Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ուխտագնացություն> «Երբ ուխտավոր ես, այլևս քո քայլելը ճամփորդություն չէ, այլ ուխտագնացություն»

«Երբ ուխտավոր ես, այլևս քո քայլելը ճամփորդություն չէ, այլ ուխտագնացություն»

Նոյեմբերի 10-ին`վաղ առավոտյան, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակը լեփ-լեցուն էր երիտասարդ ուխտավորներով: Չնայած որ եղանակը անձրևային էր, բայց դա չէր խանգարել, որ թվով մոտ իննսուն երիտասարդներ, այդ թվում նաև խուլերը, մեկ ընտանիքի պես համախմբվեին` անցնելու համար Սուրբ Տաթև տանող ուխտի ճանապարհ: Ուխտավորներին առաջնորդում էր Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը: Թեև ճանապարհը երկար էր ու դժվարանցելի, բայց և միաժամանակ հաճելի: Երիտասարդները, ինչպես միշտ, այս անգամ էլ ուխտի ճանապարհը անցան աղոթելով և շարականներ երգելով: Ուրախալի է, որ այսօր նման հոգևորականների և  երիտասարդների շնորհիվ կյանք է ստանում շատերի համար մոռացված ուխտագնացությունը, որը մեր նախնիների համար սրբազան արարողություն էր: Տեղին է հիշել Գարեգին եպս. Սրվանձտյանցի խոսքերը. «Ուխտավորությո՜ւն… Ինչ հզոր և սրբազան կերպով կը կապես մեր կյանքը մեր արմատներուն»:

 

 

Տաթևի վանական համալիրը ուխտի նվիրական վայր է հայերիս համար` նրա հիմնադրման իսկ օրից  սկսած: Ինչպես անանուն պատմիչն է ասում Տաթևը անկրկնելի է, այն  խավարի մեջ գիտության և գրագիտության լույս տարածող մի ջահ է, «հեռավորաց և մերձավորաց, բոլոր Հայաստան աշխարհիս ջահավորյալ, իբրև զարեգական ի մեջ աստեղաց»: Տաթևի վանքը գտնվում է Գորիսի շրջանի հարավային մասում, Որոտան գետի աջ ափին բարձրացող մի եռանկյունաձև թերակղզու վրա: Այս բարձրադիր դաշտում Ք. Հ. 4-5-րդ դարերում գործել է մի անշուք եկեղեցի: Տաթևի եկեղեցու նշանակությունը հետզհետե բարձրացել է և 8-րդ դարի երկրորդ կեսին դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այդ ժամանակներում էլ, 895 թ-ին, հիմնադրվում է հետագայում հռչակավոր դարձած Տաթևի վանքը, որը Սյունիքի թագավորության 48 վանքերից ամենագլխավորն էր: Վանական համալիրը բաղկացած է գլխավոր Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիներից, ինչպես նաև «Գավազան» հուշասյունից, զանգակատնից, առաջնորդարանից, սեղանատնից, բնակելի և տնտեսական շինություններից, աղբյուրից, ձիթհանից («Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան: Երևան, 2002):
Այդ օրը Սուրբ Հրեշտակապետաց տոնն էր, և Տաթևի վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ: Երիտասարդները  աղոթեցին, եղան  Սբ. Գրիգոր Տաթևացու դամբարան մատուռում`խնդրելով նրա բարեխոսությունը:
Օրն այնքան հրաշալի էր հոգևոր ուրախությամբ, որ ուխտավորներին  ամենևին մոռացնել էր տվել ամպամած երկինքն ու անձրևային եղանակը: Վանքի բակում մեծ աշխուժություն էր տիրում: Ուխտավորներն համակված էին տեսնելու, ուսումնասիրելու և աղոթելու ամեն մի եկեղեցում, խցում: Հետաքրքիր էր դիտել նրանց ոգևորությունը: Վանքի քաղցրահնչյուն զանգի նվագը դեպի իրեն էր կանչում ուխտավորներին` մասնակից լինելու երեկոյան ժամերգությանը: Արարողության ավարտին Տաթևի վանահայր` Տ. Միքայել աբեղա Գևորգյանը, օրհնեց և բարի ճանապարհ մաղթեց երիտասարդ ուխտավորներին: Երիտասարդների համար դժվար էր հեռանալ այդ օրհնաբեր վայրից:
Ամալյան, որ առաջին անգամ էր մասնակցում ՍԵԵՄ-ի ուխտագնացությանը, ասաց, որ  շատ տպավորված է տուն վերադառնում. «Առաջին անգամ էի այսպիսի միջավայրում, որտեղ երիտասարդները այդքան համախմբված, կազմակերպված, հոգատար և ուշադիր էին միմյանց նկատմամբ: Նախ առաջին անգամ էր, որ շփվում էի խուլերի հետ և ուրախացա` չնկատելով որևէ տարբերություն լսողների և խուլերի միջև: Առիթը բաց չթողնելով` մի քանի ժեստեր սովորեցի: Նրանք շատ ընկերասեր են և անմիջական: Նրանց հետ ժամանակը շատ ուրախ է անցնում »: Իսկ թույլ լսող Մարիաննան իր ընտանիքի հետ էր եկել: Նա արդեն մի քանի անգամ եղել էր Տաթևում, բայց նորից էր եկել, որովհետև շատ է կարևորում ուխտագնացությունը, առավել ևս երեխաների հոգևոր դաստիարակության մեջ:
    

«Նախամարդը սնունդ ապահովելու համար էր քայլում: Այսօր էլ է մարդը քայլում, քայլում է երբեմն առանց մտածելու, քայլում է դեպի իր աշխատանքի վայրը, դեպի իր հաճույքը: Երբեմն աննպատակ է քայլում, երբեմն առօրյա տաղտուկը բեկանելու համար, նո՛րը գտնելու իր անձի մեջ, ինքն իրեն վերանորոգելու համար էլ է քայլում: Քայլում է ուրիշ մարդիկ և աշխարհներ գտնելու համար: Այս բոլորը ճամփորդություն է: Բայց երբ այս ճամփորդությունը կատարվում է ինքն իրեն գերազանցելու, հավելյալ մղոն քայլելու համար, դա դառնում է ուխտ: Երբ ուխտավոր ես, այլևս քո քայլելը ճամփորդություն չէ, ուխտագնացություն է»(Մեսրոպ արք. Աշճյան, «Հեզր աշխարհի»):

«Եղի՛ր ու մնա՛ ուխտի ժողովուրդ: Ուխտ նշանակում է հավատարմություն հանդեպ Աստծո ու ազգիդ: Ուխտ անել իմացող և ուխտը կատարել կարողացող ժողովուրդը չի մեռնում: Ուխտը բարձրացնում է մարդուն դեպի Աստված և շաղկապում ազգին» (Գարեգին Ա):

 

                                                      

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 2799
2012.11.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.