պետք է հասկանան երեխաներին, դառնան երեխայի մի մասը, լսեն նրան, հոգեպես հասկանան: Հիմնակնում երեխաները փոքր տարիքից ունենում են հասկացված լինելու խնդիր: Մենք բոլորս ունենում ենք շատ կենցաղային, աշխատանքային հոգսեր, բայց այնուամենայնիվ երեխան պետք է ունենա իր ուրույն տեղն ու ժամանակը, զգա ծնողական ջերմությունը, քաղցրությունը: Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ ծնողները ժամանակ հատկացնեն իրենց երեխաներին, հասկանան, լսեն, փորձեն օգնել, երեխայի իրավունքները չոտնահարեն, քանի որ, ըստ հոգեբանի, ծնողները շատ հաճախ ինքնահաստատվում են երեխայի հաշվին: Ծնողները հաճախ նախատում են երեխային ավազով ու ցեխով խաղալու համար` չմտածելով, որ հողի հետ շփումից նախ և առաջ երեխան լիցքաթափվում է, ճանաչում է աշխարհը, սկսում է սիրել մայր բնությունը:
Արևիկ Բաբայանը կարևորում է այն հանգամանքը, որ երեխա ունենալու համար պետք է պատրաստ լինել ոչ միայն ֆինանսապես, այլև հոգեպես` վերցնելու այդ պարտականությունը, պատրաստ լինելու մանկանալ երեխայի հետ, նրա հետ ամեն ինչ ապրելու, հուզական կապը պահելու:
Երեխա ունենալը մեծ պարգև է և շնորհ տրված Աստծո կողմից: Շատերն են արժանանում ծնող լինելու կոչմանը, սակայն ոչ բոլորն են պատասխանատվությամբ մոտենում դրան:
Սուրբ Մարիամ Աստվածածինը իր առաքինի վարքով ու կյանքի ապրած ճանապարհով արժանացավ Տիրոջ ամենամեծ պարգևին`Աստծո որդու մայր լինելու կոչմանը: Գաբրիել հրեշտակը ողջունեց կույսին` ավետելով Բարձրյալի որդու ծնունդը. «Ուրախացի´ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է: Մի´ վախեցիր, որովհետև դու արժանացար Աստծո շնորհին…» (Ղուկաս 1.28-34):
Երեցկին Յուլիա Զեյնալյանը զբաղվում է 4 երեխայի դաստիարակությամբ: Երեխաների հոգևոր դաստիարակության վերաբերյալ նա ասում է. «Անում եմ այնպես, որ հաճելի լինի ոչ թե ինձ, այլ Աստծուն: Շատ գրքեր եմ կարդացել երեխայի դաստիարակության հետ կապված, բայց համոզվել եմ, որ ելնելով երեխայի բնավորությունից, անհրաժեշտ է անհատական մոտեցում»: Երեցկինը ասում է, որ ընտանիքում ունեն մի գեղեցիկ սովորույթ. ամեն շաբաթ օր երեկոյան խունկ են վառում, Աստվածաշունչ ընթերցում և աղոթում, և այդ օրը նրանց համար դարձել է սպասված օր, անգամ երբ ինչ- ինչ պատճառներով նրանք մոռանում են, երեխաները հիշեցնում են: Նրանք գիտեն, թե որքան կարևոր է Պատարագին մասնակցությունը, քանի որ այդ ժամանակ է, որ երեխան ստանում է հոգևոր դաստիարակության ամենակարևոր մասը, իսկ Պատարիգից հետո աղջիկները հաճախում են կիրակնօրյա հոգևոր դպրոց: Երեցկինը և նրա ընտանիքը երեխաների հետ կապված շատ խնդիրներ հաղթահարում են աղոթքների և պատարագներին մասնակցելու շնորհիվ:
Տեր Եսայի քահանա Արթենյանը, այն հարցին թե արդյո՞ք պատիժը, բացասական արտահայտությունները չեն սպանում երեխայի մեջ Աստծո պատկերը, պատասխանում է. «Կարծում եմ, որ ծեծը անթույլատրելի է և թուլության դրսևորում է, այդ «ծեծը» կարող է լինել սեփական օրինակը, բայց ոչ երբեք երեխային ֆիզիկապես ցավ պատճառելը, սա մեթոդ կամ միջոց չէ, ծեծը նաև Աստծո պատկերն է աղճատում»:
Հարցին, թե ինչ միջավայր պետք է ստեղծեն ծնողները իրենց երեխային առաքինի և բարեպաշտ մարդ մեծացնելու համար, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանը շեշտը դնում է սիրո վրա. «Առաջին հերթին` սեր, սիրո միջավայր, որտեղ երեխան հոգեպես և ֆիզիկապես կարող է առողջ մեծանալ և երկրորդ հերթին` այդ սերը և առաքինությունը պետք է սեփական օրինակը լինի: Սա է ամենակարևոր և հիմանական միջավայրը, որտեղ ցանկացած երեխա մեծանում և դաստիարակվում է իբրև ճշմարիտ քիրստոնյա և, առհասարակ, որպես առաքինի մարդ: Ծնողները պետք է սիրեն իրենց երեխային, հայրը` իբրև հայր, մայրը` իբրև մայր»: Տեր Եսային դեմ է որևէ դաստիարակության մեթոդի. «Մեթոդ գոյություն չունի ինձ համար, գոյություն ունի սեր, մենք սիրում ենք մեր երեխաներին, և դրանով ամեն ինչ ասված է»:
Տեր Հայրը նաև խոսեց որոշ ծնողների երեխային մկրտելու որոշումը թողնում են հենց երեխայի ապագա հայեցողությանը: « Իսկ ինչո՞ւ երեխայի կամքին չեն թողնում շոր հագնելը, սնվելը: Եթե ծնողը հավատում է Աստծուն, գիտակցություն ունի, որ քրիստոնեությունը ճշմարիտ կրոն է, ունի հավատք, որ քրիստոնեությունը միակ փրկության տանող ճանապարհն է, ապա սա ծնողի պարտականությունն է: Չէ՞որ ծնողը երեխային տալիս է այն, ինչին ինքը հավատում է և այն, ինչ ինքը ունի: Եթե ծնողը իր երեխային չի մկրտում` ասելով, որ նա կորոշի, սա ընդամենը փախուստ է պարտակությունից: Այդպիսի ծնողները հետևյալ պատճառաբանությունն են բերում. «Ուզում ենք, որ երեխան գիտակցի, ինքը ընտրի, չէ՞ որ երեխան պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ մկրտության ժամանակ»: Իրականում այստեղ ընտրության, գիտակցության հարցը չկա` գիտակցությունը հավատքի մեջ է»:
Հարցին, թե ո՞ր տարիքից է պետք երեխային հոգևոր գիտելիքներ տալ, Տեր Եսային պատասխանում է. «Երեխային հոգևոր գիտելիքներ հարկավոր է տալ ամենափոքր և ամենավաղ տարիքից. հոգևոր դաստիարակությունը երեխայի հոգու սնունդն է, ինչպես մայրը հղիության ընթացքում հոգ է տանում երեխայի ֆիզիկական կեցության համար, այնպես էլ պետք է հոգ տանի նրա հոգևոր սննդի համար: Հոգևոր դաստիարակության միջոցով է, որ երեխային հոգևոր սնունդ է տրվում. ինչպես մարմինը իր գոյության առաջին իսկ պահից կարիք ունի սննդի և առողջ միջավայրի, այնպես էլ երեխայի հոգին կարիք ունի հոգևոր սննդի: Իսկ թե որ տարիքում, ինչ չափով և ինչ սնունդ պետք է տալ, սա հարցի մյուս կողմն է, և, բնականաբար, երեխայի հետ մեկ-երկու տարեկանում չենք խոսի այն թեմաների շուրջ, ինչը կխոսեն նույն երեխայի հետ տասնվեց տարեկանում»:
Աստվածաշնչի դերը երեխայի կյանքում
Ռուս մեծ գրող Լ.Ն. Տոլստոյը (1028-1910 թթ.) այսպիսի կարծիք է հայտնում մանուկների համար Աստվածաշնչի նշանակության մասին. «Աստվածաշնչի բովանդակությունը բացահայտվում է երեխային իբրև կենդանի ու հիասքանչ կտավ: Ամեն բան հասկանալի ու պարզ է հատկապես երեխայի համար, միևնույն ժամանակ` խիստ ու լուրջ… »:
«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19:14):

 

Երեխաների աղոթք

Ով մեծ Աստված,
Որ տվել ես ինձ բարի հայր ու սիրող մայր,
Տուր ինձ շնորհ անել աղոթք, լինել խելոք
Պարկեշտ ու հեզ, միշտ սիրել Քեզ: Ամեն:

 

Շողիկ Հարությունյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 3591
2012.10.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.