Ընթերցանություն

«Նախ ես, նախ իմ անձը»

Այս մտածումը գուցե շատերին է այցելել, իր հետ բերելով նաև հետևյալ հարցերն ու մտածումները. «ինչո՞ւ դա իմը չէ», «ինչո՞ւ ոչ` ինձ, այլ` նրան», «ես ավելիին եմ արժանի», «նրա փոխարեն կարող էի ես լինել»: Այս և նմանատիպ բազում հարցեր, թաքուն թափանցելով մեր ներաշխարհ, նախ մեր անձն են վնասում: Երբ ուրիշի հաջողությունից, բարեկեցությունից կամառավելությունից մարդու մեջ ծագում է չարության զգացում, ուրեմն մտահոգվելու կարիք կա: Այդ պահին մարդու մեջ ծնվում է մի մեղք, որ շատերի համար կարող է փոքր համարվել, բայց միայն թվացյալ, որովհետև այն յոթ մահացու մեղքերից մեկն է`նախանձը: Այն մահացու հարված է հասցնում մեր հոգուն:
Նախանձը չարի հնարքն է և ծուղակը, որի մասին Մանուկ Կակոսյան Կյուրինցին իր «Երկնքի ճանապարհը» գրքում գրում է. «Նախանձը, ինչպես և հպարտությունը, սատանայի հնարքն է, այս է պատճառը, որ նախանձ մարդը սատանայից ոչնչով չի տարբերվում: Քանի որ սատանան հպարտանալով զրկվեց իր լուսեղեն փառքից և անմիջապես նախանձեց Ադամի փառքին: Նա ամեն բան արեց, որ Ադամին նույնպես զրկի փառքից և բոցեղեն սրով փշալից երկիրը աքսորեց, ու մարդը մահվան վճիռ ստացավ, ինչպես Սողոմոնն է ասում.«Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ.2.24): Նույն` «Երկնքի ճանապարհը» գրքում հեղինակը նախանձ է համարում այն, երբ տրտմում ես ընկերոջդ հաջողության վրա, իսկ ձախորդության վրա` ուրախանում: Այսինքն`ընկերոջդ ունեցվածքի, զավակների, առևտրի հաջողության կամ ունեցած պատվի ու գիտության և մնացած օգտակար բաների վրա տրտմելն ու հոգ անելը նախանձություն է: «Հակառակ պարագայում նմանապես նախանձություն է ընկերոջ զավակ չունենալու կամ զավակի կորստյան, ունեցվածքի գողության,առևտրի ձախորդության ու անպատիվ լինելու կամ փորձանքի հանդիպելու, հիվանդանալու ու նրա գլխին եկած բոլոր պատուհասների վրա խնդալն ու ուրախանալը, այս ամենը նախանձություն է, և այս հատկանիշներով մարդը ոչ մի տարբերություն չունի սատանայից»:
«Ուր նախանձ և հակառակասիրություն կա, այնտեղ կա նաև անկարգություն և ամեն տեսակ չարիք» (Հակոբոս 3.16):
«Բոլորն են ցավակցում իրենց ընկերներին դժբախտությունների ժամանակ, բայց քչերն են ուրախանում նրանց հաջողություններով» (Օսկար Ուայլդ):
Այս մեղքի պատճառով մարդը զրկվեց դրախտից, Կայենը դարձավ եղբայրասպան, Հակոբը մի աման ապուրի դիմաց պահանջեց իր եղբոր անդրանիկությունը, Հովսեփին իր հարազատ եղբայրները վաճառեցին: Սա ընդամենը մի քանի օրինակ է նախանձի չար հետևանքների մասին: Բայց Աստված միշտ պահպանում է իրեն հուսացողներին, ովքեր նախանձի զոհ են դարձել:
«Ինչքան շատ է մարդը նախանձում, այնքան ավելի շատ բարիքներ է գործում նրա համար, ում նախանձում է: Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ երբ տեսնում է, որ նեղացնում են մարդուն, ով ոչ մեկին չի վիրավորում, ապա առավել ևս բարձրացնում է նրան և հռչակավոր դարձնում և դրանով իսկ պատժում նախանձողին» (Սուրբ Հովհան Ոսկեբերան,«Ճառերի ընտրանի»):
«Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն: Քանզի մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու և մի ագահ մարդու, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն ձևով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա: Եվ երբ երկուսն էլ հապաղում էին, թագավորը հրամայում է, որ նախ նախանձոտը խնդրի: Եվ վերջինս խնդրեց իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չկամեցավ բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգև չտրվի»(Հայելի Վարուց, «Բարոյախրատական պատումներ»):

Երիտասարդները և նրանց նախանձը

Արամը (23տ.) նշեց, որ երբ նախանձում է սրտի ցավ, տխրություն և բարկություն է զգում: Պատահում է, որ նախանձում է անգիտակցաբար և չի ուզում դա ընդունել: Իր կյանքում տեսել է պաշտոնի համար աշխատողների նախանձը, մոր նախանձը աղջկա կամ տղայի ընտանիքի կազմավորման և երջանկության դեպքում: Երբ Արամը գիտակցում է, որ նախանձում է, աղոթում է, որ Տերը օգնի իրեն այն հաղթահարելու: Իսկ երբ հասկանում է, թե ինչու՞ են իրեն նախանձում, փորձում է պահպանել իր խաղաղությունը:
Երբ Աննան (37տ.) գիտակցել է, որ նախանձում է, իր հանդեպ զզվանք է զգացել, իսկ ուրիշի հանդեպ տհաճություն, ատելություն և բարկություն: Պատահել է, երբ Աննան նախանձել է, բայց չի ցանկացել դա ընդունել: Դա դարձել է սարսափելի տվայտանք, քանի որ փորձել է ինքն իրեն, ապա նաև Աստծուն խաբել: Փաստորեն նախանձը Աննայի համար ծանր բեռ է, որից հոգին հյուծվում է: «Երբ ինքդ քեզ չես խաբում, ապրում ես խաղաղ: Պետք չէ վախենալ խոստովանել մեղքը, Աստված ցանկացած մեղք կարող է ներել, եթե մարդը սրտանց զղջա: Աստված մեզանից էլ շատ է ուզում մեզ ներված տեսնել: Նախանձի պատճառով ընկել եմ դատելու և հպարտության մեղքերի մեջ: Երբ ընդունում եմ, որ նախանձում եմ, աղոթում եմ Աստծուն, որ ների և օգնի ինձ, սեր և խոնարհություն տա, որպեսզի կարողանամ սիրել իմ մերձավորներին իմ անձի պես: Ինձ նախանձողների համար նույնպես աղոթում եմ: Աստված չստեղծեց ինձ նրա համար, որ ես նախանձեմ, այլ սիրեմ դիմացինիս»:
«Երբեմն թվում է, թե երբեք չես նախանձում ուրիշներին, բայց երբ հասկանում ես, որ դա կա քո մեջ, Քրիստոսից օտարացած ես քեզ զգում: Եթե իրապես նայենք մեր մեջ եղած նախանձին կգարշենք մեզանից: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մեջդ նախանձ կա, այն կասկածամիտ է դարձնում, որդի նման ներսից ուտում է մարդուն, ստիպում դիմացինի մեջ թերություններ տեսնել: Ուրիշների մեջ չեմ ցանկանում դա տեսնել, ինքս իմ մեջ եմ լավ տեսնում: Իսկ երբ նախանձում եմ, աղոթում եմ և՛ ինձ համար, և՛ նրանց համար, ովքեր ինձ են նախանձում: Խնդրում եմ Աստծուն, որ նախանձի սերմերը մեր միջից հանի, այն որոմի նման է, սկզբում խառնված է ցորենի հետ, երբ մեծանում է, այդ ժամանակ է երևում: Երբ ինձ նախանձում են, փորձում եմ չնկատել,պետք է պարզապես սիրել բոլորին» (Էդգար, 30տ.):
Մարիամը (16 տ.) կարծում է, որ ամեն մարդ կարող է նախանձել, այդ թվում նաև ինքը, քանի որ մարդը կատարյալ չէ: Ըստ նրա, նախանձն առաջանում է թերարժեքության զգացումից, սիրո պակասից և եսասիրությունից: «Երբ նախանձում եմ, փորձում եմ հասկանալ, որ ամեն մարդ լավն է յուրովի: Երբեք չեմ մոռանում, որ քրիստոնյա եմ»,- իր դեղատոմսն է ասում Մարիամը:
Ըստ Արամի (25տ.), նախանձից առաջանում է թուլություն, ուժերի անվստահություն, չկամություն: Եղել է, որ նախանձել է, բայց չի ընդունել`ընկնելով կեղծ բարեպաշտության մեջ: Նախանձը հաղթահարելը իր համար մեծ ջանք և ժամանակ է պահանջում: Արամը, հիշելով Մայր Թերեզայի խոսքերը, ասաց, որ ամեն դեպքում դիմացինը կնախանձի, թե ոչ,պետք է բարին անել:
«Չեմ ստի ասելով, թե երբևէ չեմ նախանձել: Այդ պահին հասկանալով, որ դա մեղք է, աշխատել եմ հաղթահարել այն աղոթելով, հոգեբանորեն փորձել եմ հասկանալ պատճառը և ազատվել այդ բացասական զգացմունքից: Այդ հոգեվիճակում ֆիզիկապես զգացել եմ տրամադրության անկում, ճնշված վիճակ: Չեմ ցանկացել հաշտվել այն մտքի հետ, որ նախանձում եմ, անկախ այն բանից, որ գիտակցել եմ, որ մարդուն բնորոշ է ցանկացած զգացմունք, թեկուզ և նախանձը: Փորձել եմ այնպես անել, որ դիմացինը չնախանձի, բայց եկել եմ այն համոզման, որ դա անիմաստ է, քանի որ մարդը ինքը պետք է գիտակցի իր մեջ եղած բացասականը և հաղթահարի այն խղճի և Աստծո շնորհիվ» (Անի, 26 տ.):
«Նախանձը ինձ ծուլացնում է ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆիզիկապես, թույլ և անընդունակ մարդ եմ ինձ համարում այդ պահին: Լինում են պահեր, երբ հասկանում եմ, որ նախանձն է իմ մեջ խոսում, գիտակցելով դա, փորձում եմ ուղղել մտքերս և այլ կերպ առաջնորդվել: Հիմնականում հանդիպում եմ նյութականին վերաբերող նախանձին» (Անի, 28 տ.):
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանն ասում է, որ նախանձը (նախ` սեփական անձը) մահացու մեղք է, որովհետև մարդու եսասիրությունն է դրսևորվում, քանի որ նախանձ մարդու համար ամբողջ աշխարհը, երկրագունդը պտտվում է իր շուրջ: Նախանձի հաղթահարումը եսասիրության հաղթահարումն է: Քահանան բարի նախանձ հասկացությանը չի հավատում: Այն իմաստը, որ դրվում է բարի նախանձ արտահայտության մեջ, իրականում կապ չունի նախանձի հետ, բառերի մեջ շփոթություն կա: Պարզապես «բարի նախանձ» ասվածն իրականում մարդու անկեղծ ձգտումն է սեփական ուժերով և հնարավորություններով ունենալ այն, ինչ ուրիշը ունի, այստեղ նախանձի մասին խոսք չկա: Տեր հայրը վերջում նշեց. «Այնպես անել, որ դիմացինը չնախանձի անհնարին է, նշանակում է ոչ մի բարի բան չանել: Դա արդեն մեր խնդիրը չէ, որ մեր արածի պատճառով դիմացինը կարող է մեզ նախանձել: Ամենալավ ձևը անտեսել, չկարևորել դիմացինի նախանձը և օգնել նրան հասկանալու, որ ինքն էլ կարող է ունենալ այն, ինչին նախանձում է»:

Նախանձի մարմնական և հոգևոր ախտանիշները

Ըստ հետազոտությունների`նախանձի զգացումն ունի նաև մարմնական ախտանշաններ. մարդը, որը տառապում է նախանձի զգացումից, կարող է ունենալ ֆիզիոլոգիական ախտորոշում: Փիթեր Կուտերը նշում է, որ մարդը գունատվում է նախանձից, քանի որ սեղմվում են արյունատար անոթները, բարձրանում է արյան ճնշումը, կամ սկսում է դեղնել, քանի որ արյունը լցվում է մաղձով, լեղիով:
Անգլիացի գիտնականները պարզել են, որ նախանձը կրճատում է մարդու կյանքի տևողությունը:
Օգոստինոսը նախանձը նմանեցրել է հոգու ցեցի, որ ուտում է զգայարանները, այրում է սրտերը, չար ժանդի (խիղճ չունեցողի) պես նեղում է մտքերը:
«Արդարև, թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը`բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախանձողի ոսկորները և ապականում հոգին» (Ս. Հովհան Ոսկեբերան,«Ճառերի ընտրանի»):
«Նախանձի հուրն կիզում է նախանձողի երիկամներն ու սիրտը, կյանքը կարճանում է, և հավիտենական հուրն էլ անվախճան կյանքով պիտի այրի նրա հոգին ու մարմինը: Ահա սա է նախանձոտ մարդու ջանքերի ու գործերի արժանի հատուցումը. որովհետև ինչով որ մեղանչում է մեկը, նույնով և պատժվում է»(Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):

Ինչպե՞ս հաղթահարել նախանձը

Այս մեղքին պետք է հակադրել եղբայրասիրությամբ, բոլորն էլ սիրում են իրենց անձը, այդ պատճառով էլ մեր Տերը պատվիրեց. «Սիրիր ընկերոջդ քո անձի պես»(Մատթեոս 22.39): Նաև սահմանեց մեզ համար ոսկե օրենքը.«Այն ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7.12):
Օգոստինոսը սերն է համարում մեծագույն ուժը նախանձի դեմ, իսկ Հերոնիմոսը զորությամբ մեծ է համարում նրան, ով խոնարհությամբ է հաղթում նախանձին:
«Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում»: (Ա Կորնթացիներ 13.4-5)
«Եթե սրտիցդ հանես քո եղբոր նկատմամբ եղած նախանձը, Աստված կընդունի քո պատարագը, ապա թե այն քեզնից դուրս չձգես, այդպիսի պատարագը հաճելի չի լինի Աստծուն»:  Ընդհանրական վարդապետներ
Նախանձախնդիր լինենք բարին կամենալու և բարին գործելու:
«Եթե երբևիցե ինչ-որ բան ցանկանաս, ողջ Տիեզերքը նպաստելու է քո ցանկության կատարմանը…Մարդը միշտ ամեն ինչ ունի, որպեսզի իր երազանքն իրականություն դարձնի»:  Պաուլո Կոելյո
«Դեն նետեք ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն: Որպես հավատի նորածին մանուկներ` փափագող եղեք Աստծու խոսքի անխարդախ կաթին, որպեսզի նրանով աճեք ու հասնեք փրկության»:  (Ա Պետրոս 2.1-2):

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 6562
2012.08.05
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.