Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները> «Ագահության բացակայությունն ամենամեծ հարստությունն է». յոթ մահացու մեղքեր

«Ագահության բացակայությունն ամենամեծ հարստությունն է». յոթ մահացու մեղքեր

«Զցույշ եղեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից»: Այս խոսքերն ասելուց հետո Հիսուս ներկաներին պատմեց մի առակ անմիտ մեծահարուստի մասին, ով մինչ մտածում էր իր կուտակած հարստությունը վայելելու մասին, Աստված հենց այդ գիշեր վերցրեց նրա հոգին: Եվ Հիսուս եզրակացրեց ասելով, նույնն է բոլոր նրանց պարագան, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծու աչքին (Ղուկաս 12.15-22):

Տասը պատվիրաններից վերջինը` «Մի՛ ցանկացիր մերձավորիդ ունեցվածք»-ը, մեզ զգուշացնում և արգելում է անգամ մտքով մեղանչել և ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա: Այդ ցանկության պատճառով էլ մարդ կարող է բազմապիսի մեղքերի մեջ ընկնել: Այս մասին Քրիստոս ասում է.«Ինչ որ մարդուց դուրս է ելնում, ա՛յն է պղծում մարդուն, որովհետև մարդու ներսից, այսինքն`սրտից են ելնում չար մտածումները`շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն (ցանկամոլություն), չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չար բաներն են, որ մարդու ներսից ելնելով`պղծում են նրան» (Մարկոս 7.21-23): Որպեսզի մարդ հնարավորինս հեռու մնա այս մեղքերից, պետք է աշխատի իր կյանքում և կենցաղում լինել համեստ, առաքինի, ազնիվ, անշահախնդիր, ողորմած, առատաձեռն, խոնարհ և զուսպ:

Ըստ Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու ագահությունը դրամի ու ունեցվածքի անկարգ բաղձանք է: Ագահները իրենց ողջ կյանքում տանջանքով են ապրում, որովհետև միշտ տառապում են գանձեր մթերելու համար, և ցավերով մեռնում, որովհետև գանձերն իրենց կամքին հակառակ են թողնում և գնում են անդառնալի ուղիով: Ագահների զավակները շատ անգամ շռայլ են լինում, և ինչ որ ծնողները ժողովեցին քառասուն կամ հիսուն տարում, սրանք այն վատնում են նույնքան օրերում:

Պողոս առաքյալը երկու տեղ ագահությունը կռապաշտություն է անվանում(Եփես.5.5, Կողոս. 3.5), որովհետև, ըստ Տիրոջ խոսքի(Մատթեոս 6.24), մարդ չի կարող միաժամանակ երկու տիրոջ ծառայել, այսինքն`չի կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային, որը հարստությունն է: Ուստի ագահը, որ ծառայում է մամոնային, կռապաշտ է և ոչ թե աստվածապաշտ:Ագահության ծնունդներն են փողասիրությունը, առևտրում կամ դրամական այլ կարգի հաշիվներում խարդախությունը, գողությունը, զրկողությունը, աղքատների, թշվառների հանդեպ ատելությունը և օգնությունից նրանց զրկելը, ժլատությունը և այլն («Մեղայ Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.):

Մեր պատմությունից  կարող ենք հիշել Բագրատունյաց հինգերորդ թագավորին`Աշոտ Գ-ին, որ հայտնի էր Ողորմած մականունով իր չափազանց գթասրտության և առատաձեռնության համար:             

Աստվածաշնչում կարդում ենք Աբրահամի, Հոբի մասին, որոնք մեծահարուստ լինելով  աստվածապաշտ էին, ողորմած, և որոնց կյանքի նպատակը  փառք ձեռք բերելը  չէր: Քանի որ, երբ մարդու նպատակն է դառնում հարստանալը և փառքին հասնելը, ապա նա դառնում է ագահ և ցանկասեր: Այս մասին խրատում է Սողոմոնը.«Եթե ունևոր չես, մի՛ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստությամբ հեռացիր նրանից» (Առակներ 23.4): Հիսուս Ինքը եղավ գթասրտության և ողորմածության լավագույն օրինակը բոլորիս համար:

 

     
Ագահության հետևանքները
Ագահության ախտը կարճում է կյանքը. որովհետև ագահը մտքով տանջվում է, թե ինչպես ձեռք բերի չունեցածը, ինչպես պահպանի ունեցածը և սրանով միշտ հյուծվում և մաշվում է: Որովհետև դրամ ձեռք բերելն աշխատանքով է, պահելը`երկյուղով, և կորցնելը`ցավերով:

Եթե իշխանների սրտից ագահությունը վերանա, տառապալից դժբախտությունները կտարագրվեն քաղաքներից, և թշվառությունները`գյուղերից, որովհետև գլխավորների ընչաքաղց բաղձանքն է, որ աշխատասեր հասարակությանը տառապեցնում է քաղցով, մերկությամբ, կապանքներով ու պանդխտությամբ, և նրանց աղաղակը միշտ երկինք է ելնում`իջեցնելու աստվածային արդար ցասումը (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):

Գիտնականները հաստատում են, որ առողջության 80 %-ը կախված է մարդու հոգեկան վիճակից: Ավստրիայի գիտնական, հոգեբանության և փսիխոսոմատիկայի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը հետազոտություն է արել, որի արդյունքում նա հետազոտել է երկու հազար կամավոր մարդկանց հինգ տարվա ընթացքում: Դրա արդյունքում հայտնաբերել են առողջության համար մի քանի վտանգավոր զգացմունքներ, որոնցից մեկն էլ ագահությունն է: Ագահ մարդկանց մոտ մեծամասամբ խանգարումներ է առաջանում մարսողության հետ:


Ագահությունը հաղթահարելի է ողորմածությամբ

Ողորմություն նշանակում է գթություն, կարեկցություն (Էդ. Աղայան,«Արդի հայերենի բացատրական բառարան»):

Ողորմություն բաշխել կարող են ոչ միայն նյութապես ապահովածները`կարիքավորներին դրամական օգնություն տալով, այլ ընդհանրապես բոլորը, ովքեր ցավակից են լինում նեղության, դժբախտության մեջ ընկածներին, փորձելով բարի գործով կամ խոսքով մխիթարել նրանց:

Քանի որ մարդը և՛ հոգի է, և՛ մարմին, ապա կարիք ունի հոգալու թե՛ մարմնավոր և թե՛ հոգևոր կարիքները: Հետևաբար ողորմածությունը լինում է երկու բնույթի`հոգևոր և մարմնավոր: Մեր եկեղեցու հայրերից Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է. «Ողորմությունը կամավոր ցավակցությունն է ուրիշների թշվառությանը: Ողորմությունը տասնչորս կերպ է իրականանում, որոնցից  յոթը մարմնավոր են, յոթը`հոգևոր: Մարմնավոր են սրանք. Քաղցածներին կերակրելը, ծարավին ջուր տալը, մերկին հագցնելը, օտարներին ժողովելը, գերվածներին փրկելը, հիվանդներին այցելելը, մեռածներին թաղելը: Առաջին վեցը Ավետարանն է սովորեցնում, յոթերորդը՝Աստվածաշնչյան Տոբիթի գիրքը: Հոգևոր ողորմություն են. Նախ հանցավորին ներելը, մեղավորին հանդիմանելը, տգետներին ուսուցանելը, երկմիտներին խրատելը, տրտմածներին մխիթարելը, ընկերոջ փրկության համար աղոթելը, համբերելը սեփական անձի դեմ գործած անիրավություններին: Եվ այս վերջինը ողորմության գործ է ասում, որովհետև փափուկ և խոնարհ պատասխանը խորտակում է ընկերոջ բարկությունը և շահում նրան» (Սբ. Գրիգոր Տաթևացի «Գիրք Հարցմանց»):  

Ճշմարիտ և աստվածահաճո է այն բարեգործությունը միայն, որն արվում է Աստծո և մարդկանց նկատմամբ մեր ունեցած անկեղծ ու անշահախնդիր սիրուց: Ռիչարդ Բրաունշտէյն ասել է.«Հնարավոր է տալ առանց սիրելու, սակայն անհնարին է սիրել առանց տալու»:                                                             Ողորմությունը պետք է գաղտնաբար անել: Այս մասին մեր Տերը ասում է.«Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը  չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեքը: Այսպիսով քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես» (Մատթեոս 6.3-5):
«Եթե մեկը մի բան խնդրի քեզնից, տու՛ր, և եթե մեկը մի բան փոխ առնել ուզի քեզնից, երես մի՛ դարձրու» (Մատթեոս 5.42):
Սողոմոնն իր Առակների գրքում ասում է. «Աղքատին զրկողը նրա Ստեղծողին է անարգում, բայց տնանկին ողորմություն անողը Նրան է պատվում: Ով իր ականջը փակում է աղքատին չլսելու համար, ինքն էլ, երբ կանչի Տիրոջը, Տերն էլ իրեն չի լսի» (Առակ. 14.31;21.13):
Ողորմությունը միայն հարուստներին չի վերաբերում, այլև աղքատներին, որովհետև չկա մի այնպիսի աղքատ մարդ, որքան էլ նա չքավոր լինի, որ չունենա թեկուզ և երկու գրոշ: Այդ պատճառով քչից քիչ տվողը կարող է ավելի բարձր լինել նրանից, ովքեր առատ ողորմություն են տալիս իրենց մեծ ունեցվածքից, ինչպես դա պատահեց ավետարանական այրու հետ (Մարկոս 12.41-44): Ողորմության մեծությունը որոշվում է ոչ թե տրված ողորմության չափով, այլ ողորմացողների հոժարությամբ ու տրամադրվածությամբ (Սբ. Հովհան Ոսկեբերան, «Ճառերի ընտրանի»):
Հաճախ կարող է տարակուսանք առաջանալ. տալ ողորմություն թե՞ ոչ: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը`Աստված: Նաև հետևյալ խորհուրդն է տալիս.« Աղքատը, եթե նա նույնիսկ մեծագույն մեղավոր է, տու՛ր նրան և մի´ հիշիր նրա մեղքերը: Այսօր է ժամը մարդասիրության և ողորմության, այլ ոչ`դատելու և դատաստանի խստության: Նա ուզում է ուտել, եթե ցանկանում ես, տուր նրան, եթե չես ցանկանում, հրաժարվիր`առանց քննելու, թե ինչու է նա աղքատ և դժբախտ»: Այս մասին մի խորիմաստ պատմություն կա, որ մեծ օգուտ կարող է տալ անձին հոգևոր  դաստիարակության և աճի համար:

Մի մարդ գնում է վանք ու այնտեղ հանդիպելով մի ճգնավորի`ասում է.  
-Հա՛յր սուրբ, ահավոր ծանր վիճակում եմ, տանս ուտելու ոչինչ չկա, խնդրում եմ մի բանով օգնիր: Եթե հիմա հաց չհասցնեմ, երեխաներս սովամահ կլինեն:
Վանականը ոչինչ չուներ, բացի մի վերարկուից, որը նրան ծառայում էր և՛ որպես վերարկու, և՛ որպես գիշերային ծածկոց: Բարի ճգնավորը մտածում է, թե ի՛նչ օգուտ, այն բանից, որ ինքը չի մրսում, եթե երեխաները սովամահ են լինու: Վերարկուն հանելով`տալիս է մարդուն և ասում.
-Վերցրո՛ւ, եղբա՛յրս, վաճառիր սա, ու թող փրկվի քո ընտանիքը սովի դաժան ճիրաններից:

Անցնում է որոշ ժամանակ, և վանականը գնում է քաղաք: Հանկարծ հետևից մի լպիրշ ծիծաղ է լսում, ապա.«Ահա տղերք այն հիմար վանականը, որին ես խաբեցի, ու նրա վերարկուի գումարով հարբեցինք…»:

Վանականը շրջվում է և տեսնում, որ այս խոսքերն ասողն այն նույն մարդն էր, ում տվել էր իր վերարկուն`նրա  երեխաներին սովից փրկելու համար: Բարեսիրտ վանականը նենգաբար խաբվել էր…
Խեղճը քիչ է մնում խելագարվի և, գլուխը կորցրած, վազում է վանք: Հասնում է եկեղեցի թե չէ, ծնկի է իջնում ու, դառն արցունքներն աչքերին, հեկեկալով ասում է. «Ինչո˜ւ, Տե˜ր, ինչո՞ւ…»:
Այսպես աղոթելով աստիճանաբար հանդարտվում է, խաղաղվում, ապա`վրան մի աստվածատուր թմբիր է իջնում: Թմրության մեջ վանականը տեսնում է Տեր Հիսուսին, Ով հանդարտ քայլերով մոտենում է իրեն: Տերն Իր բարի աչքերը սևեռում է վանականի վրա և մեղմ շոյելով գլուխը` ասում.   
-Մի՛ տխրիր, որդի՛ս, դու չես խաբվել, քո վերարկուն ինձ մոտ է, որովհետև ով ողորմություն է անում, ինձ է անում: Դրա համար էլ Դատաստանի օրը Ես էլ նրանց եմ ողորմելու: Իսկ քեզ վերարկուիդ փոխարեն քահանայական շուրջառ եմ տալու, որ Իմ առաջ ուրիշների համար բարեխոսելու իրավունք էլ ունենաս: Մնա խաղաղությամբ…
Վանականն ամեն ինչ հասկանում է ու փառք տալիս Աստծուն:

Ասված չէ բարեգործություն արա մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, տաս կամ հարյուր անգամ, այլ` ամեն ժամ «թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից» (Առակներ 3.3): Ինչպես հարուստների երեխաները մշտապես իրենց վրա կրում են ոսկե զարդեղեններ և երբեք չեն հանում դրանք`ցույց տալով իրենց`ազնվական ընտանիքից լինելը, այդպես էլ մենք միշտ պիտի ողորմածությունը մեզ վրա ունենանք, որպեսզի դրանով երևա, որ մենք Ողորմածի որդիներ ենք (Սբ. Հովհան Ոսկեբերան, «Խրատանի ապաշխարության»ժողովածուից):

Եսայի մարգարեն ասում է.«Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի»(Եսայի 58.10):

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

 

Դիտվել է 4199
2012.10.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.