Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> Ինտելեկտուալ փառատոն. հոգու և գիտելիքների համագործակցություն

Ինտելեկտուալ փառատոն. հոգու և գիտելիքների համագործակցություն

Նոյեմբերի 24-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճն արդեն ավանդաբար հյուրընկալել էր Արարատյան հայրապետական թեմին պատկանող երիտասարդաց միությունների՝ իրենց մասնակցությունը ցուցաբերելու ինտելեկտուալ փառատոնին: Փառատոնն անցկացվում է ամեն տարի 4 անգամ՝ ԱՀԹ առաջնորդական փախանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և <<ԽորանԱրդ>> ինտելեկտուալ ակումբի աջակցությամբ: Աշնանային ինտելեկտուալ փառատոնն այս տարի անցկացվում է արդեն 5-րդ անգամ, տասնինը թիմերի մասնակցությամբ, որոնցից երկուսն առաջին անգամ էին մասնակցում: <<Ուրախալի փաստ է, որ տարեցտարի ավելի շատ թեմապատկան կառույցներ են իրենց մասնակցությամբ պատվում փառատոնին: Առողջ մրցակցություն. սա է մեր գլխավոր նպատակը, և այս նպատակի իրագործումն այն մեծ հաղթանակն է, որն այստեղից իր հետ տանում է յուրաքանչյուր մասնակից>>,- ողջույնի իր խոսքում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ինտելեկտուալ մրցույթն անցկացվում է 3 փուլով. տրվում է 48 հարց. սահմանված է 3 մրցանակային տեղ: Հարցերին ճիշտ պատասխանելու համար կարևոր է ինչպես խորքային գիտելիքները, Աստվածաշնչի գերազանց իմացությունը, այնպես էլ ճկուն տրամաբանությունն ու շուտ կողմնորոշվելու ունակությունը: Մրցույթի ընթացքում թիմերից յուրաքանչյուրը փորձում էր կիրառել այս հմտությունները:
Դահլիճում տիրում էր մրցակցային առողջ մթնոլորտ: Նկատելի էր, որ մասնակիցների համար մրցույթը առաջին հերթին տոն է: <<Մասիս>> թիմի անդամ Վարդուհի Խաչատրյանն արդեն երրորդ անգամ է մասնակցում փառատոնին. << Ամեն անգամ հիացած ու բավարարված եմ վերադառնում մրցույթից: Անչափ հաճելի է շփվել տարբեր երիտասարդաց միությունների եկեղեցասեր երիտասարդների հետ: Այս տարվա հարցերը, համեմատած նախորդ տարիների հարցերին, ավելի դյուրըմբռնելի էին, սակայն պահպանված էր հետաքրքրաշարժությունն ու խորքայնությունը>>:
Բոլոր 48 հարցերը հոգևոր բովանդակություն ունեին, ինչը հատկապես առանձնահատուկ էր դարձնում մրցույթը: << Աշխարհի տարբեր անկյուններում անցկացվում են այս ձևաչափի մրցույթներ. հարցերն ամենատարբեր ոլորտներից են լինում: Իսկ այս մրցույթն անցկացվում է եկեղեցու հարկի տակ, հարցերն էլ հոգևոր բնույթ ունեն: Սա ավելի է բարձրացնում այս մրցույթի դաստիարակչական արժեքը>>,- ինձ հետ զրույցում նշեց փառատոնի մրցավար,  <<ԽորանԱրդ>> ինտելեկտուալ ակումբի անդամ Սեյրան Մարտիրոսյանը:
Ակնհայտ է, որ այս մրցույթում պարտվողներ չկան: Սակայն հաղթող կոչվելու բերկրանքն այս անգամ վայելեցին << Արարատ >> թիմի անդամները: Թիմի անդամ Մարի Շելիյանը, ով արդեն երրորդ անգամ է  մասնակցում փառատոնին, հաղթանակը կապեց իրենց գիտելիքների և դրանք օգտագործելու հմտության հետ:
Այս փառատոնը երիտասարդների համար խթանիչ ուժ է ավելի շատ բան իմանալու, ամեն ինչ ավելի խորությամբ ուսումնասիրելու համար:
Սա մի փառատոն է, որտեղ համագործակցում են հոգին ու հոգևորը, գիտելիքն ու միտքը:
Այս փառատոնը յուրաքանչյուր մասնակցի և ընդհանուր եղբայրասիրության հաղթանակն է:

 

Անժելա Պողոսյան 
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

                                                                                                   

                                                                                                           

Դիտվել է 2470
2012.11.25
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.