Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> Գլոսոլալիան փոխըմբռնման «լեզու» չէ

Գլոսոլալիան փոխըմբռնման «լեզու» չէ

Եթե ականատես լինեք կամ լսեք, թե ինչ-որ մարդիկ, իբր`Սուրբ Հոգու մկրտություն ստանալով, խոսում են լեզուներով, ինչը նրանք «գլոսոլալիա» են կոչում, ապա իմացեք, որ նրանք կա՛մ հոգեգալստականներ (պյատիդեսյատնիկներ- հիսնականներ) են կա՛մ խարիզմատներ և կամ «սրբության շարժմանը» հետևող այլ ուղղություններ: Իսկ եթե խարիզմատներին հարցնեք, թե ինչի հիման վրա են նրանք անմիտ ձայներ արձակում, ցնցվում հիստերիայի և էքստազի մեջ թավալվում գետնին, մի բան, որին ակներևորեն դեմ էր ի՛նքը`Պողոս առաքյալը, նրանք կպատասխանեն, որ Պողոսը լոկ մի մարդ է եղել, ով, ի տարբերություն Հիսուսի, կարող էր նաև սխալվել: Ուստի և` Պողոսի ավանդներին նրանք խիստ ընտրողաբար են վերաբերվում. ընդունում են միայն այն, ինչն իրենց ուսմունքի հետ է համընկնում:

 

Գլոսոլալիան (լեզվախոսությունը) իրականում կիսագիտակից հիստերիկ մռթմռթոց ու անհոդաբաշխ ձայների բացականչություն է: Լեզվախոսությունը բնորոշ է եղել դեռևս հին հեթանոս ազգերին, ոչ քրիստոնեական օկուլտ կրոններին, որոնց ծիսական ավանդույթը անդամներին մղել է հուզավառության վիճակի`նվազեցնելով բանականությամբ դատելու հնարավորությունները, անհատին դարձնելով անկառավարելի: Տարօրինակ բացականչություններով են ուղեկցվել նաև շամանական պարերը, շիվայական վանականների «տրանսցենդենտ» ցնցումները, էքստազի մեջ ընկած դերվիշների մռթմռթոցը կամ հին հունական սիբիլաների անհոդաբաշխ «մարգարեությունները»: Այդ ծեսը գործածել են նաև ոգեպաշտները (սպիրիտուալիստներ), որոնց պաշտամունքային արարողության ժամանակ նրանցից ամենահուզավառ (էկզալտիկ) անհատը, ընկել է մտահափշտակության մեջ`անկառավարելի վարքին զուգահեռելով անհոդաբաշխ ձայնարկությունները:

 

Քրիստոնեության դարձի եկած հեթանոսները գլոսոլալիան ներմուծեցին վաղ քրիստոնեական համայնքներ: Սրա դեմ բացահայտ պայքար էր մղում Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 14.1-40): Լեզվախոսությունը կիրառվում էր նաև 2-րդ դարում առաջացած մոնտանական աղանդում: Եկեղեցու պատմությունը մոնտանականությունից հետո այլևս նմանատիպ աղանդի չի հիշում մինչև 17-րդ դարը, որից հետո առ այսօր մոնտանական աղանդի նման մի շարք աղանդներ են հանդես եկել Շոտլանդիայում, Անգլիայում: Իսկ 19-րդ դարի վերջին ամերիկյան մայրցամաքում հոգեգալստական կամ պենտեկոստեական աղանդը առաջ բերեց մի նոր ճյուղավորում`խարիզմատիկ շարժումը, որի հետևորդներն էլ իրենց հերթին բաժանվեցին տարատեսակ աղանդների: Նմանատիպ աղանդներում անսովոր լեզվախոսությամբ առաջինը սկսել են խոսել կանայք, քանի որ իգական սեռը կենսաբանական տեսակետից ավելի զգայուն է, էկզալտիկ, քան արական սեռը: Միասնական քրիստոնեական ավանդությունից դուրս մնալով`նրանք վերադարձան կռապաշտության տարրերին և հոգեկան էքստազն ու զանգվածային հիստերիան ընդունեցին որպես իրենց մեջ Սուրբ Հոգու ներկայության նշան: Խարիզմատները պնդում են, որ Սուրբ Հոգու մկրտությանը պիտի հետևի «լեզվախոսության շնորհը», որով իրենք իրենց համարում են ընտրյալ, ում վրա իբր իջել է Սուրբ Հոգին: Համաձայն մասնագետների, այդ արարողությունը հաճախ հանգեցնում է հավատացյալի հոգեկան խանգարման:

 

Խարիզմատներին կարելի է հիշեցնել հեթանոսների գլոսոլալիայի մասին և տալ երկու հարց. նախ, թե ինչպե՞ս կարող էր Սուրբ Հոգին Իրեն հայտնել հեթանոսական հակաքրիստոնեական պաշտամունքներում, և երկրորդ. ի՞նչ կարիք կար, որ Քրիստոսն ինքնազոհաբերվեր, եթե Սուրբ Հոգով փրկվելու կարելի էր հասնել նաև, ասենք, հին հույների կրոնի կամ շամանիզմի միջոցով: Իսկ եթե նրանք վկայակոչեն այն փաստը, թե առաքյալները լեզուներով խոսելը Պենտեկոստեի օրը (Գործք Առաքելոց 2.4-11), ապա հեշտությամբ կարելի է բացատրել, թե որտեղ է իրենց սխալը: Առաքյալները, այլ լեզուներ չիմանալով, Ավետարանն այնպես են քարոզել, որ տարբեր ժողովուրդների զավակները հասկանան իրենց, և ոչ թե իրենց հետ միևնույն լեզվով խոսող մարդկանց անհասկանալի, անհոդաբաշխ ձայներ քրթմնջալով են դիմել: Թերևս նեոհիսնականների արդի գլոսոլալիայի դատարկաբանությունը բացահայտող ամենազորեղ վկայությունն այն է, որ «լեզուներով խոսող» օտարերկրյա քարոզիչները մեր երկրում իրենց հավատակիցների հետ հաղորդակցվում են թարգմանիչների, և ոչ թե`«ի վերուստ իրենց տրված» լեզուներով: Սուրբ Հոգին`Ճշմարտության Հոգին, փոխհասկացողության շնորհ է պարգևում, իսկ անհոդաբաշխ ու անհասկանալի ձայների բացականչությունը ոչ թե շնորհ է, այլ Աստծո պատիժ…
 

Սկզբնաղբյուրներ`«Կյանքի խոսք»-ը կամ`խարիզմատներ, «Տեղեկագիր աղանդների ուսումնասիրության», Երևան, 2002թ.; Ս. Մայիլյան, «Ժամանակակից աղանդները Հայաստանում», Սբ. Էջմիածին, 2000 թ.

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 8993
2013.03.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.