Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Տասը պատվիրանները> Առաջին պատվիրան. Տեր Աստված միակն է և Նրան հավասար մեկը գոյություն չունի

Առաջին պատվիրան. Տեր Աստված միակն է և Նրան հավասար մեկը գոյություն չունի

Առաջին հայացքից ուշադրության է արժանանում այն, որ Աստված չի դիմում որևէ անորոշ, անհայտ բազմության, այլ յուրաքանչյուր մարդու առանձնապես` «Ես եմ քո Տեր Աստվածը…»: Այս մոտեցումն ընդգծում է Աստծո ցանկությունը` ունենալ անհատական, մտերմիկ փոխհարաբերություն մեզանից յուրաքանչյուրի հետ:
Այս պատվիրանը կազմված է երկու մասից. Ես եմ քո Տեր Աստվածը. այսինքն`Տեր Աստված միակն է: Նրա նման և Նրան հավասար մեկը գոյություն չունի: Նա է մեր Արարիչը և ողորմած Հայրը, մեր երջանկության համար հոգացողը:

Մյուսը`ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենա՛ս. ոչ մի իշխանություն, ոչ մի Տեր, ոչ մի բարիք Աստծուց բարձր չպիտի դասենք, որովհետև Նա է ամենաբարձր իշխանությունը, ամենամեծ զորությունը. Նա է միակ ճշմարիտ, միակ զորավոր, միակ կենդանի Աստվածը: Կուռքերը երևույթներ են և սուտ, Նա է միակ ճշմարտությունը:
Աստված Իր էությունը, ամենից վեհ լինելը և Իր սերը հիշել տալուց հետո, նոր է հայտարարում Իր կամքը: Բարի և իմաստուն սերմնացանի նման նախ` հողն է պատրաստում, ապա` սերմերը ցանում սրտի մեջ:

Մարդը պիտի խոստովանի մեկ Աստծուն հավատալու բարերար ազդեցությանը: Ով չի հավատում միակ և ճշմարիտ Աստծուն և չի ընդունում Նրան որպես սիրող հայր, այդպիսի մարդը չի համարում, որ մարդկությունը Աստծո ընտանիքն է: Իսկ ով աստվածային սեր չունի, չունի և մերձավորի սեր:
 

Բազմաստվածության կործանարար նկատելի ապացույցները

Փյունիկեցիներն իրենց որդիներին կենդանի-կենդանի դնում էին Մոլոխ կուռքի շիկացած բազուկների մեջ, հնդկացիներն Աստծուն որոնելու նպատակով Եագրենատ կուռքի փշրող անիվների տակ էին իրենց գցում և կամ նույն նպատակով Գանգեսի ալիքների մեջ էին որոնում իրենց մահը: Այսպես հեթանոս շատ ժողովուրդներ իրենց բարոյականությունը, առաքինությունը, պատիվը աստվածներին էին զոհաբերում: Մարդը այսպիսի հրեշային արարքների էր ենթարկվում, երբ իր ներքինը միայն չէր նվիրում ճշմարիտ Աստծուն: Այսօր ևս հեթանոսության մեջ հանդիպում ենք նման երևույթների. օրինակ, հեթանոս սիամցիներն իրենց հիվանդներին մեռնելուց առաջ տանից դուրս են հանում, բատտացիները, որոնք ապրում են Սումատրա կղզում, պատերազմում գերի ընկածներին մորթում և ուտում են անասունի նման: Բորնեո կղզում ոչ մի տեղացի իրավունք չունի ամուսնանալու, մինչև որ ցույց չտա մի քանի սպանված մարդու գլխի կաշի: Խաղաղ օվկիանոսի մի քանի կղզիներում որդիները սպանում են իրենց ծեր և հիվանդ ծնողներին: Այս բոլորը անում են այն ժողովուրդները, որոնք չեն ճանաչում այն միակ Աստծուն, որ ասում է.«Ես եմ քո Տեր Աստվածը. Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենա՛ս» (Ելք 20.2-3):

Առ Աստված ճշմարիտ հավատքը հիմքն է հոգևոր կյանքի: Ըստ Եկեղեցու վարդապետների` հավատքն Աստծուց պարգևած շնորհ է, որը զորացնում է հոգին` ճանաչելու Աստծուն: Սուրբ Գիրքն ուսուցանում է. «Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի» (Հակոբոս 2.26): Իսկ որպեսզի մարդը իր հոգում կենդանի պահի հավատքի լույսը, պետք է աղոթի, պահք պահի և ողորմության գործեր կատարի: Այս դեպքում մարդու հոգում հաստատվում է փրկության հույսը, որից էլ ծնվում է աստվածասիրությունը` մարդկային բնության մեծագույն պարգևը:

Այս պատվիրանին հակառակ են ոչ միայն նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն կամ հետևում են զանազան աղանդների ու մոլար ուսմունքների, այլև նրանք, ովքեր թեպետև ընդունում են Աստծուն, բայց իրենց կյանքով ու վարքով հեռու են հավատքից և աստվածապաշտությունից:
Առաջին պատվիրանը պետք է դառնա յուրաքանչյուր մարդու կյանքի առանցքը, որի հիման վրա նա պիտի կառուցի իր հոգևոր կյանքը, միտքը, խոսքերը և գործերը: Ինչպես մետաղն է մաքրվում խարամից, այնպես էլ պատվիրանները, յուրահատուկ ֆիլտր լինելով, մաքրում են մեր միտքը: Գուցե մենք ասում ենք, որ հավատում ենք Աստծուն, Առաքելահաստատ եկեղեցու անդամ ենք, ուրիշ աստվածների չենք պաշտում, բայց արդյո՞ք Աստված մեր կյանքում ամենագլխավոր տեղում է և վստահո՞ւմ ենք Նրան ամբողջապես: Ուշադիր եղե՞լ ենք աղոթելիս, մեր մի՞տքն է աղոթում, թե` միայն շուրթերը:

Մեզ մոտ հաճախ պարադոքս է առաջանում. թեև ասում ենք, որ Աստված կա, բայց լիովին չենք հավատում ու վստահում  Նրան, այդ պատճառով էլ միշտ անհանգստության մեջ ենք: Կամ էլ հավատում ենք Աստծուն, բայց երբ անհրաժեշտ է Աստծո կամքը կատարել, պարզվում է` չենք վստահում Աստծուն, վախենում ենք ամբողջովին հավատալ և տրվել Նրա կամքին:

Պատվիրանը այն դեպքերում ենք խախտում`
Երբ կասկածում ենք եկեղեցու ուղղափառ դավանանքին:
Երբ Աստծո հանդեպ թերահավատ ենք ու կասկածամիտ:
Երբ հուսահատվում ենք` չապավինելով Աստծո ողորմությանը:
Երբ ամբողջովին չենք հանձնվում Աստծո նախախնամությանը և մեր հույսը դնում ենք մարդու և ոչ թե Աստծո վրա:
Երբ ասում ենք. «Աստված իմ մեջ կա, ինչ կարիք կա եկեղեցի այցելել»:
Երբ չենք ընդունում, որ Հիսուս Քրիստոս ճշմարիտ Աստված է և նաև ժխտում ենք հավիտենական կյանքը:
Երբ կարդում ենք գրքեր մոգության, աստղագուշակության, էքստրասենսի մասին կամ էլ հրապուրվելով դիմում ենք հետևյալ ուսմունքների` յոգայի, մեդիտացիայի, հիպնոսի և այլ օկուլտական պսիխոտեխնիկաների:
Երբ դիմում ենք «վախ չափողին» և հավատում ենք սնոտիապաշտություններին:
Երբ հավատում ենք ճակատագրին:


Առաջին պատվիրանը երիտասարդների կյանքում

«Խախտում եմ այս պատվիրանը այն ժամանակ, երբ ծառայում եմ իմ ունեցածին և դրա համար վիճում, բարկանում ու բարկացնում եմ հարազատներիս, ընկերներիս…Երբ ծառայում եմ իմ կամքին, հանուն դրա վիճում եմ, պնդում անիմաստ կերպով…Երբ իմ հաճույքներին եմ ծառայում, երբ Աստծուն աղոթելիս իմ կյանքի կամ առօրյայի պլաններն եմ կազմում» (Էդգար):

«Միանշանակ է Աստծո եզակի լինելը: Ինձ համար այս պատվիրանը կարծես թե ամենահասկանալին է, սակայն դրա հետ մեկտեղ դժվարանում եմ ասել, թե որ վայրկյանին կարող եմ այն խախտել: Համենայն դեպս միշտ աշխատում եմ վերահսկել ինձ և չխախտել այս պատվիրանը» (Արևիկ):

«Այս պատվիրանը ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ պետք է ապրել Տիրոջ պատվիրանների համաձայն և ընդունել Աստծուն որպես Տեր` ամեն օր կատարելով Նրա կամքը: Եվ դա հասկանալով` մեր ցանկությունները, պաշտոնները և նաև մարդկանց չդարձնենք մեզ համար աստվածներ» (Թամարա):

«Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս»` մեկն ԵՄ, ոչ թե մի քանիսը: Սա հայրական հորդոր էր` վերջնականապես մաքրվելու օտար կրոնական հիշողություններից, ազդեցություններից և կռապաշտությունից: Սա հիմնաքարն էր, որի վրա պետք է շարվեին մնացած ինը պատվիրանները: Սա նաև կամուրջ է` ձգված Հին և Նոր ուխտերի միջև, որովհետև Աստծո մարդեղացումից հետո այն պիտի դառնար քրիստոնեական հավատքի բանաձևի առաջին միտքը` «Հավատամք ի մի Աստված»: Ցավոք, այսօր էլ այդ պատվիրանը նույն պահանջարկն ունի, ինչ մինչև քրիստոնեությունն էր…անգամ այսօր: Այսօր, երբ «մի գիշերում հեթանոսացած» մի խումբ մարդիկ, փորձում են «արթնացնել» մեռած արձանները, «նոր պատմություն» հորինել չաստվածների մասին` տգիտաբար վկայաբերելով, եղծելով քրիստոնյա մտքի հսկաների երկերից, մեծանուն մարդկանց խոսքերից` մոլորության ցանցը գցելով միամիտներին և անտեղյակներին, առավել քան ուժգին պիտի հնչեն Հայ Եկեղեցու փողերը այս նոր կառուցվող Երիքովի շուրջ» (Գայանե):

Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քհն. Արթենյանն ասում է. «Այս պատվիրանը խախտում ենք բոլոր այն դեպքերում, երբ մեր կյանքում նյութական արժեքները և նրա դրսևորումները սովորաբար գալիս են փոխարինելու Աստծուն մեզ համար: Երբ մեր կյանքում ունենք արժեքներ, որոնք մեզ ավելի կապված են պահում նյութին: Երբ փողը, պաշտոնը փոխարինում ենք Աստծուն` դարձնելով այն ամեն ինչից կարևոր, սա արդեն կռապաշտություն է և նման դեպքերում արդեն խախտվում է առաջին պատվիրանը»:

Այս պատվիրանը այսօր էլ նույնքան այժմեական է, որքան հազարավոր տարիներ առաջ: «Ես եմ Քո Տեր Աստվածը». սա մի կոչ է, որպեսզի միշտ զգանք Աստծո ներկայությունը, հավատանք Նրա զորությանը և նախախնամությանը:

 

Սկզբնաղբյուներ`
Архимандрит Рафаил (Карелин), Умение умирать или искусство жить
Սահակ քհն. Սահակեանց, «Ուսուցումն քրիստոնեական կրոնի», 1898թ.
Աղոթագիրք, «Գանձասար» մատենաշար

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 2507
2013.02.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.