Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Տնտեսի կիրակի. աշխարհիկ հարստությունը գործածելով`Աստծո բարեկամությունը շահել

Տնտեսի կիրակի. աշխարհիկ հարստությունը գործածելով`Աստծո բարեկամությունը շահել

Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի չորրորդ «օղակը» (կիրակին) կոչվում է Տնտեսի կիրակի: Այն իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր`«Անիրավ տնտեսի առակ»-ից (Ղուկաս 16.1-9):


Մի հարուստ տանուտեր կար, ով իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մի օր մարդիկ եկան տանտիրոջ մոտ և ամբաստանեցին տնտեսին` ասելով, թե նա լավ չի կատարում իր պարտականությունները և վատնում է տիրոջ ունեցվածքը: Տանուտերը շատ բարկացավ: Իր մոտ կանչեց տնտեսին և ասաց. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Գլխիկոր դուրս եկավ տնտեսը և մտածեց, որ այլևս չի կարող հոգալ իր ապրուստը: Բայց շուտով հասկացավ, թե ինչ պիտի անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ լինեն իր հանդեպ: Հնարամիտ տնտեսը որոշեց օգնել իր տիրոջ պարտապաններին` թեթևացնելով նրանց պարտքերը: Բոլորը շնորհակալությամբ և երախտագիտությամբ լցվեցին տնտեսի հանդեպ: Իսկ տանուտերը, իմանալով տնտեսի արածը, գովեց նրա հնարամտությունը:

 

Սբ. Գրիգոր Տաթևացին հետևյալ կերպ է մեկնաբանում այս առակը. «Աստված  արարեց երկիրը իբրև հատակ և նրա վրա ձգված  երկինքը` իբրև տանիք և հաստատեց այս ամենն ինչպես մի տուն` լցնելով այն ամենաառատ գանձերով և բարությամբ, որպես մի մեծատուն, տանուտեր: Այս մասին է ասում. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ»: Տուն է անվանվում յուրաքանչյուր մարդ, ըստ այն խոսքի, թե`դուք կենդանի Աստծո տաճար եք, իսկ սրա մեջ տնտեսը` մարդու միտքն է: «Նա մի տնտես ուներ, որի մասին ամբաստանություն եղավ»: Տնտեսի առակը յուրաքանչյուր մարդու մասին է, քանի որ տնտեսի հատկություններն ունի մարդը. տնտեսի ինչքերը իրենը չեն, այլ Տիրոջից են վստահված, այդպես էլ մարդը բնությամբ ոչինչ չունի, այլ ամեն բան, ինչ որ կա երկրի վրա, Աստծուց է տրվել նրան` թե՛ շնորհ, թե՛ արվեստ, թե՛ իշխանություն, թե՛ վարդապետություն: Տնտեսի մյուս հատկությունն է` ամեն բան իր Տիրոջ կամքի համաձայն անելը, այսպես նաև մենք  պետք է ամեն բան մեր Տիրոջ կամքով անենք, այսինքն`ինչ որ անում ենք, Տիրոջ և ո´չ թե մեր փառքի համար անենք:

 

Մյուս հատկությունն է` իր գործերում ժիր լինելը և երբեք չծուլանալը, այդպես էլ մենք պետք է մեր բոլոր գործերում արի և ժիր լինենք: Տնտեսը կերակուրը ժամանակին է պատրաստում և ամեն ժամի տալիս ծառայակիցների, այդպես էլ մենք պետք է ժամանակին պատրաստենք մեր հոգու կերակուրը: Եթե մարմնավոր տնտեսը այս չորս բանի մեջ զգույշ չլինի, Տերը կհանի նրան, այդպես նաև մենք, եթե զգույշ չլինենք մեր գործերում, Տերը մեզ կհանի մեր տնտեսությունից: Քանի՞սն են նրանք, որ ամբաստանում են տնտեսին: Թեև Աստված ծածկագետ է, քննում է սրտերն ու երիկամները և մեր չգործածներն է տեսնում, ներում է և համբերում մեղավորներին, որպեսզի դառնան իրենց մեղքերից, բայց չորս ամբաստանողներ աղաղակում են առ Աստված. առաջին` մեր պահապան հրեշտակները, եթե առանց զղջումի մնում ենք չարիքների մեջ, երկրորդ` մեր կողմից զրկանքի ենթարկվածներն ու աղքատները, երրորդ` ցերեկն ու գիշերը, չորրորդը`երկինքն ու երկիրը և բոլոր տարերքները, որոնք հանապազ վկայում և հայտնում են մեր գործերի մասին: Տերը երկար ժամանակ համբերում է, որ դառնանք մեր մեղքերից, իսկ եթե մենք, Աստծու ներելու պատճառով, առավել մնանք մեղքերի մեջ առանց զղջումի, այնժամ մեզ վրա կշարժենք Աստծո բարկությունը: «Կանչեց նրան և ասաց», երեք բաներ են մեզ կանչում դեպի մահ`ծերությունը, մեր զորության պակասումը, մեր հիվանդությունը:

 

«Այլևս տնտես լինել չես կարող», նա ով չարանում է, հեռանում է բարի գործից, քանի որ միաբանություն չկա լույսի և խավարի միջև: Քանի որ Աստված մարդուն իմաստուն է արարել, նա մտքում խորհեց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է», այսինքն`հեռացնում է այս կյանքից: «Հողի վրա աշխատել չեմ կարող», քանի որ ապաշխարելու և բարիք գործելու ժամանակ չկա: «Մուրալ ամաչում եմ», քանի որ այն մուրալու տեղ չէ, և ամոթ է,  և ասաց. «Գիտեմ, թե ի´նչ պիտի անեմ», կանչեց պարտապաններին: Այսինքն`միտքն է կանչում հոգին ու մարմինը, զղջում է մեղքերի համար և ասում է հոգուն.«Իմ Տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Նա ասում է. «Հարյուր տակառիկ ձեթ»,- և նրան ասում է`գրիր հիսուն: Սա խորհրդանշում է հոգու մեղքերի կեսի թողությունը, իսկ երբ մարմինը ասաց, թե`պարտք է հարյուր պարկ ցորեն, նրան ասաց`գրիր ութսուն: Հիրավի, երբ զղջում ենք մեր գործած մեղքերի համար, թողնվում է հոգու մեղքերի կեսը, քանի որ հոգին դյուրությամբ է մեղանչում և քիչ հեշտանում մեղքերի մեջ, իսկ մարմնի մեղքերի հինգից մեկն է թողնվում: Սակայն, եթե մարդն իր վերջին շնչում է և զղջում է, հույսով հավատում, ներում է ստանում: Վարդապետները ասում են, որ հոգու մեղքերը նման են ձեթի: Ինչպես որ ձեթը հեշտությամբ է տարածվում հագուստի վրա, այնպես նաև հոգու մեղքերն են շտապով տարածվում մարմնում, ձեթը, թափվելիս, ձայն չի հանում, հոգու մեղքն էլ մարդկանց չի երևում: Իսկ մարմնի մեղքը ցորեն է անվանում. նախ ցորենը թվով մեկը չէ, այլ բազում և անթիվ, այսպես մարմնի և զգայարանների մեղքը մեկը չեն, այլ բազում և անթիվ: Ցորենը ծանր է, մարմնի մեղքերը ավելի ծանր են, քան հոգունը: Ցորենի մեկ հատիկը բազում ճյուղեր է բերում, այսպես նաև մեկ մեղքը սովորած մարմնին շատ մեղքեր է գործել տալիս:

 

Զղջումը երեք տեղում է լինում. երբ մարդ իր գործած մեղքերի համար ապաշխարում է այս կյանքում. զղջում է, երբ մոտենում է վախճանը  և, երրորդ, երբ իրենց մեղքերի համար զղջում են վախճանվելուց հետո, սա անկատար է, այդ պատճառով էլ,եթե մեռյալները զղջան, անգամ, ներում չեն գտնի: Տերը գովեց անիրավ տնտեսին, քանի որ նա իմաստությամբ վարվեց: Մարդկանց որդիներն ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները, այսինքն` հրեշտակները: Մարդկային ազգը դարձ ունի մեղքերից, իսկ հրեշտակները` ոչ, ինչպես դևերը: Մարդիկ կարող են ապաշխարությամբ փրկվել, իսկ հրեշտակներն ապաշխարելու հնարավորություն չունեն: Մարդը մեղքերի թողություն ստանում է, իսկ հրեշտակները մեղանչելուց հետո թողություն չեն գտնում: Մենք աճում ենք առաքինությունների մեջ, իսկ նրանք չեն կարող, քանի որ մարմին չունեն: Մենք ձեռքով արարվեցինք Աստծո պատկերով, իսկ հրեշտակները` միայն խոսքով: Աստված մեր բնությամբ մարմին հագավ և ոչ հրեշտակների և եղավ մարդկային ազգի և ոչ հրեշտակների փրկիչ, այդ պատճառով է ասում`մարդիկ ավելի իմաստուն են, քան լուսո որդիները:Այսպես տնտեսի օրինակով Աստված պարզ և հայտնի դարձրեց այս բանը և գովեց մարդուն, հրեշտակներից ավելի իմաստուն անվանելով, որպեսզի մենք, ընկնելով մեղքերի մեջ, չհուսահատվենք, այլ մինչև անգամ, եթե մեր վերջին շնչում ենք, զղջանք և թողություն կստանանք Աստծուց»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 9828
2013.03.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.