Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները> «Մարդ միայն հացով չի ապրի, այլ Աստծո բոլոր խոսքերով». յոթ մահացու մեղքերից որկրամոլության մասին

«Մարդ միայն հացով չի ապրի, այլ Աստծո բոլոր խոսքերով». յոթ մահացու մեղքերից որկրամոլության մասին

Աշխարհի արարումից հետո Աստված արարչագործության պսակին`մարդուն, օրհնեց, ամեն ինչի վրա տեր կարգեց, իսկ ճաշակելու հետ կապված հետևյալն ասաց. «Ահա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր բույսերի սերմերը և իրենց մեջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն» (Ծննդոց 1:29-30): Իսկ ջրհեղեղից հետո, Նոյի հետ Իր ուխտն հաստատելիս, ասաց. «Ամեն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպես խոտն ու բանջարն եմ տվել» (Ծննդոց 9.3): Ապրելու համար անհրաժեշտ է սնվել, ինչպես ի սկզբանե է եղել, բայց երբ մարդն ուտելու մեջ իր չափն անցնում է, մեղանչում է, ընկնելով յոթ մահացու մեղքերից մեկի մեջ, որ կոչվում է որկրամոլություն:

Որկրամոլություն նշանակում է որկորի (կերակրափողի) հաճույքին  շատ տուրք տալ: Որկրամոլություն են թե՛ շատակերությունը և թե՛ այնպիսի քչակերությունը, որը կատարվում է չափազանց մեծ հաճույքով ու հափշտակությամբ: Այնպես պիտի չլինի, որ մարդու որովայնն իր աստվածը դառնա (Փիլիպպեցիներ 3.19): Որկրամոլության ծնունդ են անհագ ուտելը, առանց ժամ ու ժամանակի կերակրվելը, պահքն արհամարհելը, հարբեցողությունը և այլն («Մեղայ Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.):
Գիտությունը ապացուցել է. վայրի կենդանիները չեն գիրանում, բնական բնազդը հուշում է նրանց, թե որքան ուտեն և հագեցնեն քաղցն ու էներգիա ստանան: Իսկ ինչու՞ մարդիկ չեն կարողանում հսկել իրենց ախորժակը: Եթե շատակերության հիմքում հիվանդությունը չէ, այլ հոգեբանական մոտիվները, ապա ըստ մասնագետների դա կարելի է վերահսկել:
Մարդիկ տքնաջան աշխատում են, երբեմն առանց հանգստի, որպեսզի ապրեն և գոյատևեն: Յուրաքանչյուրիս համար սա նորմալ կյանքի մի ընթացք է, համաձայն այն խոսքերի, որ Աստված ասաց Ադամին և Եվային, երբ նրանք գործեցին անհնազանդության մեղքը, և որն ուղղվեց նաև ողջ մարդկությանը. «Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:17-20): Բազմահոգ մեր կենցաղում մարդիկ շատ անգամ մոռանում են, որ բացի անցավոր մարմնից ունեն նաև անմահ հոգի, և որպես քրիստոնյաներ, գուցե մոռանալով, որ այդ հոգու փրկության համար էլ անհրաժեշտ է աշխատել, որ այդ հոգին էլ կարիք ունի սննդի և խնամքի: Տեղին է վերհիշել մեր Տիրոջ`Հիսուս Քիրստոսի պատգամները ուղղված բոլորիս. «Աշխատեք ո՛չ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է հավիտենական կյանք» (Հովհաննես 6:27), «Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենն աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծո արքայությանը, և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12.29-31):
Անապատում քառասուն օրեր անցկացնելուց հետո, երբ Հիսուս քաղց զգաց, սատանան փորձեց նրան ասելով, որ եթե Աստծո Որդին ես, քարերը հաց դարձրու: Քրիստոս չարի փորձությանը հաղթահարեց Սուրբ Գրքի հետևյալ խոսքերով. «Մարդ միայն հացով չի ապրի, այլ Աստծո բոլոր խոսքերով» (Ղուկաս 4:3-5):
Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր թղթում հետևյալն է ասում. «Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն`«Ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք», ինչպես հաճախ ասում են մարդիկ: Ո՛չ, եղբայրնե՛ր, չխաբվեք. «Վատ ընկերը խաթարում է լավ նկարագիրը»: Սթափվեցե՛ք և արդար կյա՛ նք ապրեցեք. մի՛ մեղանչեք»(Ա Կորնթացիներ 15.32-34): Պողոս առաքյալը ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր այս կերպ մտածողներին սթափվելու և չմեղանչելու խորհուրդ է տալիս: Այսօր որոշ մարդիկ քրիստոնեությունը հարմարեցնում են իրենց սկզբունքներին: Նման մարդիկ ճիշտ է ասում են, որ հավատում են Աստծուն, բայց չեն հավատում Աստծո խոսքին: Ինչպես կարելի է հավատալ մեկին, բայց չհավատալ նրա խոսքերին: Այս կերպ մտածողներն ասում են. «Ի՞նչ Քրիստոսի երկրորդ գալուստ, ի՞նչ մեռելների հարություն, ի՞նչ դատաստան, մի կյանք ենք ապրում, ուտե˜նք, խմե˜նք, վայելե˜նք»:
Ըստ Շեքսպիրի մարդը անբան անասունի է հավասարվում, եթե իր կյանքի գլխավոր շահը և փոխարժեքը միայն ուտելն ու քնելն է համարում: Իսկ Սենեկան ասում է. «Հարկավոր է ուտել, որպեսզի ապրել, այլ ոչ թե ապրել, որպեսզի ուտել»:
Սբ. Հովհաննես Սանդուղքը որկրամոլությունը համարում է կրքերի գլուխը:

 

 

Որկրամոլության հետևանքները
Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին իր «Խրատի թանգարան» գրքում որկրամոլության հետևանքների մասին հետևյալն է ներկայացնում. «Բազմատեսակ հիվանդությունները, որոնց պատճառով մարդիկ բազմազան դեղերի կարիքն են ունենում, այն պատճառով են հաճախ պատահում, որ մարդիկ չգիտեն կենցաղավարության ճիշտ եղանակը: Որովհետև խառնակեցիկ վարքը մահվան թույնի է փոխարկում կերակուրը, որը սահմանված է կյանքը պահպանելու համար, և բազմախորտիկ սեղանը կարճում է կյանքը, որը դեղերը չեն կարողանում երկարացնել: Ուրեմն` պետք է բարեխառն ու ժուժկալ լինել բնական հաճույքները վայելելիս, ապա թե ոչ բնության պատժի են վերափոխվում ու մահն արագացնում»:
«Հագեցվածությունը մոտեցնում է ծերության, բթացնում է զգացումները, մթագնում է միտքը, կուրացնում է գիտակցության խորաթափանցությունը, բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնում, առաջացնում է մեծ ծանրաբեռնվածություն և անհարկի պարարտություն» (Սբ. Հովհան Ոսկեբերան, «Խրատանի ապաշխարության» ժողովածուից):
Հին կտակարանի գրքերից մեկի հեղինակը`Սիրաքը, իր խրատներից մեկում ասում է. «Ի սեր բարեկրթության, առաջինը դու դադարիր ուտելուց և ագահություն մի՛ արա, որպեսզի չգայթակղվես: Եթե շատերի մեջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի երկարիր: Բարեկիրթ մարդը բավարարվում է քչով և իր անկողնում ծանր չի քնում: Առողջ քունը լինում է չափավոր ստամոքսի դեպքում. մարդ վեր է կենում արշալույսին, և նրա հոգին էլ թեթև է լինում: Անկուշտ մարդն ունենում է անքնության ցավեր, սրտխառնուք և որովայնի խիթեր…Լսիր ինձ, որդյա՛կ, մի՛ արհամարհիր ինձ և վերջում կհասկանս իմ խոսքերը» (Սիրաք 34.20-26):

 


Որկրամոլությունը հաղթահարվում է աղոթքով, պահքով, չափավորությամբ
Որկրամոլության հակադիր առաքինությունն է ժուժկալությունը`չափավորությունը: Պողոս պատրիարքը մարմնի ուտելու և խմելու վայելքներում մարդկանց համար մեծ ու անվնաս դեղն է համարում ժուժկալությունն ու բարեկարգությունը, մտքի հանդարտությունն ու մարմնի չափավոր աշխատանքը, որով արյունը քաղցրանալով`հեռացնում է վնասակար ու ավելորդ նյութերը: Նա մեծ ամոթ է համարում մարդկային ցեղի համար այսքան հիվանդություններ ունենալը. որովհետև  բարեկարգ կենցաղավարելու դեպքում առողջ կլինեին և դեղերի անկարոտ: Ըստ նրա, եթե մեկը կամենում է ախորժանքով ուտել, թող պարզ կերակուր ուտի չափավոր կամ սակավ և ոչ թե ագահաբար կամ անասնորեն: Եվ եթե մեկը կամենում է առողջ ապրել, ժամանակ առ ժամանակ թող ծոմ պահի կամ անոթի մնա, որպեսզի կերակուրների մնացորդները մաքրվեն ստամոքսից, որովհետև անոթությունը դեղ է և առողջության պահապան, եթե պատշաճ ժամանակ է կիրառվում, ինչպես և հայտնի է փորձով (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, «Խրատի թանգարան»):
Եկեղեցու հայրերից Անտոն Անապատականը այս խորհուրդն է տալիս. «Քո հացը կեր լռությամբ և չափավորապես, նաև տես, որ կերակուրդ համեստ լինի և մի կեր այնքան, որ ամբողջովին հագենաս»:
Ճաշի ժամանակ մտքում աղոթելը կանխում է շատակերությունը ( «Խրատանի ապաշխարության» ժողովածուից):
Ըստ Սբ. Եփրեմ Ասորու, որկրամոլությունը կհաղթահարվի, եթե մարդն ունենա Աստծո վախը և սիրի չափավորությունը: Իսկ Աբբա Եսային խորհուրդ է տալիս, որ ոչ մի տեսակի կերակուր լինի դա հասարակ, թե համեղ, ցանկասիրաբար չուտել:
Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին`ասելով. «Բոլոր պտուղներից կեր», սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի կեր» (Ծննդոց 2.16-17), սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց Դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք Դրախտ`մեր հայրենի տունը (Հովհաննես Երզնկացի, «Խրատանի ապաշխարության» ժողովածուից):
Սբ. Ներսես Շնորհալին բոլորին հետևյալն է պատգամում. «Եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով`ագահությամբ ու որկրամոլությամբ մի՛վարվեք դրանց հետ, այլ…պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ ինչ ձեզանից նվազեցնում եք ըստ Աստծո պատվիրանի`ի սեր կարոտյալ և չքավոր եղբայրների, ծերերի և տկարների, նրա՛նց տվեք և ձեր հոգիների համար կրկնակի բարիք կամբարեք»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

           
  

 

Դիտվել է 8896
2012.10.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.