Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Հինգերորդ պատվիրանը և այն խախտելու պատճառները

Հինգերորդ պատվիրանը և այն խախտելու պատճառները

«Պատուեա´ զհայր քո եւ զմայր քո զի քեզ բարի լիցի, եվ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան» (Երկրորդ Օրենք 5.16):

 

«Ինչ անտարբեր ես, քո ծնողների նկատմամբ», «Դու մոռացե՞լ ես, որ մենք քո ծնողնեն ենք»: Շատ ծնողներ են բողոքում իրենց զավակներից, նրանց մեղադրելով իրենց իրենց նկատմամբ անտարբեր լինելու մեջ:
«Մայրս չափից դուրս խիստ է եղել իմ դաստիարակության հարցում: Հիշում եմ`ասում էր. «Դու փոքրն ես, դու պետք է լռես»: «Երբ ինձ չեն հասկանում, սկսում եմ արդարանալ, պաշտպանվել, ագրեսիվ վերաբերմունք ցույց տալ, միաժամանակ գիտակցելով, որ սխալ եմ անում: Մայրիկիս հետ չեմ կարող մտքերս ու ապրումներս կիսել, վախենում եմ, որ ինձ չի հասկանա և քննադատության կարժանանամ: Հայրիկիս շատ եմ վստահում, իր հետ շատ հարցեր եմ քննարկում, մեկնաբանում, նա էլ է խիստ եղել իմ դաստիարակության հարցում, բայց հաշվի է առել իմ կարծիքը: Ի վերջո, մայրիկիս այս վերաբերմունքը բերեց նրան, որ ես ինքս հեռացա նրանից, որովհետև վստահություն չտեսա իր մեջ,- պատմում է Լիլիթը և ավելացնում,-ես շատ եմ սիրում իմ ծնողներին, նրանք վատը չեն»:
Ծնողների նկատմամբ զավակների անտարբեր վերաբերմունքի մասին հետևյալն է ասում Տաթևի վանահայր Տեր Միքայել աբեղա Գևորգյանը. «Ես կարծում եմ, որ այսօր մարդու միջից ընդհանրապես պակասել է Աստծո երկյուղն ու վախը: Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդու առաջին արարիչն Աստված է, իսկ երկրորդ արարիչը`ծնողը: Որքան երկյուղ ենք կրում Տիրոջից, որքան Նրա սերն ու երկյուղն ունենք մեր սրտում, այդ չափով էլ ծնողի սերն ու երկյուղն ունենք մեր սրտում: Ով Աստծուց չի երկյուղում, նաև ծնողից երկյուղ չի կրում և հարգանք ու պատկառանք չունի իր ծնողի հանդեպ»:
Վանական հոգևորականը կարծում է, որ պետք է քրիստոնեական երկյուղը, Աստծո սերը արթնացնենք մեր զավակների սրտում և այդ ժամանակ Աստծո սիրով նրանք նաև կսիրեն իրենց ծնողներին:
«Հայրն իր որդու դեմ պիտի լինի, որդին`իր հոր, մայրը`աղջկա դեմ, և աղջիկը`մոր, սկեսուրը`հարսի դեմ, և հարսը սկեսուրի» (Ղուկաս 12.53 ): Իսկ թե աստվածաշնչյան այս համարը արդյոք ներկայացնում է այսօրը, հայր Միքայելը պատասխանեց, որ նախ տարբեր մեկնություններ ունի այս համարը և ավելացրեց. «Կարծում եմ այո, անհասկացություններ կան ծնողի և զավակի միջև: Ճիշտն ասաց, այս պարագային միայն զավակներին չի կարելի մեղադրել: Ծնող և զավակ փոխհարաբերությունը փոխադարձ է, եթե ծնողը բարի լինի` զավակը բարի կլինի, հարգանքով և պատկառանքով կվերաբերվի իր ծնողին: Միակողմանի չպետք է մեղադրել, յուրաքանչյուրը իր մեջ պետք է այդ մեղքը գտնի: Միքայել վարդապետի կարծիքով հաճախ, իրենց զավակներին բարի կամեցող ծնողները ամեն կերպ փորձում են լավն անել, բայց մթնոլորտը, միջավայրը չար ազդեցություն է ունենում:
Իսկ այն ծնողներին, ովքեր անտարբեր վերաբերմունքի են արժանացել իրենց զավակների կողմից, Միքայել վարդապետը երկու ճանապարհ է ցույց տալիս. «Իրապես ինքներս պիտի փոխվենք, որպեսզի մեր զավակին էլ փոխվելու առիթ տանք, երկրորդ` շատ պետք է աղոթենք, որպեսզի մեր աղոթքներով չարի բոլոր խաբկանքներն ու որոգայթները վերացնենք: Այդ կերպ ծնողը բարի օրինակ կծառայի իր զավակին»:
Մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանը զավակի անտարբեր վերաբերմունքի վերաբերյալ կարծում է. «Առաջին կարևոր պատճառը անվստահությունն է ծնողի նկատմամբ, որ ծնողը կարող է պաշտպանել և հասկանալ իր զավակին: Դա կարևոր պայման է, քանի որ երեխան դառնում է անտարբեր այն դեպքում, երբ ծնողը իրեն չի հասկանում, չի  օգնում և չի պաշտպանում և նույն կերպ էլ ինքն է վերաբերվում: Երբ ընտանիքում երրորդ սերնդի մեծեր կան, որոնք չեն արժևորում երիտասարդ ծնողին և ծնողը թույլ է, այդ դեպքերում զավակը անվստահություն է հայտնում ծնողին անտարբերության միջոցով, որ եթե դու չես կարողանում, ուրեմն` ես ինքս» :
Նարինե Իսրայելյանը այն հարցին թե արդյոք համացանցն էլ է նպաստում այս վերաբերմունքին, պատասխանում է. «Իհարկե, իր բացասական ազդեցությունն ունի և՛ համացանցը, և՛ հեռուստացույցը: Որովհետև այդ հոգեկան և հոգևոր կապերը, որը պիտի լինի մոր և զավակի միջև, հաճախ մայրը զիջում է համացանցին և հեռուստացույցին` մուլտֆիլմի, խաղերի տեսքով: Այս ամենի արդյունքում երեխաները ավելի շատ զբաղված լինելով համակարգչով և հեռուստացույցով` մնում են օտարված ծնողից» :
Մյուս կողմից էլ հոգեբանը գտնում է. «Ծնողի նկատմամբ երեխան անտարբեր չի կարող լինել: Բնազդային և կենսաբանական պարտադիր կապ կա ծնողի հետ, որը դրված է որպես ապահովության զգացողություն, և դա ամրապնդված է սիրով: Զավակը մինչև երեք տարեկան անպայման սիրում է իր ծնողին, բայց ոչ գիտակցված, այլ բնազդային , հոգով և դրա համար էլ վիրավորվում է ծնողից` ավելի շատ մայրիկից, որովհետև սպասում ունի, որը չի արդարացել»:
Զավակի անտարբեր վերաբերմունքը ծնող և երեխա հարաբերության մեջ ըստ հոգեբանի կարծիքի կարող է հասցնել կոնֆլիկտի.«Երբ ծնողի հետ բախվում է երեխան, կա ներքին կոնֆլիկտ, որը դառնում է հոգեկան հիվանդություն»: Հոգեբանը այս հարցի լուծման համար երկու կարևոր միջոց է առաջարկում.«Առաջինը` ծնողին կրթել և ուժեղացնել, դարձնել այն կենսաբանական ապահովված պաշտպանը, որը պիտի լինի ծնողը, սովորեցնել ճիշտ զգացմունքներ դրսևորել զավակի նկատմամբ: Երկրորդ` ցույց տալ զավակին այդ կապը`ծնող և երեխա, եթե երեխան տեսավ, անպայման պատասխանը կտա, որովհետև երեխան պատասխանող է»: Զրուցակիցս նաև հավելում է. «Այսօր երեխաների հոգու ճիչը կա՛մ մեծերը չեն լսում, կա՛մ էլ չեն տեսնում և դրա համար էլ երեխաների մոտ ներփակվածությունը, շատացել է`մեծերի կողմից չհասկացված լինելու պատճառով»:
    

Շողիկ Հարությունյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 6455
2012.12.05
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.