Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները> Թշնամուց առավել զորավոր ծուլությունը. յոթ մահացու մեղքեր

Թշնամուց առավել զորավոր ծուլությունը. յոթ մահացու մեղքեր

Աստված  ամեն ինչ այնքան իմաստուն է արարել, որ  բնությունը  և կենդանական աշխարհը շատ անգամ մարդուն հիշեցնում և ուսուցանում են իր առաքելության և առաքինության մասին:  Սողոմոն արքան, օրինակ բերելով փոքրիկ մրջյունին և մեղվին, հանդիմանում է ծույլին.«Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, նախանձիր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի.քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տեր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը և հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը: Կամ մեղվի մոտ գնա, տե՛ս, թե ինչպես գործունյա է նա և թե ինչպիսի ջանասիրությամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագավորներին և տնանկներին`բժշկության համար, որովհետև ինքը հարգեց իմաստությունը և արժանի եղավ հարգանքի» (Առակներ 6. 6-9):
Ծուլությունը բացասական երևույթ լինելուց բացի դասվում է նաև յոթ մահացու մեղքերի շարքում: Այն թույլ չի տալիս մարդուն բարիք գործել: Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է սահմանում ծուլությունը.«Բարին կատարելու չկամեցողություն է կամ ձանձրանալը բարուց, մեղքերի սնուցողն է և մայրը դատարկաբանության»: Ծուլանալով հնարավոր չէ փրկության արժանանալ, քանի որ միայն հավատով չէ, որ մարդ պիտի արդարանա, այլ իր գործած բարի գործերով և առաքինություններով, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում.« Հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2.20):

  

Ծուլության հետևանքները

Ծուլությունը բոլոր չարիքների աղբյուրն է: «Չկա մի մոլություն, որ անգործությունից առաջ չգա: Անգործը, որ օգտակար գործերով չի զբաղվում, ստիպված զբաղվում է վնասակար բաներով, որ ավելի չար է, քան ոչինչ չանելը: Մարդիկ, որ բորոտներին քաղաքից վտարում են, որպեսզի առողջներին չվարակեն, լավ կանեին, եթե ծույլերին ևս հեռացնեին, որպեսզի աշխատասերներին էլ ծուլության ախտի մեջ չներքաշեին»(Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):

Պողոս պատրիարքն իր խրատում ծույլին համարում է հասարակության թշնամին, որովհետև առանց աշխատելու կամենում է հասարակության բարիքները վայելել`խախտելով այն ստույգ օրենքը, թե չաշխատող ձեռքը պիտի չուտի: Հետո նաև ավելացնում է, որ Աստված աշխարհը արարել է մարդուն ծառայելու համար, որպեսզի մարդն էլ Աստծուն ծառայի, իսկ ծույլը չի ծառայում Աստծուն, ուստի և անարժանությամբ է վայելում աշխարհը և նրանում եղած բարիքները: Պատրիարքն ազգի կործանման պատճառներից է համարում ծուլությունը, որն ըստ իրեն առավել զորավոր է, քան թշնամին:

Ծուլությունից առաջ են գալիս ձանձրույթ, քնկոտություն, դատարկակեցություն, շատախոսություն ու բամբասանքներ, հեշտասիրություն (հաճույքասիրություն), աղոթելու, եկեղեցի հաճախելու, Աստվածաշնչի ընթերցման մեջ թուլացում, ուսման և այլ պարտականությունների մեջ կաղում: «Այս բանն ենք պատվիրում ձեզ,-ասում է Պողոս առաքյալը,- ով չի ուզում աշխատել, թող չուտի էլ: Արդ, լսում ենք, որ ձեզանից ոմանք անկարգ կյանքով են ապրում, որևէ գործով չեն զբաղվում, այլ ծույլ-ծույլ շրջում են`պարապ բաներով հետաքրքրվելով: Այդպիսիններին պատվիրում ու հորդորում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտությամբ և իրենց հացն ուտեն»(Բ Թեսաղ. 3.10-15) («Մեղայ Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.):

Ծուլության հետևանքների մասին Սբ. Հովհան Ոսկեբերանը իր խրատներում նշում է, որ անգործությունը վնասում է ամեն բան, անգամ  մարմնի անդամները: Բայց ոչինչ այնպես չի տուժում ծուլությունից, ինչպես`հոգին: Ծուլությունից բացի  նա վնասակար է համարում ոչ պատշաճ գործունեությունը: Դա նման է այն բանի, որ երբ մարդը ոչինչ չուտի, կփչացնի ատամները, բայց եթե ուտի  ոչ պատշաճ բաներ, կփշրի դրանք: Այնուհետև ավելացնում է, որ  եթե հոգին էլ ոչինչ չի անում, կամ անում է բաներ, որ հարկ չէր անել, կորցնում է իր զորությունը: «Եթե պարապությունը բարիք լիներ, ապա հողն ամեն բան կտար առանց ցանելու և մշակելու, բայց նա ոչ մի նման բան չի անում: Ոչինչ չկա աշխարհի վրա, որ չփչանա անշարժությունից: Այսպես անշարժ լճացած ջուրը հոտում է, իսկ հոսող ջուրը պահպանում է իր մաքրությունն ու վճիտությունը: Նաև երկաթը, որ անշարժ է մնում , դառնում է ավելի թույլ, ընկնում որակից և ժանգոտվում, իսկ գործի մեջ գտնվողը դառնում է թե օգտակար և թե գեղեցիկ`չզիջելով իր փայլով
արծաթին: Հողը, մնալով հանգստի մեջ, ոչ մի լավ բան չի տալիս, որը կարող է ամեն մեկն էլ տեսնել, այլ միայն անպիտան խոտեր և տատասկ, նաև`անպտղաբեր ծառեր: Եվ ընդհանրապես, ամեն մի էակ անգործությունից փչանում է, իսկ իրեն հատուկ գործունեությունից դառնում է օգտակար»(Սբ. Հովհան Ոսկեբերան, «Խրատանի ապաշխարության» ժողովածուից):

Սողոմոնն իր «Առակներ» գրքում ծույլին սթափվելու և արթնանալու կոչ է անում`նշելով այն փորձություններն ու չար հետևանքները, որից չի կարող նա խուսափել: «Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես,մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և ահա, աղքատությունը, ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը, իբրև ժիր սուրհանդակ, կկանգնի դռանդ» (Առակներ 6.10-11):

 

 

Ծուլությունը հաղթահարելի է

Ծուլությունը ուղղակի պետք է հաղթահարել աշխատասիրությամբ: «Ոչ մի րոպեն ծուլությանը մի՛ զոհիր: Սիրի՛ր աշխատանքը, մարմնավոր աշխատանքը սրտին մաքրություն է տալիս» (Անտոն Անապատական,«Խրատանի ապաշխարություն» ժողովածուից):

Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում, որը գեղեցկատեսիլ էր և առատ ամեն ինչով: Թվում էր, թե անելու ոչինչ չի լինի, բայց Աստված պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի և պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին և Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաև հետևյալը.«Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես»(Ծննդոց 3.19): Սա պատիժ էր թե՛ առաջին մարդկանց և թե՛ հաջորդ սերունդների համար, բայց Սբ. Հովհան Ոսկեբերանը Աստվածային այս խոսքում ներշնչանք և ուսուցում է տեսնում, նաև բժշկություն`մեղքից առաջացած վերքի համար:

«Եթե ծույլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբյուրի նման, և կարիքը, ինչպես ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու»(Առակներ 6.11-12):
Աշխատասիրության շատ օրինակներ կարող ենք գտնել Աստվածաշնչից: Սբ. Հովհան Ոսկեբերանը «Խրատանի ապաշխարության» ժողովածու գրքում օրինակ է բերում Սբ. Պողոս առաքյալին, որն անդադար աշխատում էր ոչ միայն ցերեկն, այլև`գիշերը: Սա ի հայտ է բերում նա, երբ ասում է.«Եղբայրներ, հիշեցեք մեր վաստակը և ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք»(Ա Թեսաղ. 2.9): Հաճույքի և հոգևոր հանգստի համար չէ, որ նա աշխատում էր, ինչն անում էին եղբայրներից շատերը, այլ այնպիսի ջանք էր թափում աշխատանքի ժամին, որ օգնում էր նաև ուրիշներին:
Շենուդա Գ պատրիարքն ասում է, որ եթե պարապությունից չար միտք է ծնվում, ապա աշխատանքի շնորհիվ մարդը հսկում և ուղղում է իր մտքերը, համաձայն իր զբաղմունքի:
Հանգստի կարիք ունի Աստծո ողջ ստեղծագործությունը`բնությունը, կենդանական աշխարհը, այդ թվում նաև մարդը:Աստված մարդուն ոչ միայն աշխատելու, այլ նաև հանգստանալու պատվեր տվեց այն պատվիրանի շնորհիվ, որն ասում է.« Շաբաթ օրը սուրբ պահիր»(Երկրորդ օրենք 5.12): Բայց երկարատև հանգիստը վերածվում է ծուլության, որն էլ պատճառ է դառնում շատ չարիքների: Աստվածաշնչում կարդում ենք, թե ինչպես Դավիթ թագավորն, երբ պատերազմից վերադարձել էր և իր պալատի մեջ հանգիստ էր վայելում, այդ ժամանակ գործեց Աստծո առջև իր ամենածանր մեղքը (Բ Թագավորություններ 11.1-27): Մոլորվեցին և երկնային պատիժների ենթարկվեցին Նոյի ժամանակվա և Սոդոմ-Գոմոր քաղաքների ժողովուրդը, երբ իրենց երկարատև հանգիստն էին վայելում, ուտում էին, խմում և իրենց մարմնավոր ցանկություններն էին կատարում:
«Իմանալով, թե ինչքան վնասակար է ծուլությունը և որքան օգտակարություն կա աշխատասիրությունից, խուսափենք առաջինից և ամուր բռնվենք վերջինից, որպեսզի մենք թե այս կյանքում ապրենք բարեվայելչությամբ և կարիքավորներին էլ օգնենք մեր ունեցվածքից`կատարելագործելով մեր հոգին և թե ստանանք հավիտենական բարիքները» (Սբ. Հովհան Ոսկեբերան, «Խրատանի ապաշխարության» ժողովածուից):

                                                                      
                                                                      Կազմեց Կարինե Սուգիկյանը
                                                                     ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 4731
2012.09.20
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.