Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Տասնաբանյա օրենք կամ սիրո ոսկեշղթա. նոր խորագիր մեր կայքում

Տասնաբանյա օրենք կամ սիրո ոսկեշղթա. նոր խորագիր մեր կայքում

Աստծո կողմից մարդուն տրված պատվիրանների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում «Տասը պատվիրանները» կամ «Տասնաբանեայ օրէնքը» (Ելք 20.1-17), որոնք Աստծո ձեռքով գրվեցին քարեղեն տախտակների վրա, որպեսզի չմոռացվեն: Տասը պատվիրանները տրվեցին Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Դրանք են.

1. Ես եմ քո Տեր Աստվածը. ուրիշ աստվածներ չունենա՛ս:
2. Կուռքեր չշինե՛ս քեզ համար:
3. Աստծու անունը զուր տեղը չտա՛ս:
4. Շաբաթ օրը սու՛րբ պահիր:
5. Պատվի՛ր քո հորն ու քո մորը:
6. Մի՛ սպանիր:
7. Մի՛ շնացիր:
8. Մի՛ գողացիր:
9. Սուտ վկայություն մի՛ տուր:
10. Մի՛ ցանկացիր մերձավորիդ ունեցվածքը:

 

Այս պատվիրանները հոգևոր օրենքներ են: Դրանցով էին շարժվում Հին ուխտի բոլոր մարգարեներն ու առաքինասեր մարդիկ: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի, պատվիրանները ներկայացնում են մի ոսկե շղթա: Եթե այդ շղթայից ընկնում կամ կոտրվում է մի օղակ, ապա փոխհարաբերությունները Աստծո հետ երկրի վրա և հավիտենական փրկությունը մարդու համար դառնում է անհնարին:
Տասը պատվիրանները նաև սիրո պատվիրաններ են, սեր ուղղված դեպի Աստված և դեպի մերձավորը: Ցույց տալով այս երկու տիպի սերը`Հիսուս Քրիստոս այն հարցին, թե ո՞րն է ամենամեծ պատվիրանը, ասաց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը. երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները (Մատթեոս 22.37-40): Քրիստոսի կյանքի օրինակով ոչ միայն ամբողջանում և նոր իմաստ է ձեռք բերում օրենքը, այլև բացահայտվում է նրա բուն նպատակը` նախապատրաստել մարդուն ընդունելու Քրիստոսի փրկության լույսը և սիրո օրենքը:
Գաղափարական մոտեցումն այն է, որ նախ և առաջ մենք պետք է Աստծուն սիրենք, որովհետև Նա է մեր արարիչը և փրկիչը, ապա հետևում է սերը մերձավորի հանդեպ, որով էլ արտահայտվում է մեր սերը Աստծո հանդեպ: Որովհետև ով իր մերձավորին չի սիրում, Աստծուն էլ չի կարող սիրել: Սուրբ Հովհաննես առաքյալը պարզաբանում է. «Այն մարդը, որ ասում է`«Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհաննես 4.20-21):
Աստծուն և մարդկանց սիրելով`նախ բացահայտում ենք, որ առաջինը անկեղծորեն մեզ ենք սիրում, որովհետև անկեղծ սերը ինքներս մեր հանդեպ այն դեպքում է, երբ մենք մեր պարտականությունները կատարում ենք Աստծո և մտերիմների հանդեպ: «Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13): Իսկ մեր և մերձավորի հանդեպ սերը պետք է զոհաբերենք Աստծո սիրո համար: Հիսուս Քրիստոս այս մասին ասել է. «Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ: Ով որ իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ» (Մատթեոս 10.37-38): Եթե մարդ առաջին հերթին սիրում է Աստծուն, ապա չի կարող չսիրել իր ծնողներին, երեխաներին և իր հարազատներին: Իսկ եթե սիրում է որևէ մեկին և Աստծո հանդեպ սեր չունի, ապա այդպիսի սերը չի կարող լիարժեք լինել, որովհետև մեկի օգուտի համար կարող է մյուսին զրկել`դառնալով անարդար:
Այսպիսով տասնաբանյան երկու սիրո պատվիրանների խտացումն է, բայց որպեսզի մենք ավելի պարզ պատկերացնենք մեր պարտականությունները Աստծո և մերձավորի հանդեպ, դրանք տասն են: Աստծո հանդեպ մեր պարտականությունները առաջին չորս պատվիրաններում է ամփոփված, իսկ պարտականությունները ընկերոջ հանդեպ` մյուս վեց պատվիրաններում: Յուրաքանչյուր տախտակի վրա այնքան պատվիրաններ կան, որքան մատներ ունենք ամեն մի ձեռքի վրա: Բոլոր պատվիրաններում Աստծո սուրբ կամքը կարճ և համառոտ կերպով առանց «եթե»-ի և «բայց»-ի հաղորդվում է մեզ (Սահակ քհն. Սահակեանց, «Ուսուցումն քրիստոնեական կրոնի», 1898թ.):
Հին կտակարանյան ժամանակներում եղել է սովորություն. պատվիրանները ասեղնագործել են թաշկինակի վրա և կապել գլխին ի նշան նրա, որ դրանք մարդկանց հիշողության մեջ միշտ պահպանվեն և լուսավորեն նրանց միտքը: Գրվել են նաև մագաղաթների, հագուստի լայն թևքերի վրա, որպեսզի միշտ նրանց աչքի առջև լինեն և առաջնորդվեն այդ պատվիրաններով: Իսկ արդեն Նոր կտակարանյան ժամանակներում քրիստոնյաների համար պատվիրանները գրվում էին ոչ թե հագուստի, թղթի կամ մագաղաթի վրա, այլ`սրտի հիշողության մեջ  (Архимандрит  Рафаил (Карелин), Умение умирать или искусство жить):   
Դարեր են անցել, բայց տասը պատվիրանների նշանակությունը երբեք չի նվազել: Պատվիրանները Հին և Նոր կտակարանների հավիտենական կյանքի աղբյուր են, դրանք անփոփոխ կերպով միավորում են մարդուն Աստծո հետ: «Քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները. և Նրա պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհաննես 5.3-4):

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 11936
2013.01.11
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.