Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները> Յոթ մահացու մեղքեր. բարկացած չմնաք մինչև երեկո

Յոթ մահացու մեղքեր. բարկացած չմնաք մինչև երեկո

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/7h4fxpf4mjpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

Բարկություն նշանակում է ցասում, նզովել, զրպարտել, քրթմնջալ և այլն: Բարկությունն այն մեղքն է, որ ամեն անգամ զրկում է մարդուն առողջ դատողությունից: «Բարկացած մարդը չի ճանաչում ճշմարտությունը»,- գրում է Մանդակունին, ուստի պետք է զգուշանալ, քանի որ բարկությամբ մարդ կորցնում է Աստծո պատկերը (Ս. Մայիլյան, «Ոսկեփորիկ»):
Եկեղեցու հայրերը այս մեղքի տարատեսակներն են համարում ցասումը, կատաղությունը, վիրավորելը, հարվածելը, վեճեր ստեղծելը, հակառակելը, բազում տրտունջներն ու բողոքները, հայհոյանքը և այլն:
Պողոս առաքյալն իր Գաղատացիներին ուղղված թղթում բարկությունը դասում է մի շարք մարդկային գործերի`շնության, պոռնկության, անբարոյության, կռապաշտության, կախարդության, թշնամության, կռվի , նախանձի, երկպառակության, հակառակության, բաժանումների, չարակամության, սպանության, հարբեցողության և նման մեղքերի շարքին: Հետո էլ նախազգուշացնում է, որ այսպիսի բաներ անողները չեն ժառանգելու Աստծու արքայությունը (Գաղատացիներ 5.19-22):

Բարկությունը ծնող պատճառները
Բարկության և նրա պատճառի մասին Հովհան Մանդակունին հետևյալն է ներկայացնում.«Բարկությունը սեփական կամքը պարտադրելն է, հակառակությունը, վեճը, նենգությունը, սուտ գիտությունը, կարճամտությունը, նեղսրտությունը, ձանձրույթը, թշնամանքը մտքից չհեռացնելը, չարի փոխարեն չարով հատուցելն ու վրեժ առնելը: Բարկությունը գալիս է շատերին ուսուցիչ լինելը սիրելուց, իրեն ուրիշներից առավել իմաստուն կարծելուց»:
«Բարկությունը ծնունդ է հպարտության, խոնարհ մարդը հեզ է լինում, հեզն էլ չի բարկանում: Այս մեղքն առաջ է գալիս նաև տգիտությունից: Իմաստունն արդեն գիտի, որ մանկան բնությունը չարին հակամետ է, որ երիտասարդն անփորձ է, ծառան`սխալական, կինը`համառ, ծերն`անուղղելի, օտարը`չարալեզու. Սրանցից մեկի հանցանքը կամ սխալն անակնկալ չի լինի իր համար, ու բարկությունը տեղի չի տա, այլ վեհանձնությամբ կխորհի ու կասի.«Ես գիտեի արդեն, որ այս բանը այսպես պիտի լիներ»: Բարկությունը առաջ է գալիս նաև չներող հոգուց, որովհետև ներողամիտ մարդը, երբ տեսնում է ուրիշի հանցանքը կամ սխալը, փոխանակ բարկանալու, սկսում է իր անձի վրա մտածել, թե քանի- քանի անգամներ ինքն էլ նմանօրինակ հանցանքների մեջ է գտնվել, բայց աչքերից անտես ու անպատիժ է մնացել: Հարկ է, ուրեմն, ներել հանցավորին`առանց բարկանալու և վրեժխնդիր լինելու, չէ՞ որ Աստված մեզ պիտի չափի այն չափով, որով մենք չափում ենք ուրիշներին» (Տեր Գաբրիել քահանա, «Խրատանի ապաշխարության» հավաքածուից ):
«Բարկությունն անվանել բոլոր չարիքների աղբյուր, անտեղի չէ, որովհետև չկա չարիք, որ բարկությունից առաջ չգա`հայհոյանք, հարված, սպանություն, գերություն, ունեցվածքի կորուստ, քաղաքների ավերում, խաղաղության, սիրո և բոլոր բարիքների վերացում. մի խոսքով`բարկությունը մարդկային ցեղի ժանտախտ ու դժոխքի դուռ է» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):

Արդարացի, թե՞ անարդար ենք բարկանում
Փորձելով վերլուծել մեր կյանքը`տեսնում ենք, որ այս մեղքով մենք էլ ենք շատ հաճախ տառապում: Արդարացի, թե՞ անարդար է մեր բարկությունը: Այս տարբերակումն է, որ մեզ մտորելու առիթ պետք է տա:
«Քանի որ կա արդար բարկություն, որը ներելի է, այն է`նախանձախնդրություն կամ բարկություն Աստծու փառքի համար: Աստծուն և իր պատվիրաններին հակառակ, կամ Նրան անպատվություն բերող բան, երբ տեսնի մարդ, չպետք է անտարբեր մնա, բայց`առանց մեղանչելու: Եվ ինչպես սաղմոսերգուն է ասում`«Նույնիսկ երբ բարկանաք, չլինի թե մեղանչեք», և բարկացած չմնաք մինչև երեկո: Երբեք առիթ մի՛ տվեք Սատանային (Եփեսացիներ 4.26-27): Սակայն պետք է միշտ զգուշությամբ գործել, քանի որ Աստված սրտերն է քննում և գիտի, թե Ի՞ր փառքի համար, թե՞ քո բարկության և վրեժխնդրության կիրքդ հագեցնելու համար ես բարկանում » (Տեր Գաբրիել քահանա, «Խրատանի ապաշխարության» գրքից ):
Մեր պատմությունը լի է այնպիսի դրվագներով, երբ ժողովուրդը չկարողանալով տանել այնպիսի անարդարություններ, ինչպիսիք են` հայրենիքի, հավատի և մեր սրբությունների դեմ ուղղված, դուրս է եկել պայքարի: Վարդանանց, Սարդարապատի, Արցախյան և շատ ու շատ հերոսամարտեր մեր ազգի արդար ցասումի ծնունդներն են: Առանց այս պայքարների մենք և մեր երկիրը չէր լինի: Անցյալի հերոսական ոգին արդյոք այսօր էլ է ոգեշնչում մեզ: Այսօր մեծամասնության կողմից շատ հաճախ կարող ենք լսել հետևյալ արտահայտությունները. «Ամեն քայլափոխին անարդարության ես հանդիպում, ինչպես չբարկանաս: Այսօրվա կյանքի թելադրանքն է, լուռ ու մունջ մնաս` կորած ես»: Մի բան հաստատ ակնհայտ է. մեր ազգը հզոր և հաղթող էր, երբ անարդարության դեմ ուղղված ձայնը միաբան էր: Երբ այդ ձայնը համընդհանուրի ցավն էր և չէր շահարկվում անհատների կողմից:
Արդարացի բարկության օրինակ Աստվածաշնչից էլ կարող ենք հիշել, երբ Քրիստոս բարկացավ և տաճարից դուրս հանեց առևտրականներին: Բարկություն, որ սրբության պահպանման համար էր: Մի օրինակ, որով համակվելու և կյանքի կոչելու խնդիր ունենք նաև այսօր, այն էլ մեզանից յուրաքանչյուրը: Արդար ցասում է նաև, երբ հայրը տեղին պատժում է իր զավակին:
Շատ հաճախ էլ պատահում է, որ բարկանում ենք անտեղի, անիմաստ`մոռանալով պահի և հետագայի հետևանքների մասին: Քրիստոս «Լեռան քարոզում» ասում է.«Լսե՞լ եք, թե ինչ ասվեց նախնիներին.«Մի սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թե` ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, և ով որ իր եղբորն ասի ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին» (Մատթեոս 5.21-23):

Բարկության հետևանքները
Բարկության հետևանքների մասին մեզ խորհել կտա հետևյալ պատմությունը: Մի դյուրաբորբոք և անզուսպ երիտասարդ կար: Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և հրահանգեց, ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր:
Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր: Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր-օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել:
Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը: Վերջապես եկավ այն օրը, երբ նա չկորցրեց ինքնատիրապետումը: Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից:
Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել: Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին.
- Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես գերանի վրա որքան անցքեր կան: Այն էլ երբեք առաջվանը չի լինի: Երբ մարդուն ինչ-որ բան ես անում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են: Եվ կարևոր չէ, թե դրանից հետո քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա»:

Բարկությունը որպես վտանգավոր խորհրադատու
Գրիգոր Աստվածաբանը բարկությունը յուրաքանչյուրի համար վտանգավոր խորհրդատու է համարում և այն, ինչ մարդը ձեռնարկում է բարկության ժամանակ, երբեք չի կարող ողջամիտ լինել: Դեյլ Քարնեգին գրում է, որ գերմանական հին բանակում զինվորն իրավունք չուներ անմիջապես բողոք ներկայացնելու որևէ մեկի վրա, որը սխալ էր թույլ տվել: Նա պետք է սպասեր մինչև առավոտ, որպեսզի զայրույթնը անցներ: Եթե նա բողոքը ներկայացնում էր անմիջապես, նրան պատժում էին:

Բարկացած մարդու արտաքին կերպարանքը
«Երբ այս կիրքն տիրում է հոգուն, այնժամ մարդուն դարձնում է կատարյալ գազան և թույլ չի տալիս նրան մարդ մնալ`զրկելով մտքի աջակցությունից: Ինչը որ թունավոր կենդանիների համար թույնն է, նույնն էլ բարկացկոտների համար ջղայնությունն է: Նրանք շան պես կատաղում են, կարիճի պես նետվում և օձի պես գալարվում: Եվ միմյանց կորստի մատնելու և ցեղակիցներին վնասելու պատրաստակամության համար արդարացի է նրանց դասել գազանների և թունավոր կենդանիների հետ, սրանց շուրթերը չեն փակվում, ձեռքերին ազատություն է տրված, վիրավորում են և հանդիմանում`ատելություն տածելով մարդկանց հանդեպ» (Բարսեղ Կեսարացի, «Խրատանի ապաշխարության» գրքից):

Բարկության հաղթահարման միջոցները
Բարկության հակադիր առաքինությունն է հեզությունը: «Սովորեցե՛ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ,-ասում է Տերը,- և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք» (Մատթեոս 11.29): Հեզությունը մի առաքինություն է և հարստություն, որն ունեցողին Հիսուս երանի տվեց`ասելով, որ նրանք երկիրը պիտի ժառանգեն (Մատթեոս 5.5):
«Հեզը, եթե նույնիսկ նեղացած է, բերկրում է, եթե նույնիսկ վշտացած է, շնորհակալ է, զայրացկոտներին խաղաղեցնում է սիրով, հարվածներն իր վրա վերցնելով`մնում է անսասան, վիճաբանելիս հանգիստ է, ենթարկվելիս զվարճանում է, ուրիշի գոռոզամտությունը չի խոցում նրան, նվաստացումների մեջ բերկրում է, արժանիքներից չի մեծամտանում, չի պարծենում, բոլորի հետ ապրում է խաղաղության մեջ, ամենայն իշխանությանը խոնարհ է, ամեն գործի պատրաստ է, ամեն ինչում դրվատանքի է արժանի, բոլորը նրան գովում են: Նա հեռու է խորամանկությունից, ինչպես և երեսպաշտությունից: Չի ենթարկվում նախանձին, խորշում է չարախոսությունից, տանել չի կարողանում քսությունը, ատում է գուշակներին, նողկում է բամբասկոտներից» (Եփրեմ Ասորի, «Հոգևոր ընթերցումներ»):
«Սաղմոսերգությունը սանձում է բարկությունը և մեծահոգաբար քշում է վախը» (Եվագր Պոնտացի,«Խրատանի ապաշխարության» գրքից):
«Եթե քո հոգում բարկություն մտնի, ապա քո կյանքի այդ օրն արդեն ոչնչացրեց, ծայրահեղ դեպքում թույլ մի տուր բարկությանը հաջորդ օրը տեղափոխվել, որպեսզի այն չկործանի քո ամբողջ կյանքը» (Եփրեմ Ասորի, «Խրատանի ապաշխարության» գրքից):
«Չարիքը չարությամբ չի ոչնչանում: Այլ եթե մեկը քեզ չարիք է պատճառում, նրան դու բարիք արա, որպեսզի բարի գործով ոչնչացնես չարը» (Աբբա Պիմեն, «Խրատանի ապաշխարության» գրքից):
«Բարկությունը և ատելությունը սրտում բազմապատկում են խռովքը, իսկ ողորմածությունը և հեզությունը մարում են այն» (Եվագր Պոնտացի, «Խրատանի ապաշխարության» գրքից):
«Անբարկության սկիզբը լեզվի զսպումն է խռովված սրտի ժամանակ: Եթե ուզում ես հանել շյուղը մերձավորիդ աչքից, ապա բժշկական գործիքի փոխարեն գերան մի օգտագործիր: Գերանը կոշտ խոսքերն են և կոպիտ վարմունքը, իսկ բժշկական գործիքը հեզությամբ հասկացնելն է և համբերատարությամբ հանդիմանելն ու ուսուցանելը» (Հովհաննես Սանդուխք, «Խրատանի ապաշխարության» գրքից):
«Թույլ մի տուր, որ բարկությունը մինչև կոկորդդ հասնի» (Աբբա Իսիդոր, «Խրատանի ապաշխարության» գրքից):
«Եթե ուզում ես քեզ հանդուրժեն, դու էլ ուրիշներին հանդուրժիր» (Հոգեշահ գրքերից):
«Մի բուժեք չարիքը չարիքով, մի ջանացեք այդ կործանարար ասպարեզում միմյանց գերազանցել: Վիրավորե՞լ է քեզ բարկացած մեկը, կանգնեցրու չարիքը լռությամբ: Թշնամուն մի դարձրու քեզ համար ուսուցիչ, մի ձգտիր այն բանին, ինչն ատելի է քեզ համար: Մի դարձիր բարկացածի համար`որպես հայելի`քեզ վրա ի ցույց դնելով նրա պատկերը: Չարիքի դեմն առնենք հենց սկզբից`ամեն կերպ ջանալով հոգում ոչնչացնել բարկությունը» (Բարսեղ Կեսարացի, «Խրատանի ապաշխարության» գրքից):
«Քշիր բարկության բորբոքող մտքերը, հեռացրու քեզանից և մի թող վրդովմունքը հորձանք տա սրտիդ մեջ: Եվ չես խռովվի աղոթքի պահին: Ով խաղաղություն պահելու համար համբերում է զայրացկոտին, իրականում հենց նա է խաղաղության որդին: Սպառնացողին ընդհանրապես ոչինչ մի պատասխանիր, որպեսզի լռությամբ պատնեշես բոց շնչող բերանը» (Նեղոս Սինայեցի, «Խրատանի ապաշխարության» գրքից):
Հակոբոս առաքյալն էլ ասում է.«Հիշեցե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, որ պետք է լինեք ավելի լսող, քան թե խոսող: Հեշտությամբ մի՛ բորբոքվեք: Իմացե՛ք, որ մեր բարկանալով չենք կարող Աստծու արդար ծրագիրն իրականացնել: Ուստի թոթափեցե՛ք ձեզնից ամեն կեղտոտ սովորություն ու չար ցանկություն և հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված Աստծու խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները» (Հակոբոս 1.19-22):

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 3235
2012.08.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.