Ընթերցանություն
Գլխավոր>Բարի կամք> Սուրբ Ծննդյան բարի լուրը «Վետերան» օթևանում

Սուրբ Ծննդյան բարի լուրը «Վետերան» օթևանում

Հունվարի 25-ին Հարավ Արևմտյան թաղամասի  «Վետերան» օթևանի բնակիչները հաղորդ դարձան Սուրբ Ծննդյան ավետիսին և օրհնությանը: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանը կատարեց տնօրհնեքի կարգ և ներկաներին ասաց.
 

-Սուրբ Ծննդյան ավետիսը համախմբում է ամենքիս: Բոլորս էլ սպասում ենք այս տոնին: Ոչ միայն տոնում ենք Քրիստոսի ծնունդը, այլև փաստում մեր փրկության հնարավորությունը, մեր հավիտենական ճանապարհի սկիզբը: Այս է պատճառը, որ Քրիստոսի ծնունդը մեր հոգու ծնունդն է, քրիստոնյայի ծնունդն է, որն իրական է և շարունակվում է հավիտենապես`մինչև խաչ և հարություն: Հիսուս ծնվեց խավարի մեջ, որպես լույս` ցրելով խավարը, ուստի դեպի լույսին ձգտող քրիստոնյաներ, Ծննդյան խորհուրդը իրական դարձնենք մեր ամբողջ կյանքի ընթացքում:

Օթևանի որոշ բնակիչներ վատառողջության պատճառով չկարողացան մասնակցել տնօրհնեքի կարգին: Իսկ ներկաները մեծ ուշադրությամբ հետևում էին արարողությանը, որն իրենց համար սպասելի օր է ամեն տարի: Առավել ևս սպասելի է այդ օրը տիկին Եպրաքսյայի համար, ով ամեն կիրակի առիթը բաց չի թողնում մասնակցելու Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագի արարողությանը:
Այդ օրը «Վետերան» օթևանի բնակիչները մասնակից դարձան նաև սիրո ճաշին: Արդեն հինգ տարի է, ինչ ամեն ամիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այս  գեղեցիկ ավանդույթը այստեղ իրականություն է դառնում Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական համայնքի նվիրատվությունների միջոցով:

 

Կարինե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 2024
2013.01.25
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.