Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները> Բղջախոհություն. այս մեղքի արմատը մտքի մեջ է

Բղջախոհություն. այս մեղքի արմատը մտքի մեջ է

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/4jdpx5ocgjpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա հսկել իր միտքը, քանի որ շատ հաճախ այն վերածվում է պատերազմական մի գոտու, որտեղ պայքարում են բարին ու չարը, մաքուրն ու պիղծը: Հարկավոր է ամեն  ջանք թափել, որ հաղթահարի բարին և մաքուրը:

Բղջախոհությունը անմաքուր և անպարկեշտ, ցանկական բաների մասին խորհելն է: Այս մեղքը ծնում է անամոթ հայացքներ, անպատկառություն ու լրբություն, անպարկեշտ խոսքերի արտաբերում և այլն, որոնք կարող են ապականել նրա թե՛ մարմինը և թե՛ հոգին («Մեղա Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001թ.): Բղջախոհության հակադիր որակներն են առաքինություն ու ողջախոհությունը, որոնք զսպում են մարդու անմաքուր ցանկությունները,

Անմաքուր մտքերի, ցանկությունների առաջացմանը նպաստում են շատ հանգամանքներ. շատ հաճախ այսօր թե՛ փոքրի և թե՛ մեծի հայացքից չե վրիպում անպատկառ նկարներով ամսագրերը, որոնք վաճառվում են թերթի կրպակներում: Սա էլ բավական չէ, փողոցով անցնելիս կարելի է տեսնել կիսամերկ կանանց պատկերներով գովազդային պաստառներ, որոնք գովազդում են  խանութներ, խմիչք, անգամ ավտոանիվներ:

Անմաքուր ցանկությունների, մտքերի աղբյուր են նաև այսօր հեռուստացույցը, համացանցը, որոնք ամբողջովին հեղված են անպատշաճ, գայթակղիչ գովազդներով, տեսահոլովակներով, ֆիլմերով, մուլտֆիլմերով: Սրանք բղջախոհությունը սնող կերակուրներ են, որոնք գուցե շատերի համար սովորական են, նույնիսկ գրավիչ, բայց ներքուստ լի են հոգևոր առողջությունը վտանգող “քիմիական բազմաթիվ հավելումներով”: Այս տեսարանները մարդուն դարձնում են զգացմունքային, թուլացնում են մարդու մեջ բանականության ուժը` միաժամանակ զրկելով նրան ինքնուրույն և սթափ մտածելու կարողությունից: Անմաքուր այս աշխարհից վատ մտքերը անարգել ներխուժում են դեպի միտքը, եթե չեն էլ կասեցվում, հիմնավորվում են`վերածվելով կպչուն մտքի, խոսքի և գործի: Դրա հետևանքով միլիոնավոր մարդիկ բղջախոհության սարդոստայնում են`զրկված լինելով աստվածատուր ազատությունից: Պողոս առաքյալն այս մասին ասում է.«Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք, նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 5.13-14):

 

Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քհն. Արթենյանը բղջախոհության և նրա հաղթահարման մասին հետևյալն է ասում. «Բղջախոհություն նշանակում է պիղծ մտքեր ունենալ: Երբեք մարդուն չի կարելի ստիպել, որ չմտածի, այսինքն`մարդը չի կարող չմտածել, հետևաբար, մեր առաքինություններն ուղղված չեն չար մտքերի դեմ պայքարելու, այլ կոչված են վերահսկելու միտքը, թե ի՛նչ կամ ինչպե՛ս ենք մտածում: Մարմնի մաքրությունն անմիջական կապ ունի հոգու մաքրության, այսինքն`մտքի մաքրության հետ: Երբ մարդու միտքը պիղծ է, նրա հոգևոր կյանքն էլ մաքուր չէ: Ամեն ինչ սկսվում է մտքից, ինչպես Քրիստոս Ավետարանում մեզ ասում է, որ եթե նույնիսկ շնության մասին մտածես, դա էլ է մեղք: Քրիստոս սովորեցնում է մի պարզ ճշմարտություն, որ ցանկացած մեղքի արմատ մտքի մեջ է: Հետևաբար ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուղղորդում մեր միտքը, մենք կարող ենք կառավարել մեր միտքը, և քրիստոնեությունը մեզ ավելի սրա՛ն է առաջնորդում: Եթե մեր մեջ ծնվում են վատ մտքեր, մենք ունենք երկու ճանապարհ`կամ աղոթել, կամ ավելի բարի, դրական և աստվածահաճո բաների մասին մտածել, այլ կերպ ասած`չար մտքերը փոխարինել բարի մտքերով»:
Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին իր «Խրատի թանգարան» գրքում երիտասարդների համար առաջնային է համարում նախ առաքինությամբ կրթվելը: Մոլեկան սիրով բորբոքվածներին նա կույր, խուլ և գերի է համարում, որովհետև չեն զգում ու չեն տեսնում ուրիշներին, այլ միայն նրան, ում չարաչար կերպով սիրում են, իրենց ազատ են համարում, բայց հոժար են անգամ մեռնել, քան հեռանալ նրանից: Ըստ պատրիարքի`մոլին կարծում է, թե հանգիստ ու դյուրություն է փնտրում, բայց ամեն ինչում նրան ընդառաջ են ելնում տանջանքն ու մահը: Շարունակելով նշում է, որ մարմնական հեշտանքն առավել է մաշում մարդու կյանքը, քան աշխատանքն ու ջանքը: Առավել շատ մեռնում են ցանկական սիրուց, քան երկաթե սրով: Մեծ մտածողը երանելի է համարում նրան, ով իմաստությամբ հաղթում է մարմնի ցանկությանը և ոչ թե հաղթվում և ասում է, որ բղջախոհությունը կա՛մ պահեցողությամբ է խափանվում, կա՛մ ծերությամբ, կա՛մ մահվամբ:

Երբ չար ցանկությունները գրգռում են հոգիդ և այն մղում են բավարարելու անզուսպ ու անկարգ ազդակները, եթե հսկում ես քո վրա և հիշում, որ ներկա հաճույքը ունենալու է դառն վախճան և մեր մարմնի ներսում հաճույքի կողմից առաջացած գրգռվածությունը ծնելու է այն թունավոր որդը, որ առանց վախճանի պատժելու է մեզ գեհենում (Եսայի 66.24: Մարկոս 9.43), և որ մարմնի տենչանքից ծնվելու է հավիտենական կրակը (Մատթեոս 25.41), հաճույքները փախուստի ենթարկվելով, իսկույն կչքանան և կզգաս քեզնում ծնվելը մի հրաշալի անդորրի ու խաղաղության, ինչպես անկարգապահ աղախիների ժխորը, երբ լռեցվում է իմաստուն տանտիկնոջ ներկայությամբ: Քննելով մարմնի կառուցվածքը`զմայլվում ես, թե Գերագույն Ճարտարապետը ինչպիսի արժանավայել բնակատեղի է պատրաստել բանական հոգու համար: Բոլոր կենդանի էակների մեջ միմիայն մարդուն է տվել ուղղահայաց դիրք, որպեսզի ձևից միայն ըմբռնի, որ կյանքը ընտանություն ունի վերին իրողությունների հետ: Բոլոր չորքոտանիները կքված են որովայնի վրա, մինչ մարդու հայացքը ուղղված է դեպի երկինք, որպեսզի չնվիրվի որովայնի ու նրա կրքերի ծառայությանը, այլ իր բոլոր փափագներն ուղղի դեպի վեր (Սուրբ Բարսեղ Կեսարացի «Հսկիր քո վրա»):

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2381
2012.11.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.