Ընթերցանություն

Մահաբեր նետերից մեկը

Այդ մեղքի մեջ առաջինը ընկավ չարը, քանի որ նա չբավարարվեց իրեն տրված պատիվներից և ասաց. «Իմ աթոռն ամպերի մեջ կդնեմ և Բարձրյալին կնմանվեմ» (Եսայի 14.13-14): Նա ցանկացավ հավասարվել Աստծուն և ընկավ փառքի աթոռից: Այդ մեղքի անունն է հպարտություն:
Պատարագին` խոստովանության կարգի ժամանակ, երբ կարդացվում է զղջման աղոթքը, ծնկի եկած անձը ժամանակ առ ժամանակ ասում է` մեղա Աստծո: Վերջում մի շարք մեղքերի կողքին լսում է հպարտության, նախանձի, բարկության, ծուլության, ագահության, որկրամոլության և բղջախոհության մեղքերի անունները: Այս մեղքերը կոչվում են մահացու, քանի որ թունավոր նետերի նման մահացու հարված են հասցնում մարդուն:
Ավելի մեծ մեղք չկա, քան հպարտությունը, նա է բոլոր մոլությունների պատճառը, նրանից են ծնվում բազմաթիվ մեղքեր: Հպարտը չի կամենում, որ այլ մեկն իրենից բարձր լինի, այդ պատճառով էլ նախանձոտ է լինում, և չտանելով ուրիշների հաջողությունները`բարկությամբ է վառվում, չկարողանալով նրանց հաջողություններին արգելք լինել`հուսալքվում ու ծուլության մեջ է ընկնում: Իսկ քանի որ ծույլն այլևս շահելու հույս չունի, դառնում է ագահ: Ագահությամբ ձեռք բերված դրամը գրգռում է նրան ուտել-խմելու, և նա որկրամոլ է դառնում: Եվ բազում կերակուրներից ու ըմպելիքներից բորբոքվում է ցանկության ախտը, և նա դառնում է բղջախոհ: Ուստի պետք է հպարտությունից ավելի փախչել, քան մահաբեր թույնից (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):
Աստվածաշնչի Առակաց գրքում կարդում ենք. «Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են: Տերը հակառակ է ամբարտավաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակաց 4.33-34):
Ամբարտավան բառն ունի հետևյալ բացատրությունները`իր մասին չափազանց մեծ կարծիք ունեցող, ինքնահավան, գոռոզամիտ (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»): «Հպարտ»-ը և «ամբարտավան»-ը կազմված «ամբ», «արտ», «վան» բառերից, հարմարապես ստուգաբանվում են «դեպի ամպի կողմը`երկրից դուրս (արտաքսված) վանված»: Որովհետև ավբարտավանը հավատում է, թե բարձրացել է մինչև ամպերը իր սկզբնահոր` չարի օրինակով (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):
Հիսուսն իր երեքամյա քարոզչության մեջ բազմիցս անդրադարձավ այս մեղքին: Օրինակ «Մեծահարուստի և աղքատ Ղազարոսի» առակում մեծահարուստն ամբարտավան էր, որովհետև իր անսիրտ և անզգամ վարմունքով աղքատ ու վիրավոր Ղազարոսին զրկել էր իր ամենօրյա խնջույնքների սեղանների փշրանքներից անգամ: Դրա պատճառով էլ նա մահից հետո տանջվում էր(Ղուկաս 16.19-31):
Շատ առակներում ևս Քրիստոս ամբարտավան անձի օրինակներ է բերում: Տաճարում աղոթող փարիսեցին այդպիսին էր, նա բարձրաձայն փառաբանում էր իր անձը և քննադատում իրեն քիչ հեռու կանգնած մաքսավորին, որն աչքերն առանց վեր բարձրացնելու իր կուրծքն էր ծեծում և Աստծուց ներում խնդրում: Հիսուս ասաց, որ Աստված ընդունեց և արդարացրեց մաքսավորին և ոչ փարիսեցուն, որովհետև ով բարձրացնում է իր անձը, պիտի խոնարհվի և ով խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա (Ղուկաս 18.9-15):
Անիրավ դատավորը նույնպես այս մեղքով էր տառապում, որովհետև ո ́չ Աստուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում (Ղուկաս 18.1-9):
Այս թունավոր նետը`հպարտությունը, բազմիցս է խոցում շատ-շատերին: Եվ մարդիկ իրական ճշմարտությունից խուսափելով սկսում են տառապել «մեծության» և ինքնահավանության մոլուցքով:
«Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն մարդ: Երբ նա ոսպ (աղքատի կերակուր) էր ուտում ծառի տակ նստած, նրան է մոտենում մեծահարուստ և հպարտ մի պալատական և ծաղրանքով խրատում նրան.
- Ո῀վ իմաստուն մարդ, եթե դու քո խելացիությանդ հետ մի քիչ էլ շողոքորթություն ու հպարտություն ունենայիր և կարողանայիր կեղծավորություն անել, ապա այժմ պալատում փառահեղ ճաշ կուտեիր:
Իմաստունն անվրդով պտասխանում է.
- Իսկ դու, ո῀վ ստախոս, եթե ոսպով բավարարվեիր, կարիք չէիր ունենա կեղծավորություն անելու և ստորանալու մեծերի առջև»:
Հպարտության ախտն առավել տիրում է հարուստների զավակների վրա, որովհետև հարուստներն իրենց զավակներին գրեթե օրորոցից սկսած, սնուցում են ավելի ամբարտավանությամբ, քան կաթով`անթերի կատարելով նրանց քմահաճությունները: Եվ մինչև մարմնի կազմավորումը նրանց մեջ ամբարտավանության ախտն է հաստատվում, ուստի իրենց դյուցազուններ են համարում և արհամարհում ամենքին, ու նաև իրենց ծնողնեիրն: Որովհետև ինչպես որ մինչ մանուկ էին, ծնողները կատարում էին նրանց քմահաճությունները, այդպես էլ մեծանալով կամենում են, որ իրենց կամքը կատարեն, ուստի և կամապաշտ են դառնում ոչ միայն նրանով, որ բոլոր մյուսներն էլ ծառայեն, և եթե մեկը մի բանով հակառակվում է կամ չի կատարում, իսկույն անշիջանելի բարկությամբ զայրանում են: Ուստի մեղավոր են համարվում ծնողները, եթե իրենց զավակներին կամապաշտության պատճառ են տալիս (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):
Յուրաքանչյուրը պետք է լավ ճանաչի իր անձը, որպեսզի իրեն չվերագրի այնպիսի արժանիքներ, որոնք չունի: Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին կարդացվում է Դանիելի մարգարեությունից մի հատված, որտեղ խոսվում է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի մասին, որ գրավել էր Արևելքի երկրները և գերել բազմաթիվ թագավորների: Նա հասել էր հպարտության այն աստիճանին, որ իրեն աստված էր հռչակել, կառուցել էր տվել իր ոսկյա արձանը և հրամայել, որ բոլորն իրեն երկրպագեն: Դրանից հետո Աստծո խոսքի համաձայն նա խենթացավ, թողեց իր թագավորական աթոռը, գնաց անապատ և ապրեց գազանների հետ: Որոշ ժամանակ հետո անդրադարձավ, որ ինքը մի պարզ մարդ է և իր տարած հաղթանակներն էլ եղել են Աստծո շնորհիվ: Նաբուգոդոնոսոր արքան զղջաց և թողություն խնդրեց Աստծուց, Ով էլ տեսնելով նրա դարձը, վերադարձրեց նրան իր աթոռն ու նախկին պատիվը (Դանիելի մարգարեություն, 4-րդ գլուխ):
«Հպարտությունը մարդու միջից հանում է Աստծուն, նախանձը հանում է ընկերոջը, իսկ բարկությունը`հենց իրեն» (Օգոստինոս):
Աստված նախընտրում է խոնարհ մարդկանց: Սուրբ կույս Մարիամը Աստվածածին լինելու պատվին արժանացավ խոնարհ և հնազանդ լինելու պատճառով.«Ես Աստծո աղախինն եմ, թող Քո ասածը լինի» (Ղուկաս 1.38):
Խոնարհության մեծ օրինակ է մեզ համար այն, որ Հիսուս կարող էր պալատում ծնվել, բայց ծնվեց ախոռում: Ընտրեց հասարակ մարդկանց, անուսում ձկնորսների որպես առաքյալներ, ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ, լվաց իր առաքյալների ոտքերը: Հիսուս երանի տվեց հեզերին, ասելով, որ նրանք երկիրը պիտի ժառանգեն (Մատթեոս 5.5):
12-րդ դարի մեր վարդապետներից Սարգիս Շնորհալին գրել է. «Խոնարհությունը միմյանցից անսահման հեռավորությամբ բաժանված բնությունները միավորեց, քանի որ չկա մի այնպիսի վայր, ուր Աստված ներկա չլինի, բացի ամբարտավան հոգուց: Որքան հեռու է արևելքն արևմուտքից, բյուրապատիկ ավելի հեռու է Աստված ամբարտավան հոգուց, սակայն երբ վերջինս կտրում դեն է գցում չար արմատը և խոնարհվում, իսկույն Աստծուն է մոտենում»:
Մանուկ Կակոսյան Կյուրինցին իր «Երկնքի ճանապարհ»-ը գրքում գրում է. «Երբ հպարտությունը այցելի քեզ, անմիջապես նայիր հողին և մտածիր, որ այդ ոտքիդ տակի հողից ես ստեղծված, որ վերստին հող պիտի դառնաս և ոտքի կոխան լինես: Երկրորդ`մտորիր ծնունդիդ և մահվանդ մասին և կտեսնես, որ ոչ մեկից տարբեր չես: Այսպես` թե́ աղքատ և թե՛ հարուստ, թե́ խելոք և թե́ հիմար,թե́ գեղեցիկ և թե́ տգեղ, թե́ զորեղ և թե́ տկար. բոլորի ծնունդն ու մահը հավասար են: Բոլորն էլ ոչ միայն լացով ու տրտմությամբ, այլև մերկ են աշխարհ գալիս, մերկ էլ պիտի հեռանան`ոչ մի բան չտանելով իրենց հետ: Ո՛չ հարուստը կարող է իր ունեցվածքը տանել, ո́չ գեղեցիկը իր գեղեցկությունը,ո՛չ զորեղն իր զորությունը, բոլորն էլ իրենց ունեցածը պիտի այստեղ թողնեն բացի մեղքից, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել» (Ա Տիմոթ. 6.7)» :

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրության խմբակ
 

Դիտվել է 2789
2012.08.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.