Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Փոքրիկ նկարիչների առաջին ցուցահանդեսը Սուրբ Երրորդություն եկեղեցում

Փոքրիկ նկարիչների առաջին ցուցահանդեսը Սուրբ Երրորդություն եկեղեցում

Հունվարի 6-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Ծննդյան տոներին նվիրված ցուցահանդեսի բացումը: Ներկայացված էին կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքները: Սաների նկարների կողքին ներկայացված էին նաև նրանց ուսուցչուհու` Արմիկ Բաղդասարյանի սրբապատկերները:


-Երկրորդ տարին է ինչ կիրակնօրյա դպրոցի երեխաներին նկարչություն եմ դասավանդում: Երեխաների հետ աշխատելով և զգալով նրանց հետաքրքրվածությունը, ինքս էլ ոգևորվում եմ: Իսկ ցուցահանդես կազմակերպելու գաղափարն առաջացավ, երբ մի անգամ Տեր հայրը հարցրեց, թե երբ ենք ցուցահանդես կազմակերպելու: Ինձ թվաց` նա կատակ է անում, սակայն հետագայում ցուցահանդեսի միտքը երկար ժամանակ գլխիցս դուրս չէր գալիս: Դեռ առաջին տարում էինք որոշել կազմակերպել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել: Իսկ այս տարի որոշեցինք Սուրբ Ծննդյան տոների առթիվ երեխաներին անակնկալ մատուցել, - ասաց տիկին Բաղդասարյանը:


Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները մանկական յուրահատուկ աշխարհընկալման և երևակայության վկայություններ են:
- Իմ առաջին նկարը այս խմբակում եղել է եկեղեցին: Հետո արդեն շատ տարբեր նկարներ եմ նկարել, բայց ամենից շատ սիրում եմ մայրամուտ նկարել: Նկարում եմ իմ պատկերացմամբ: Եվ այստեղ ցուցադրված իմ նկարներից մեկում պատկերված է մայրամուտ և կարապ, որն ապրում է իր կյանքի վերջին օրը,- պատմեց տասնամյա Թամարան:

Ցուցահանդեսում ներկայացված փոքրիկ «նկարիչների» բոլոր գործերը բազմերանգ են, կյանքով ու բարությամբ լեցուն: Ոչ մի նկարում սևի գերակշռություն չկա:
- Երեխաներին երբեք չեմ ասել, թե ինչ թեմաներով նկարեն: Հոգևոր, թե աշխարհիկ ոչ մի տարբերություն չկա: Միայն սովորեցնում եմ, որ ամեն ինչի մեջ տեսնեն բարին և պատկերեն հենց բարությունը,- հավելեց տիկին Բաղդասարյանը:


6-ամյա Լիանայի նկարները, չնայած նրա փոքր տարիքին, խոսում են նրա խորը անհատականության մասին: Նրա նկարներից երկուսը նվիրված էին Հիսուսի խաչելությանը:
- Հիսուսին խաչեցին չար մարդիկ: Նա խաչվեց մեր համար, իսկ նկարի միջի աղավնին ծաղիկ է դնում խաչի վրա,- մեկնաբանեց Լիանան:

Հանդիսատեսներից մեկի կարծիքով` յուրաքանչյուր նկարում զգացվում է փոքրիկ հեղինակների ազատությունը և բարությունը, որը նրանք կամա թե ակամա փոխանցել են թղթին:
Յուրաքանչյուր մանկական ցուցահանդես, այս մեկը՝ նույնպես, նպատակ ունի խրախուսել և ոգևորել փոքրիկ արվեստագետներին: Երեխաների շողարձակող հայացքներն ու ժպիտները խոսում են այն մասին, որ միջոցառումը ստացվել է:

Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 6751
2013.01.17
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.