Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Զգուշացե´ք, խարիզմատներ են

Զգուշացե´ք, խարիզմատներ են

Խարիզմատ շարժումն իր մեջ ներառում է մի շարք աղանդներ, որոնք կարող են որոշակիորեն տարբերվել իրենց գաղափարախոսությամբ` ընդունելով կամ չընդունելով, կամ փոփոխելով առանձին դրույթներ և տեսություններ, սակայն նրանց բոլորի գաղափարախոսական հիմքը նույնն է: Այն կոչվում է «բարգավաճման աստվածաբանություն»:

«Բարգավաճման աստվածաբանության» ուսմունքի համաձայն մարդը` ոգի ունեցող հոգի է, որն ապրում է մարմնում: Մարմինը լոկ չարիք է, աղբ ու գարշանք, և պետք է ձգտել ազատվել դրանից: Հոգին ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ, իսկ ոգին ու մարմինը գտնվում են սատանայի իշխանության ներքո և չեն կարող հաղորդակցվել Աստծո հետ (1):

«Բարգավաճման աստվածաբանությունն» ուսացանում է, որ յուրաքանչյուր ոչ քրիստոնյա սատանայի բնությունն ունի, ընդ որում «քրիստոնյա» ասելով, իհարկե, հասկանում են միայն իրենց հետևորդներին: Միայն իրենց աղանդին անդամակցող մարդը կարող է իր հոգում Աստվածային բնություն ձեռք բերել, միայն աղանդը կարող է մարդկանց ցույց տալ փրկության ճանապարհը: Աղանդին նվիրաբերվածներն ազատվում են մեղքերից և աստվածային բնություն են ձեռք բերում: Նրանք իրե´նք են իշխանություն ձեռք բերում Աստծուն ստիպելու, որ Նա փրկի իրենց:

 

Թեև «դարձի եկած» մարդու հոգին, ըստ նրանց, բոլորովին ազատվում է մեղքից, սակայն նրա ոգին ու մարմինը շարունակում են կապ պահպանել սատանայական աշխարհի հետ:
Քենեթ Հեյգինը պնդում է, որ ճշմարիտ քրիստոնյաները նրանք են, ովքեր մկրտվել են Սուրբ Հոգով: Նա չի ընդունում ավանդական Եկեղեցու մկրտությունը անվանելով այն «ջրի մկրտություն». «Հավատացյալը կարող է ջրով մկրտվել միայն արտաքնապես` վկայելու համար այն, ինչն իր հետ կատարվել է վերստին ծնվելիս: Ջրի մկրտությունը չի փրկի ձեզ: Ես դա գիտեմ: Ես մկրտվել եմ ջրով, մահացել եմ և ուղարկվել դժոխք» (2):

Նման «շրջագայությունները» հատկանշական են Հեյգինին, որոնց մասին նա պատմում է իր «Ես ուղևորվեցի դժոխք» գրքում (1989թ): Նույն գրքում նա գրում է նաև երկինքներ կատարած իր ուղևորության մասին, ուր նա իբր հասել էր Աստծո Աթոռին: Այսպիսով, նա իբր վերստին ծնունդ է ունեցել:


Ըստ «Աստծո խոսք» աղանդի, մարդկային գործունեությունը և երկրային զանազան երևույթները` հոգևոր ուժերի գործունեության հետևանքն են, հոգևոր աշխարհում կատարվող իրադարձությունների երկրային արտացոլանք: Ըստ նրանց բոլոր «ոչ քրիստոնյաները» և ամբողջ «ոչ քրիստոնեական աշխարհը» այլ բան չէ, քան այդ ուժերի ձեռքում գտնվող անկամ մի գործիք: Սակայն այդ իրավիճակը կարելի է փոխել: Համաձայն աղանդավորների պատկերացման, հոգևոր աշխարհը ղեկավարվում և գործում է համաձայն որոշակի օրենքների, որոնք իմանալով` մարդը կարող է հսկայական ուժ ձեռք բերել: Կարևորն այդ օրենքներն իմանալն է, այն ժամանակ մարդը կկարողանա դրանց օգնությամբ կառավարել բարձրագույն ուժերին: Դրանք մոգական օրենքներ են, որոնք բացահայտող յուրաքանչյուր մարդ կարող է օգտվել դրանցից: Ք. Հեյգինը գրում է. «Սկզբնական շրջանում ես բարկանում էի, երբ տեսնում էի, որ չփրկված մարդիկ հասնում են արդյունքների, իսկ իմ եկեղեցու անդամները` ոչ: Սակայն ավելի ուշ ես պայծառացա և հասկացա, թե ինչ են անում մեղավորները. նրանք համագործակցում են Աստծո այդ օրենքի` հավատի օրենքի հետ» (3):


«Դարձի գալը» (աղանդին հարելը) և մկրտության միջոցով ստացված հոգևոր պարգևները մարդուն հնարավորություն են տալիս ուժ և իշխանություն ձեռք բերել հոգևոր աշխարհում: Այդ ուժն ու իշխանությունը, իբր, քրիստոնյային անհրաժեշտ են այս աշխարհում իր ամենանվիրական ցանկություններին հասնելու համար: Իսկ դրանք նախօրոք արդեն սահմանված են աղանդի ղեկավարության կողմից: «Աստծո խոսք» աղանդի հավատքի համաձայն, քրիստոնյան պետք է ոչ միայն հոգևոր աճ ունենա, այլև բարգավաճի կյանքի բոլոր ոլորտներում: Ըստ նրանց, ճշմարիտ քրիստոնյան պետք է լինի, և չի կարող չլինել. հարուստ, առողջ, բարգավաճող և երջանիկ (այստեղից էլ գաղափարախոսության անվանումը` «բարգավաճման աստվածաբանություն»): Եթե մարդը չունի այս հատկանիշները, ապա դա իբր ակնառու ապացույցն է այն բանի, որ նա ճշմարիտ քրիստոնյա չէ, որովհետև, իրենց հավատալիքի համաձայն, բոլոր անհաջողությունների, դժբախտությունների, աղքատության և հիվանդությունների պատճառը` սատանան և նրա դևերն են: Աղանդավորները հիվանդությունների և դժբախտությունների ոչ մի ռացիոնոլ բացատրություն չեն ընդունում: Պետք է հոգևոր կապիտալ կուտակել, պետք է հոգևոր բանկում ներդրում կատարել, և այդ ժամանակ ձեզ համար տոկոսներ կկուտակվեն նաև ֆիզիկական, երկրային բանկում: «Ինչքան շատ ներդնեք աղանդի գործունեության մեջ, այնքան շատ բան կստանաք Աստծուց»,- ասում են նրանք:


«Բարգավաճման աստվածաբանության» համար հավատքը բանականության ուժն է, այսինքն`հավատալ սեփական կարողությանը, հավատալ սեփական ուժին: Օրինակ, Ֆ. Քուիմբիի հետևորդները պնդում են, որ մարդն ընդունակ է դրական ազդող ուժի (իրենց դավանանքի) միջոցով կերտել սեփական իրականությունը: Անհրաժեշտ է սեփական պատկերացումների մեջ ստեղծել առողջության ու հարստության կերպարանքը ու այնուհետև նախ շրթունքներով և ապա ապրելակերպով հաստատել այդ, որպեսզի անհասանելի կերպարանքը վերածվի հասանելի իրականության:


Ըստ «բարգավաճման աստվածաբանության» նախնական Եկեղեցու դավանած Աստված կեղծ է, այդպիսին գոյություն չունի, քանի որ Քրիստոսն Իր զորությունն ու իշխանությունն իբր բոլորովին հանձնել է «ճշմարիտ քրիստոնյաներին», և այժմ Ինքը նրանցից կախման մեջ է գտնվում: XX դ. 60-ականներին ամերիկյան արմատական բողոքականության աստվածաբանները (Դ. Բոնհոֆեր, Ու. Համիլթոն, Պ. Վան Բուրեն, Թ. Ալտիցեր, Գ. Վահանյան և այլք) հանգեցին այն եզրակացության, որ քրիստոնյաների ավանդական Աստված «մահացել է»` դառնալով լոկ որպես մշակույթի մի մաս: Նրանք զարգացրին «Աստծո մահվան» աստվածաբանությունը, ըստ որի մարդկությունն իբր մուտք է գործել «հետքրիստոնեական» դարաշրջան, երբ Աստծո մասին ավանդական պատկերացումները այլևս ավելորդ են դարձել: Ուստի, քրիստոնեության գլխավոր խնդիրն այլևս ոչ թե աստվածապաշտությունն է, այլ` գործնականում քրիստոնեական բարոյականության պատվիրաններն իրականացնելը: XX դ. երկրորդ կեսին ի հայտ են գալիս ուղղադավան քրիստոնեության հետ որևէ առնչություն չունեցող այնպիսի հասկացություններ ու տեսություններ ինչպիսիք են` «աշխարհիկ աստվածաբանություն», «անկրոն քրիստոնեություն», «աշխարհիկ քրիստոնեություն», «Աստծո մահվան» աստվածաբանություն, «քրիստոնեական աթեիզմ» և այլն: «Բարգավաճման աստվածաբանությունը» հիշյալ հայեցությունների հետ սերտ առնչություններ ունի: Այսպես, «Հավատացյալի իշխանությունը» գրքում Ք. Հեյգինը գրում է. «Մենք Քրիստոսի հետ մեկ ենք: Մենք հենց Քրիստոսն ենք: Մենք նստում ենք երկնքում` Աստծո փառքի աջ կողմում: Ամեն բան դրվել է մեր ոտքերի տակ…Համաձայն Աստծո` մեզ համար նախատեսած ծրագրի, մենք պետք է թագավորի պես կառավարենք ու թագավորենք այս կյանքում. մենք պետք է կառավարենք ու թագավորենք իրավիճակների, աղքատության, հիվանդության և այն ամենի վրա, ինչը կարող է մեզ խանգարել: Մենք թագավորում ենք, քանի որ դրա համար ունենք անհրաժեշտ իշխանությունը» (4):


«Կյանքի խոսք»-ի 1986թ. խորհրդաժողովի թեման «Դուք աստվածներ եք» կարգախոսն էր, թեև Ուլֆ Էքմանն («Կյանքի խոսք» աղանդի հիմնադիր) ավելի ուշ ասել է, թե պետք չէ տառացիորեն ընդունել այդ խոսքերը: Այդուհանդերձ, եթե ուշադիր ընթերցենք նրա գրվածքները, ապա այդ կարգախոսը կլինի «բարգավաճման աստվածաբանության» ուսմունքից բխող միակ տրամաբանական եզրահանգումը: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ուլֆ Էքմանը հայտարարել է. «Ձեր ներսում միջուկային ռումբ կա…Ինքը` Աստված է ապրում ձեզանում: Դա նշանակում է, որ ձեզ հասանելի է այն ամբողջ իշխանությունը, որն ունի Աստված, այն ամբողջ իմաստությունը, որն ունի Աստված, այն ամբողջ սերը, որն ունի Աստված» (5):


Համաձայն «բարգավաճ աստվածաբանության», դարձի գալուց հետո մարդու բնությունը սատանայականից լիովին փոխարկվում է աստվածայինի, ուստի և մարդը վերածվում է Աստծո: Եվ անգամ Ինքը` Հիսուս Քրիստոսն է կախված այն բանից, թե քրիստոնյաներն ինչպես են Իր կողմից իրենց տրված իշխանությունն օգտագործում դևերի վրա, քանի որ Ինքն, իբր, այլևս ոչնչով չի կարող օգնել Իր հետևորդներին: Նրա իշխանությունը գտնվում է ճշմարիտ Քրիստոնյաների, այսինքն` Հեյգինի ու նրա համախողների ձեռքում: Այսպես, իր տեսիլքներից մեկում, որը «բարգավաճականներն» ընդունում են որպես Սուրբ Գրքի լրացում, Հեյգինը հիշում է, թե իբր 1952թ., երբ Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվել է իրեն, չար ոգին` փոքրիկ կապիկի կերպարանքը առած, անցել է իրենց մեջտեղով` թողնելով ինչ-որ ծուխ և ծաղրական խոսքերով իրենց գրգռելով այն աստիճան, որ խուճապի մատնված Հեյգինը, հարկադրված, Հիսուսի անունով չար հոգուն հրամայում է չքվել: Այդժամ Հիսուսը նայում է նրան և իբր ասում. «Շնորհակալություն, քանի որ Ինքս չէի կարող դա անել»: Ապշահար Հեյգինը դիմում է Հիսուսին, ասելով. «…միգուցե Դու չկամեցա՞ր այդ անել», իսկ Նա իբր պատասխանում է. «Ոչ, եթե դու դա չանեիր, Ես չէի կարող անել» (4):


«Բարգավաճման աստվածաբանության» բնութագրական հաջորդ տեսությունը կոչվում է «Հիսուսը հոգևոր առումով մեռավ» (Jesus Died Spiritually, (JDS)): Այդ տեսությունը հենվում է ամերիկացի օկուլտիստ-քարոզիչ Է. Քենյոնի աշխատությունների վրա: Հեյգինը հատկապես օգտվել է Քենյոնի հետևյալ գրքերից. «Երկու տեսակ հավատ», «Հիսուսի չքնաղ անունը», «Բնորոշում» և «Ինչ տեղի ունեցավ Խաչից մինչև Աթոռ»: Համաձայն JDS-ի հոգևոր պտուղ կարող են տալ միայն հոգևոր տանջանքները և ոչ թե ֆիզիկական: Ֆիզիկական մահն, անգամ, չի կարող հեգևոր պտուղներ տալ, հետևապես ոչ ոք չի կարող որևէ մեկի փրկության համար մեռնել, անգամ Քրիստոս: Նա, իբր, Գողգոթայի վրա մահացավ սեփական մեղքերի համար, իսկ մահվան վրա Նրա ունեցած հաղթանակը լոկ «պատրանքային» էր: Համաձայն աղանդավորների Քրիստոս խաչի վրա մահացավ հոգևորապես, ձեռք բերեց սատանայի բնությունը, որից հետո ծնվեց ի վերուստ` ինչպես «քրիստոնյաներն» են ի վերուստ ծնվում` դարձի գալով և մկրտվելով: Միայն սրանից հետո է Նա ձեռք բերում աստվածային բնությունը և մարմնավորվում ինչպես Աստված: Ըստ նրանց յուրաքանչյուր քրիստոնյայի հաղթանակ հենվում է հենց սրա վրա: Երբ նրանք «ծնվում են ի վերուստ», դառնում են Աստվածներ: Երբ նրանք հասկանան դա և կյանքում սկսեն գործադրել իրենց աստվածությունը` կնվաճեն աշխարհը, իսկ երբ դա տեղի ունենա, Քրիստոսը կվերադառնա երկիր, և նրանք կհանձնեն Նրան Արքայությունը:


Քենեթ Հեյգինի «լավագույն» աշակերտներից Քենեթ Քոուփլենդը սրբապղծորեն Աստծուն անվանում է «բոլոր ժամանակների մեծագույն անհաջողակ», հռչակում է, որ «սատանան խաչի վրա հաղթել է Հիսուսին» և Քրիստոսին դժոխքում նկարագրում է որպես «հյուծված, ուժասպառ, փոքրիկ, ստորին հոգի»: Իսկ «բարգավաճման աստվածաբանության» մեկ այլ աստղ` Բենի Հինը հայտարարում է, որ «Քենեթի վրա հարձակում գործող մարդիկ հարձակում են գործում Աստծո բուն ներկայության վրա»(6):

 

Խոստովանություն

 

«Կյանքի խոսք»-ը վերցրել է “New Thought”-ից («Նոր մտածողություն» աղանդ) այն դրույթը, թե բանավոր խոսքը օժտված է հսկայական ստեղծագործական ուժով և պետք է, ընդամենը, սովորել օգտագործել այդ ուժը: Այս աղանդի հետևորդները մեծ նշանակություն են տալիս արտահայտելուն, հռչակելուն. ձեր արտասանած բանավոր խոսքը` ձեր իշխանությունն է աշխարհում: Ձեր ասած ամեն բան պետք է տեղի ունենա, և դուք ընդմիշտ կապված եք ձեր արտաբերած խոսքին: Ուստի, եթե դուք գնաք «Կյանքի խոսքի» ժողովին, ձեզ կասեն, որ հիմա կբժշկեն (ձեռք կդնեն ձեր գլխին կամ, ասենք` պիջակով կհարվածեն), և, հետևաբար, դուք չեք կարող չբժշկվել: Եթե այս ամենից հետո դուք ասեք, որ ձեզ վատ եք զգում, ապա հենց այդպես էլ կլինի ձեզ հետ` ինչպես որ դո´ւք ասացիք: Իսկ եթե ասեք, թե բժշկվել եք, ապա` բժշկված կլինեք: Այս տրամաբանությանը հետևելով` մարդն իրավունք չունի խոստավանել իր մեղքերը, հակառակ դեպքում `մեղավոր կմնա հավիտյանս: Կարելի է խոստովանել միա´յն ունեցած հաջողությունները:


Աղոթք


«Բարգավաճման աստվածաբանության» աղոթքի հայեցակարգը կապված է վերոհիշյալ համոզմունքի հետ. իբր, Աստված անազատ է ու կապված հոգևոր կանոններով, որոնք կարելի է ճանաչել և օգտագործել սեփական օգուտի համար: Համաձայն «բարգավաճման աստվածաբանության» մարդիկ գտնվում են տիեզերքի կենտրոնում, որտեղից թելեր են ձգվում «վերև» ու «ներքև»: Աղոթքն այս աղանդում հոգևոր աշխարհի կողմից մարդկանց կառավարելու բնույթ է ձեռք բերում, որի միջոցով հոգևոր աշխարհում կատարվող իրադարձությունը դրսևորվում է նաև ֆիզիկականում: Նրանք համարում են, որ բանավոր խոսքի խելամիտ օգտագործումն առավել արդյունավետ է քան աղոթքը: Արարչին հավատալու և Նրան որպես Հորը, վստահությամբ դիմելու դեպքում, խոսքը պետք է Աստծուն հարկադրի անհապաղ կատարել խնդրանքը: Այսինքն` ճիշտ խոսքը ճշտորեն արտահայտելով` մարդը հարկադրում է Աստծուն իրականացնել այն, ինչը նա խնդրում է: Այս միտքը նրանք ձևակերպում են հետևյալ կերպ. «Ասա´ այդ մասին-պահանջի´ր դա-ստացի´ր դա» (Name it-claim it-get it):


«Հոգևոր պատերազմի» գաղափարը


Համաձայն աղանդի ուսմունքի բոլոր մարդիկ հոգևոր էակներ են, հետևապես քրիստոնյաները կարող են մուտք գործել հոգևոր աշխարհ, ուր գործում են դևերը, և այնտեղ պատերազմել սատանայի բանակների դեմ: Քրիստոնյաներին է տրված կործանել սատանայի իշխանությունը ոչ միայն անհատի, այլև մի ամբողջ տարածքի վրա:


Հոգևոր պատերազմի մի հատուկ տեսակ է «Երկունքի ցավերի աղոթքը»: Այդ աղոթքն անողը պետք է ամբողջ ուժով բղավի` ոչ մի խոսք չասելով և ջանալով որքան կարելի է ավելի ուժգին և տևական աղաղակել: Ու. Էքմանն ասում է այդ աղոթքի մասին. «Երբ Սուրբ Հոգին անցնում է մարդու միջով, վերջինս ֆիզիկական ցավի նման մի ցավ է զգում, որը նման է երկունքի տանջանքներ ունեցող կնոջ զգացողությանը: Երբ Տերը մեզ այսպիսի վիճակի մեջ է դնում, մենք կարծում ենք, թե խելագարվել ենք: Մենք թավալվում ենք հատակին, անհանգիստ աղաղակում, ճչում ինչպես մորթվող խոզը: Դա անհավանականորեն հզոր աղոթք է, և սատանան ատում է այն: Նա գոչում է մեզ վրա, ասելով, որ մենք խելագար ենք ու ֆանատներ» (7):

 

 

Ինչպես զերծ մնալ հոգեորսությունից


Որպես կանոն, երբ աղանդի ներկայացուցիչները փորձում են նոր անդամներ հավաքագրել, նախ ստում և ապակողմնորոշում են դիմացինին, ասելով, որ դա նույն Հայ Առաքելական եկեղեցին է, որ ոչ մի տարբերություն չկա նրանց և ավանդական եկեղեցու հավատքի միջև, քանի որ նրանք նույնպես հավատում են Սուրբ Երրորդությանը: Այդպիսի մարդկանց պետք է տեղեկացնել, որ «Կյանքի խոսք»-ը.

1) մերժում է Եկեղեցու խորհուրդները (խոստովանությունը, ապաշխարությունը, մկրտությունը, դրոշմը, Սբ. հաղորդությունը, պսակը, ձեռնադրությունը): Օրինակ` վերամկրտում են իրենց մոտ եկած Հայ Առաքելական Եկեղեցում մկրտվածներին:
2) մերժում է Եկեղեցու նվիրապետական կարգը. որովհետև աղանդի բոլոր հովիվներն ու քարոզիչները ինքնակոչ են, ձեռնադրված չեն առաքելահաստատ եկեղեցու կողմից, այլ իրենց «կոչումն» ու «իշխանությունը» «տեսիլքով» են ստանձնում, «անմիջապես Աստծուց»:
3) մերժում է Նիկիական հավատի հանգանակը, որն ընդունել են բոլոր առաքելահաստատ եկեղեցիները 325թ.-ին Նիկիայի տիեզերական ժողովում:
4) աղանդի գաղափարախոսությունը հիմնվում է իր առաջնորդների «տեսիլքների» և «հայտնությունների» վրա, որոնք իրենք ընդունում են որպես Սբ. Գրքի լրացում, այսինքն` աղավաղում և խեղաթյուրում են քրիստոնեական վարդապետությունը:
5) Սբ. Հոգու շնորհներից առանձնացնում և հատուկ դեր է տալիս «լեզվախոսությանը»` պնդում, որ եթե քրիստոնյան չի խոսում լեզուներով, ապա Սբ. Հոգով մկրտված չէ:
6) մերժում է Մյուռոնը, որն Աստվածաշնչյան հիմք ունի ( Ծննդ. 28:18, Սղմ. 22:5, Ամովս 6:6): 7) մերժում է սրբերի բարեխոսությունը, 8) մերժում է սրբազան ավանդությունը, որը Պողոս առաքյալը պատվիրում է պահել (Բ. Տիմոթ. 1:13-14): Այսինքն, մերժում է Եկեղեցուն (8):

 

 

Խարիզմատ քարոզիչների ասույթներ

 

Ուլֆ Էքման («Կյանքի Խոսք» աղանդի հիմնադիր և նախագահ, նախկինում Շվեդիայի Լյութերական եկեղեցու հոգևոր սպասավոր)-«Շատ կարևոր է նշել ճշմարիտ Ավետարանի քարոզչության անհրաժեշտությունը, որովհետև միայն նրա միջոցով մարդը կարող է փրկություն ստանալ: Սակայն եթե բարի լուրը աղավաղվում է, և Եկեղեցին քարոզում է ինչ-որ ուրիշ բան, մարդիկ զրկվում են հոգևոր մահից ազատվելու հնարավորությունից և Աստծո համար կորսված են մնում»: (9)

 

Էսեք Քենյոն (1867-1948)-«Ինչ դավանում եմ, այն էլ ստանում եմ»:

Քենեթ Հեյգին (ծնվ. 1917թ.)-«Վերջին 45 տարիների ընթացքում չի եղել մի աղոթք, որի պատասխանն ստացած չլինեմ: Ես միշտ ստացել եմ պատասխանը, և այն միշտ դրական է եղել» (10):

 

Ա. Լեդյաև (ՌԴ-ում «Նոր սերունդ ակեղեցի» աղանդի պաստոր)-«Ով ցանկանում է բարելավել իր նյութական դրությունը, ստեղծե´ք ձեր սեփական եկեղեցին և խուզեք սեփական հոտի ոչխարներին` նրանց կաշին քերթելով թեկուզ տասը տակ» (12):

 

Վ. Իվաննիկ-(ՌԴ-ում խարիզմատ աղանդի պաստոր)-«Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը, այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով» (12):

 

Արթուր Սիմոնյան (Հայաստանում «Կյանքի խոսք» աղանդի հովիվ) -«Աստված ունի ոսկի բնավորություն» (11):

 

«Պողոսը մասնակից էր Աստծո զավակներից Ստեփանոսի սպանությանը և ուզում էր վերացնել նաև մյուս քրիստոնյաներին: Բայց օրերից մի օր նա հանդիպում է Աստծուն և ծանոթանում Նրա բնավորություններից մեկին` ներողամտությանը: Նա ապաշխարում է, որովհետև տեսնում է, որ Աստված հիշաչար չէ» (11):

«Աղոթքը խնդրվածք է» (11):

 

«Ամեն մեկս ինչ-որ կարոտություն ունենք, և Աստված շահագրգռված է իրականացնելու մեր սրտի փափագը: Շատերը կարծում են, որ տուն, մեքենա կամ նմանատիպ այլ ցանկություններ ունենալու դեպքում կարող են հեռանալ Աստծուց: Պողոս առաքյալն ասում էր. «Ոչինչ չի բաժանի մեզ Աստծուց»:» (11):

«Աստված գիտի, որ իրականացնելով քո սրտի ցանկությունը` դու ոչ թե կհեռանաս, այլ ավելի կմոտենաս Իրեն» (11):

 

«Կա ժամանակ, երբ Աստված կամենում է` մենք հանգստանանք գործերից և, ինչպես գրված է, հանդարտ ջրերի մոտ է առաջնորդում մեզ: Նա մեր Հայրն է և, ինչպես մեր երկրային ծնողները, այնպես էլ Նա, ցանկանում է լավ հանգիստ կազմակերպել Իր զավակների համար» (11):


«Կոչումը անհատական է, Աստված անհատական է խոսում քեզ հետ: Դա հետաքրքիր է» (11):

 

«…Ոչ ոք հույս չուներ, որ ես պիտանի մարդ կդառնամ, ես ինքս էլ հույս չունեի: Բայց երբ հանդիպեցի Նրան, ամեն բան փոխվեց: Մի ծերունի մոտեցավ ինձ և ասաց. «Դու մեծ մարդ կդառնաս»: Ես Մոսկվայում բիզնեսով էի զբաղվում, երբ մեկը ինձ ասաց. «Աստված քեզ համար լավ կամք ունի Հայաստանում»:» (11):

«Դուք ամեն մեկդ մեծ մարդիկ եք, և Տերը կամք ունի ձեզանից յուրաքանչյուրի համար» (11):

 

«Մենք աղոթեցինք և խնդրեցինք, որ Աստված օրհնի մեզ ֆինանսներով» (11):

«Աստծո կամքը կատարել` նշանակում է հակառակ կանգնել սատանային» (11):

 

«Ավելի լավ է ընտրված տնային խմբակի ավագ լինես, քան թե չկայացած առաքյալ»(11):

 

Մեկնաբանություններն ավելորդ են: Ով աչքեր ունի, թող տեսնի: Ով ականջ ունի, թող լսի:

 

 

կազմեց Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

 

Օգտագործված գրականության և հղումների ցանկ
1. «Կյանքի խոսք»-ը կամ` խարիզմատներ: Տեղեկագիր աղանդների ուսումնասիրության: «Անհատների և ընտանիքի պաշտպանություն» միավորում: Տես նաև Ал. Дворкин «Сектоведение: Тоталитарные секты». Изд. Братство св. Александра Невского, 2000, стр. 527.
2. Hagin K. The Name of Jesus. 1986. P.67
3. Hagin K. Having faith in your faith. 1988. P. 3-4. Տես նաև Ал. Дворкин «Сектоведение: Тоталитарные секты». Изд. Братство св. Александра Невского, 2000, стр. 528.
4. Hagin K. The Beliver’s Authority. 1990. P.16,39. Տես նաև Ал. Дворкин «Сектоведение: Тоталитарные секты». Изд. Братство св. Александра Невского, 2000, стр. 529-530.
5.  Ал. Дворкин «Сектоведение: Тоталитарные секты». Изд. Братство св. Александра Невского, 2000, стр. 527.
6. Ըստ Ջատագովական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական նյութերի «Что плохо в Движении Веры» (С-019).
7. Ըստ «Երկխոսության կենտրոն»-ի նյութերի`”Information about the World of Life Theology” С.5.
8. Տեր Եսայի քհն. Արթենյան: «Ինչո՞ւ է «Կյանքի խոսք»-ը աղանդ»: (www.holytrinity.am)
9. Ульф Экман. «Доктрины».
10. Hagin K. The Name of Jesus. 1986. P.16. Տես նաև Ал. Дворкин «Сектоведение: Тоталитарные секты». Изд. Братство св. Александра Невского, 2000, стр. 533.
11. Արթուր Սիմոնյան: «Քրիստոնյայի կյանք»:

Դիտվել է 3517
2013.03.05
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.