Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Մեր ծնողների մեղքերի ժառա՞նգն ենք, թե հետևանքների կրող

Մեր ծնողների մեղքերի ժառա՞նգն ենք, թե հետևանքների կրող

«Մենք դեմ ենք, որ աղանդավորի աղջիկը սովորի մեր կուրսում: Ինքը հաստատ քարոզելու է ու մարդկանց է տանելու մեր կուրսից: Հայրը սատանա է, աղջիկն էլ` սատանի ճուտ»:
Այս վիրավորանքները գրվել էին Facebook սոցիալական կայքում: Մի վայրում, որտեղ ամեն բառ, նախադասություն, նորություն տարածվում է կայծակնային արագությամբ և դառնում հանրության քննարկման առարկա: Այս ամենը ասվել է մի աղջկա հասցեին, ով իր համակուրսեցիների մեծ մասի հավաստմամբ շատ բարի, լռակյաց ու հաճելի աղջիկ է:
-Այո´, նա աղանդավորի աղջիկ է ու այո´, այդ աղանդը մեզ համար ընդունելի չէ, բայց նա մեզ ոչինչ չի քարոզում: Շատ ժամանակ անգամ չի էլ խոսում մեզ հետ: Գալիս է դասի, նստում է մենակ, չի խոսում ու ինչպես ասում են «ոչ մեկի «հա»-ին «չէ« չի ասում»,-ասում են Աննայի որոշ համակուրսեցիներ:
Մյուսներն էլ շարունակում են մեղադրել նրան. «Ո´չ, նա չպետք է սովորի մեզ հետ և վերջ: Նա աղանդավորի աղջիկ է և դրանով ամեն ինչ ասված է»:
Հեգնական և արհամարհական հայացքներ, օտարացած վերաբերմունք: Ինչու՞ պիտի այս ամենը զգա երեխան իր ծնողի սխալի համար: Արդյոք ճի՞շտ է այն կարծիքը, որ երեխան պատասխան է տալիս ծնողի գործած մեղքի համար:
-Երեխան երբեք չի կարող կարող պատասխան տալ ծնողի գործած մեղքի համար: Նա մեղավոր չէ, որ ծնողը ճիշտ ուղղուց շեղվելով հակառակվել է Աստծուն: Երեխան կարող է իր վրա զգալ, կրել ծնողի գործած սխալի հեևանքները, բայց ոչ պատասխան տալ նրա փոխարեն, - հարցի առնչությամբ ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ճիշտ է ասված. Ողորմելի է այն մանուկը, ում ծնողները չարաբարո են, որոնցից և ինքն է սովորում չար լինել: Եվ երանելի է նա, ում խնողները բարեբարո են, որոնցից և ինքն է դաստիարակվում լավը լինելու: (Պողոս Ադրիանապոլսեցի «Խրատի թանգարան»)
Հարկավոր է հստակ տարբերակել «մեղք» և «մեղքերի հետևանք» հասկացությունները: Մեղքն այն է, ինչի համար Դատաստանի օրը մենք պատասխան ենք տալու Աստծու առաջ: Այն ժառանգաբար չի փոխանցվում, և դատաստանի ժամանակ մենք պատասխան ենք տալու միայն մեր գործած մեղքերի համար: Իսկ գործած մեղքերի հետևանքները տարածվում են նաև մեր ժառանգների վրա: Պետք չէ այս երկու երևույթները խառնել: Օրինակ Ադամի և Եվայի գործած մեղքի համար մենք պատասխան չտվեցինք: Բայց նրանք մեղք գործելով ազդեցին հետագա սերունդների ապրելակերպի վրա: Ահա մենք կրում ենք նրանց գործած մեղքի հետևանքները, բայց ոչ մի դեպքում դատաստանի առաջ պատասխան չենք տալու այդ մեղքի համար:
Ծնողական սխալները կարող են ճակատագրական լինել զավակների համար: Նրանց սխալները նման են ծառի այն վերքերին, որոնք ժամանակի ընթացքում այնքան են խորանում ու նեխում, որ տարածվելով փչացնում են ամբողջ ծառը: Իսկ նեխած ծառը առողջ պտուղ չի տալիս, նրա պտուղները ևս նեխած են լինում:
Այնուամենայնիվ, որքան սխալ էլ գործած լինեն ծնողները, մեկ է զավակն ամեն ինչ կտա, որպեսզի որքան հնարավոր է շատ զգա ծնողական սիրո քաղցրությունն ու բերկրանքը: Ուստի «Հայրեր, մի զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով և ուսումով»(Եփես. Զ 4): «Որդիներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր ծնողներին, որովհետև հաճելին այդ է Տիրոջ առաջ»(Կող. Գ 20)

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 7387
2012.10.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.