Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Միջոցառումներ> Սուրբ Ղևոնդյանց տոնը Սուրբ Երրորդություն եկեղեցում

Սուրբ Ղևոնդյանց տոնը Սուրբ Երրորդություն եկեղեցում

Փետրվարի 3-ին Սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Սբ. Ղևոնդյանց տոնին: Տոնական միջոցառումը սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Քանի որ Սբ. Ղևոնդյաց տոնը ավանդաբար բոլոր քահանաների տոնն է և այս տարի այն փետրվարի 5-ին ենք նշելու, բայց և այնպես Սբ. Երրորդություն եկեղեցու համայնքը նախապես ջերմագին շնորհավորանքներով և լավագույն մաղթանքներով շնորհավորեց Սբ. Երրորդություն եկեղեցում սպասավորող  քահանաներ` Տ. Եսայի քհն. Արթենյանին, Տ. Պետրոս ավագ քհն. Մալյանին և Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանին: Եկեղեցու դահլիճը լեփ-լեցուն էր կիրակնօրյա դպրոցի սաներով, խուլերով, երիտասարդաց միության անդամներով և համայնքի այլ անդամներով:

 

«Աղոթում ենք, որ Աստված Ձեզ Սուրբ Ղևոնդյանց ոգով արիացնի, ապավեն լինի և հաջողություններով լցնի ձեր ծառայական կյանքը: Մենք երջանիկ ենք ճանաչելու Ձեզ և մեզ հարստացած ենք զգում Ձեր կողքին: Թող Աստված պարգևի Ձեզ նվիրյալ և բարի ծառայության երկար տարիներ: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, որ առանց խնայելու Ձեր ջանքն ու եռանդը ծառայում եք այս փոքրիկ ընտանիքին` որպես հոգևոր հայրեր». ահա այս ջերմագին խոսքերով երիտասարդները  շնորհավորեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանաներին` նաև մաղթելով, որ այդ սերն ու նվիրումն երբեք չմարի, չխամրի իր դժվարություններով, հոգնություններով լեցուն առօրյայում և մեր` փոշոտ օրերի վազքում:
Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը յուրովի էր նախապատրաստվել: Հատկապես տպավորիչ էին կիրակնօրյա դպրոցի սաների երաժշտական կատարումները, որոնք կմնան հանդիսատեսի հիշողության մեջ: Նրանք նաև ասմունքեցին, պարեցին: Իրենց կատարումով առանձնանում էին նաև խուլերը:
Քահանաներն իրենց գոհունակության խոսքը հղեցին համայնքի անդամներին: Միջոցառման ավարտին ներկաներին իր խոսքն ուղղեց Տ. Եսայի քհն. Արթենյանը.«Դժվարանում եմ ասե՞լ շնորհակալություն, թե՞ պարզապես ուրախ լինել այսօրվա համար: Եկեղեցում մեր ծառայությունը կարևորվում է ոչ միայն քահանայի պատրաստակամությամբ, այլև` հավատացյալների հոգևոր արժեքների կարևորմամբ: Քահանայի առաքելությունը ծառայելն է: Թող Աստված ամենքիս խոնարհություն և սեր պարգևի, որպեսզի կարողանանք հանուն մեր փրկության և Աստծո փառքի, ծառայենք  միմյանց»:

Այս և նմանատիպ միջոցառումները ոչ միայն գեղեցիկ առիթ են շնորհավորելու և երախտագիտության խոսք ուղղելու մեր եկեղեցու հոգևոր սպասավորներին, այլև, Սբ. Վարդանանց նվիրումի և Սբ. Ղևոնդյանց հավատի օրիանակով սիրելու մեր հայրենիքը և մեր եկեղեցին: Սա՛ է սուրբ նահատակների պատգամը մեզ այսօր. «Մեր օրինակը հիշելով` ամո՛ւր պահեք մեր հայրերի ճշմարիտ հավատքը և սիրեցե՛ք միմյանց, որով սիրած կլինեք և մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Ում սիրո համար մենք մեր անձերը դրեցինք»:
Սբ. Ղևոնդյանց և Սբ. Վարդանանց սրբազան գործի և առաքելության ժառանգորդները լինելու հպարտությունը մեզ նաև պարտավորեցնում է այսօր դարավոր հեռուներից հնչեցնել սուրբ նահատակների հավատամքը. «Մեր այս հավատքից մեզ ոչ ոք չի կարող հեռացնել` ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ որևէ այլ դառն հարված…»:

 

Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Դիտվել է 9191
2013.02.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.